«Կամուրջ» նախաձեռնությունը ցանկանում է խողովակ դառնալ ՀՀ–ի, սփյուռքի և ՌԴ–ի միջև
12:54 22.03.2025 (Թարմացված է: 13:33 22.03.2025)
© Sputnik / Andranik Ghazaryan«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրներ Արման Աբովյանը և Լուիզա Սարգսյանը

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրներ Արման Աբովյանը և Լուիզա Սարգսյանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Նորաստեղծ նախաձեռնությունը երիտասարդ դեսպաններ է ունենալու ՀՀ սահմաններից դուրս` ԱՊՀ երկրներում, սփյուռքում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի, սփյուռքի և դաշնակից երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կապերը կտրվել են, կամուրջները` այրվել, «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը դրանք վերականգնելու, ինչպես նաև նորերը կառուցելու նպատակ ունի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին հայտարարեց նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
«Այս նախաձեռնությունն ունի մեկ նպատակ` ստեղծել կամուրջներ բոլորի միջև։ Հայաստանն ու սփյուռքն առանց չափազանցության այժմ շատ կարևոր փուլում են, որտեղ որոշվում է` մենք կլինենք, թե ոչ»,– ասաց նա։
© Sputnik / Andranik GhazaryanԱրման Աբովյան

Արման Աբովյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Աբովյանի խոսքով` իրենք շատ քննարկումներ են ունեցել և տարանջատել են 3 հիմնական ուղղություն։
«Առաջինը հայ–ռուսական հարաբերություններն են։ Մենք Ռուսաստանին բազմաթիվ հարցեր ունենք, բայց հավատացնում եմ, հենց ՌԴ–ն, մասնավորապես եվրասիական վեկտորն էլ մեզ հարցեր ունեն։ Ցավոք, դրանք շահարկման առարկա են դառնում, բայց կամուրջներ չկան, որպեսզի մեզ համար ճիշտ լուծումներ գտնվեն։ Երկրորդը` ներհայկական համերաշխությունն ու ներդաշնակությունն է, առանց որի հնարավոր չի լինի արագ և արդյունավետ արձագանքել մի շարք մարտահրավերների։ Երրորդ ուղղությունն էլ սփյուռքն է, որի հետ բազմաթիվ կամուրջներ այրվել են, ու պետք է դրանք վերականգնել, նորերը կառուցել»,– ասաց քաղաքական վերլուծաբանը։
Նա ընդգծեց` քաղաքական, կուսակցական նպատակներով առաջնորդվելով ոչինչ չի փոխվի. փորձը դա ցույց է տվել։
Աբովյանն անդրադարձավ հարցին, թե Գագիկ Ծառուկյանն ինչ կապ ունի այս նախաձեռնության հետ` հաշվի առնելով, որ քաղաքական վերլուծաբանն ասոցացվում է գործարարի հետ։
«Պարոն Ծառուկյանը եղել է, կա և կլինի իմ քաղաքական ղեկավարն ու ավագ ընկերը, բայց «Կամուրջը», այնուամենայնիվ, ապակուսակցական, վերքաղաքական կառույց է, որը զրո առնչություն ունի որևէ քաղաքական ուժի հետ»,– ասաց քաղաքական գործիչը։
Նախաձեռնության համահիմնադիր Լուիզա Սարգսյանը, խոսելով ներպետական համերաշխությունից, ընդգծեց, որ առաջնային նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ կվերանա ատելության խոսքը, տոքսիկ մթնոլորտը, և մարդիկ կսկսեն զրուցել միմյանց հետ։ Սարգսյանը նշեց` այսօր երիտասարդներին է պետք ճիշտ ուղղորդել, որպեսզի նրանք էլ դառնան առավել սրտացավ ու սկսեն հետաքրքրվել իրենց շուրջը տեղի ունեցող իրադարձություններով։
© Sputnik / Andranik GhazaryanԼուիզա Սարգսյան

Լուիզա Սարգսյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Համահիմնադիր, «Հայաստանի երիտասարդական կենտրոն» հարթակի ղեկավար Ռաֆայել Հունանյանն էլ ասաց` առաջիկայում Հայրենական մեծ պատերազմի 80-ամյա հոբելյանին նվիրված նախաձեռնություններ են իրականացնելու։
«Մենք չենք կարող միայն Հայաստանում ծրագրեր իրականացնել ու հաջողությունների հասնել։ «Կամուրջ» նախաձեռնությունը երիտասարդ դեսպաններ է ունենալու ՀՀ սահմաններից դուրս` ԱՊՀ երկրներում, սփյուռքում։ Նրանք լինելու են հայ երիտասարդներ, որոնք ուսման համար կամ այլ պատճառով իրենց հայրենիքում չեն։ Փորձելու ենք ներգրավել այնպիսի մասնագետներ, որոնք երկար տարիներ իրենց ներդրումն են ունենում արտերկրում, բայց պատրաստակամ են իրենց ներուժն օգտագործել Հայաստանի բարօրության համար»,– նշեց Հունանյանը։
Նա ընդգծեց` իրականացվող բոլոր ծրագրերը լինելու են հետաքրքիր, բովանդակալից և ուսուցողական, որպեսզի այն երիտասարդները, որոնք կտրվել են իրականությունից, վերհիշեն կամ սովորեն իրենց սեփական պատմությունը։
© Sputnik / Andranik GhazaryanՌաֆայել Հունանյան

Ռաֆայել Հունանյան
© Sputnik / Andranik Ghazaryan