Սողացող կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզ. խաղաղության ի՞նչ մոդել է արտահանում Հայաստանը
© Sputnik / Aram NersesyanԱրարատ Միրզոյան

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է 2026թ–ի գարնանը Հայաստանում նախանշված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին` համոզմունք հայտնելով, որ Ալիևն ու Էրդողանը Հայաստան չեն գա։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ իշխանությունն ինքն իրեն համոզում է, թե շատ մոտ է խաղաղությանը, մինչդեռ հալվա ասելով բերանները չի քաղցրանում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությանը։
Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային երկրորդ համաժողովի իր ելույթում Միրզոյանն ասել էր, թե Հայաստան–Ադրբեջան խաղաղության մոդելը կարող է «արտահանվել» հակամարտության մեջ գտնվող այլ տարածաշրջաններ, օրինակ՝ Ուկրաինա, Մերձավոր Արևելք և այլն։
Արձագանքելով ԱԳ նախարարի հայտարարությանը` Սուրենյանցը փաստում է, որ հայ–ադրբեջանական խաղաղության մոդել գոյություն չունի։ Վերլուծաբանը նախ արձանագրում է, որ երկու երկրների միջև ստորագրվել է դելիմիտացիայի և դեմարկացիայի արձանագրություն, որից հետո կիրառական որևէ բան չի արվել։ Իսկ խաղաղության պայմանագրի մասով կա ընդամենը համաձայնեցված տեքստ, իսկ այդպիսի փաստաթղթերի օրինակներ միջազգային պրակտիկայում բազմաթիվ են, որոնք այդպես էլ խաղաղության չեն հանգեցրել։
«Հայաստանի խաղաղության մոդելը սողացող կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզ է, որտեղ Հայաստանը, ուժային դիսբալանսի պայմաններում, տրված է Ադրբեջանի պարտադրանքին։ Սրա ի՞նչը կամ ո՞վ պիտի որդեգրի»,– հռետորական հարցադրում է անում վերլուծաբանը` հավելելով, որ պատերազմում պարտություն կրած երկրները չպիտի օգտվեն հայկական մոդելից, և բանակցելիս էլ անպայման պետք է հաշվի առնեն այնպիսի կարևոր հանգամանքներ, ինչպիսիք են դաշնակից երկրի հետ հարաբերությունները չփչացնելը և ագրեսիվ կողմի ախորժակը զսպող միջնորդների ներգրավումը բանակցային պրոցեսին։
Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի հիշատակած «արտաքին միջամտությանը կամ աջակցությանը», Սուրենյանցն արձանագրում է, որ հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացի ներկա փուլում միջնորդներ ընդհանրապես չկան։
«Հայ–ադրբեջանական կարգավորման ուսանելի մոդել գոյություն ուներ մինչև 44–օրյա պատերազմը, երբ կար եռանախագահություն (ԵԱՀԿ ՄԽ), որին լավ կամ վատ հաջողվում էր պատերազմը կանխել, կարգավորման ինչ–որ տարբերակների շուրջ բանակցություններ կազմակերպել և այլն»,– նշում է մեր զրուցակիցը։
Անդրադառնալով 2026թ–ին գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությանը, որին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տվել էր «ոչ դաշնակցային որոշում ՌԴ-ի նկատմամբ» որակումը, Սուրենյանցը նշեց, որ դա ևս վկայում է, որ Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերությունները կառուցում է ի հաշիվ հայ–ռուսական հարաբերությունների։ Երկրորդ խնդիրը, ըստ նրա, այն է, որ Հայաստանն այս գագաթաժողովով որևէ արտաքին քաղաքական խնդիր չի լուծում։ Այն պարզապես ծառայեցվելու է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին։
«Մեծ է հավանականությունը, որ այդ գագաթնաժողովում մենք կլսենք ոչ թե Հայաստան–Եվրոպա արդյունավետ համագործակցության մասին ինչ–որ կարևոր մեսիջներ, այլ կուտակված հակառուսականություն` էլեկտորալ նպատակներով։ Իմ կարծիքով հենց սա է Մոսկվայի անհանգստության պատճառը»,– նշում է Սուրենյանցը` միաժամանակ խորհուրդ տալով 2026-ին նախանշված գագաթնաժողովին շատ մեծ նշանակություն չտալ։ Հատկապես որ արագ փոփոխվող աշխարհում դժվար է կանխատեսել, թե մեկ տարվա ընթացքում աշխարհաքաղաքական ինչպիսի տեղաշարժեր տեղի կունենան, և ընդհանրապես գագաթնաժողովը տեղի կունենա, թե ոչ։
Եթե այն այնուամենայնիվ անցկացվի, Հայաստանը պարտավոր է լինելու հրավիրել նաև Ադրբեջանին ու Թուրքիային։ Այլ հարց է, թե այդ երկրների ղեկավարները կընդունեն արդյոք պաշտոնական Երևանի հրավերը։
Սուրենյանցի համոզմամբ` եթե նույնիսկ մինչ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Ալիևը Հայաստան չի գա։ Հնարավոր է՝ ժամանի մեկ այլ պաշտոնյա։ Էրդողանի մասնակցությունը վերլուծաբանը ևս խիստ անհավանական է համարում։
«Թերևս Փաշինյանի կբավարարվի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու` Ադրբեջանի թույլտվությամբ։ Հատկապես որ իրեն ավելի շատ հետաքրքրում է բուն միջոցառման անցկացման փաստը և ոչ թե բովանդակությունը։ Կրկնեմ` սա դարձնելու է նախընտրական արշավ, եվրաինտեգրման գաղափարն է վաճառելու հայ ժողովրդի վրա, էլի խոսելու է արտաքին թշնամիներից` ակնարկելով Ռուսաստանին։ Իրեն դա է անհրաժեշտ, որովհետև իրենց էլեկտորատի միջուկը` իրենց իսկ տոքսիկ քարոզչության հետևանքով հակառուսական շերտերն են, և իրենք փորձելու են դա կապիտալիզացնել նաև այս գագաթաժողովն անցկացնելով»,– կարծիք է հայտնում Սուրեն Սուրենյանցը։
Հիշեցնենք`Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնության մասին առաջինը հայտնեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Երևանում ՌՀՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ` հատուկ հիշեցնելով, որ ԵԱՀԿ անդամների բարձրաստիճան այդ ձևաչափը հատուկ ստեղծվել էր Ռուսաստանին ու Բելառուսին մեկուսացնելու համար։
Ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել էր, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ բանակցությունների ժամանակ հնչեցրել է այդ առիթով իր գնահատականը` հույս հայտնելով, որ այն կընդունվի հարգանքով, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում գործընկերների և դաշնակիցների գործողություններին՝ ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում։