«Արտավազդը» պետք է դառնա միջազգային մրցանակաբաշխություն. այն այս տարի կանցկացվի Կապանում
16:38 19.03.2025 (Թարմացված է: 17:06 19.03.2025)
© Photo : official site of MESCS of RA «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը. Արխիվային լուսանկար
© Photo : official site of MESCS of RA
Բաժանորդագրվել
Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը տեսնում է ներուժ, որ մրցանակաբաշխության շնորհիվ մարզը և Կապանը մշակութային կենտրոն դառնան։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Սյունիքի մարզը և Կապան քաղաքը մոտ 10 օր կշնչեն «արտավազդյան» միջոցառմամբ և կապրեն թատերական թոհուբոհի մեջ։ «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա Կապանում։
Նշենք, որ «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությանը մարտի 20-26-ը կնախորդի Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, կանցկացվի փառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությունը։ Միջոցառումները նվիրված են Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյակին։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ասուլիսին նշեց, որ երբեք չի հաջողվել «Արտավազդ» մրցանակաբաշխությունն անցկացնել ՀՀ որևէ մարզում, ինչն առաջին հերթին ֆինանսի հետ է կապված եղել։ Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի հետ զրույցներից և քննարկումներից հետո, հանդիպել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ, որոնք էլ որոշել են դառնալ միջոցառման հովանավոր։
«Սա շատ կարևոր քայլ է, որ Կապանում է իրականացվելու մրցանակաբաշխությունը, կարծում եմ`Տիգրանն ու մարզային իշխանություններն ամեն ինչ կանեն, որ այն հաջողի։ Ես էլ իմ հերթին խոստանում եմ ամեն ինչ անել, որ «Արտավազդը» միջազգային թատերական մրցանակաբաշխություն դառնա, դրա համար բոլոր նախադրյալները կան»,– նշեց Ղազանչյանը։
Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը շեշտեց, որ հայկական թատերական կյանքը կարիք ունի ավելի մեծ տարածում գտնելու մարզերում։ Նրա խոսքով` մրցանակաբաշխությունը նաև լավ առիթ է Կապանի թատրոնի 90-ամյակը տոնելու համար։
Միջոցառման հովանավոր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանն էլ ընդգծեց, որ իրենք աջակցում են մի գործի, որը հաջողություն կբերի մարզին, Կապան քաղաքին։
«Կցանկանամ, որ Սյունիքի մարզը և Կապանը աշխարհաքաղաքական, անվտանգային թեմաներից դուրս, մոտ 10 օր էլ բարի ու մշակութային տարբերակով հայտնվի լրատվական դաշտում»,– նշեց Մարգարյանը։
ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանն էլ ընդգծեց` մշակութային ոլորտի զարգացման համար կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ունեն։ Ընդգծեց` տեսնում են այն ներուժը, որ մարզը կարող է մշակութային կենտրոն դառնալ։ Այս փառատոնն էլ հենց դրա մասին է։
Սյունիքի փոխմարզպետի խոսքով` ակնկալում են, որ մրցանակաբաշխությանը, ինչպես նաև դրան նախորդող Կապանի կամերային ներկայացումների փառատոնին բազմաթիվ հյուրեր կունենան, բայց կարծում է, որ հյուրանոցներն ու հյուրատները բավարար չեն նման մասշտաբի միջոցառումները շարունակաբար ընդունելու համար։ Նա նշեց, որ այսօր Կապանում այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ու նոր հյուրանոցներ են կառուցվում, բնակչությունն էլ հյուրատնային տնտեսություններ է ավելացնում։
Փառատոնը կբացի Կապանի դրամատիկական թատրոնը։ «Այդ օրը պրեմիերա է լինելու, այնուհետև իրենց ներկայացումներով հանդես կգան նաև «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, Գյումրու Վ. Աճեմյանի դրամատիկական թատրոնը, Երևանի պետական կամերային թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը, իսկ եզրափակելու է Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնը»,– ասաց թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։
Հակոբ Ղազանչյանն էլ, խոսելով թատրոնների ընտրության մասին` ընդգծեց, որ ուղղակի այդ ընթացքում հենց այդ թատրոնների դերասանները կարող են գալ և ներկայացումներով հանդես գալ։
Մրցանակաբաշխության և փառատոնի իրականացման համար ԶՊՄԿ–ն 30 մլն դրամ է տրամադրել։
Հիշեցնենք, որ նախորդ տարի 23-րդ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված էր Արմեն Ջիգարխանյանի հիշատակին։