Գաբրիելյանը և Թունյանը խնդիր են տեսնում Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցում
© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավորները Հովիկ Աղազարյանին համարում են խիզախ, համարձակ, ուղղախոս և բաց մարդ։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գալբրիելյանը և Բաբկեն Թունյանը խնդիր են տեսնում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու, այնուհետև քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունների մեջ։
Նշենք, որ դեռ մարտի 26-ից քննարկվում է նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Մարտի 12-ին գլխավոր դատախազն Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիր է ներկայացրել։
Վիլեն Գաբրիելյանը իր ելույթում Աղազարյանին անվանեց խիզախ և համարձակ մարդ, բայց միևնույն ժամանակ ընդգծեց` ՔՊ–ում միշտ միակն ու առաջինը չի եղել։
«Ես խորապես համոզված եմ, որ հիմա մենք կողմ քվեարկենք, այս միջնորդությունը գնալու է դատարան, հետո այնտեղ գործերը վերաորակավորվելու են ու ծանրացնող հանգամանքներից (առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելը – խմբ.) հոդվածները փոփոխվելու են։ Կպարզվի, որ նույնիսկ եթե կաշառք է վերցրել, դա առանձնապես խոշոր չափի չէ, այլ ուղղակի խոշոր չափի է։ Ներկայացվող մեղադրանքներով ես խնդիր ունեմ կողմ քվեարկելու և թույլատրելու, որ Հովիկ Աղազարյանի գործը տարվի դատարան, վերջում էլ ուրիշ բան պարզվի»,– նշեց Գաբրիելյանը։
Նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից նաև հետաքրքրվեց, թե ներկայացված փաստական տվյալների համադրության և արդարադատության չափորոշչի կոնտեքստում ծանրացնող հանգամանքներով հոդվածները որքանով են համաչափ և արդար։
ՔՊ–ական Բաբկեն Թունյանն էլ շեշտեց, որ իր համար «շատ տհաճ և անդուր պրոցես է»։ Հիշեցրեց, որ Հովիկ Աղազարյանի հետ 6 տարի կողք–կողքի են նստել, խորհուրդներով են փոխանակվել, բազում փորձությունների միջով անցել, բազում դեպքերում էլ միասին պատասխանատվություն վերցրել և այլն։ Թունյանը շեշտեց, որ ինքը միշտ Աղազարյանին համարել է ուղղախոս և բաց մարդ։
«Ի տարբերություն մեզնից շատերի, պարոն Աղազարյանը բնավորության մի գիծ ունի` բոլորի նամակներին, զանգերին պատասխանում է` անկախ այն բանից, որ կարող է անծանոթ համարներ լինեն։ Այս 6 տարում ես համոզվել եմ, որ նա միշտ փորձում է բոլորին օգտակար լինել։ Երևի այդ վերաբերմունքի պատճառով է երբեմն նման իրավիճակներում հայտնվում»,– ասաց Թունյանը։
Նա նաև ընդգծեց, որ ինչպես Վիլեն Գաբրիելյանի, այնպես էլ իր համար, բազում խնդիրներ կան այս գործում ու քննարկումների ընթացքում դրանք ոչ թե փարատվել են, այլ ավելացել։
Հիշեցնենք, որ պատգամավորը 2024 թ. դեկտեմբերի 3-ին հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։
Հավելենք, որ մարտի 26-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եկել է Ազգային ժողով` նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը ներկայացնելու։
Քրեական գործի առաջին դրվագում նշվում է, որ Հովիկ Աղազարյանը կեղծ փաստաթղթերով և կաշառքի դիմաց մի քաղաքացու խոստացել է գյուղատնտեսական նշանակության կենդանիների արտահանում կազմակերպել, իսկ 2–րդ դրվագով, ըստ դատախազի, Աջափնյակում գտնվող թիվ 136 հիմական դպրոցի` վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու և փոխարենը հողատարածքի մի մասի վրա բազմաբնակարան շենք կառուցելու համար Աղազարյանը ոմն Արամ Մկրտչյանից պահանջել է 23 հազար դոլար և 300 հազար դրամ կաշառք։