Սա կարևոր իրադարձություն է. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման մասին
19:00 13.03.2025 (Թարմացված է: 19:15 13.03.2025)
© Photo : Screenshot / Նիկոլ Փաշինյան

© Photo : Screenshot /
Բաժանորդագրվել
Փաշինյանը մանրամասներ է հայտնել, թե ինչպես է հնարավոր եղել համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի մնացած կետերի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևոր իրադարձություն է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանն ու Բաքուն ավարտել են բանակցությունները խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը։ Դրանք վերաբերում էին սահմանամերձ տարածքներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության, – խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատարաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։
«Երկու դրույթների հետ կապված (սահմանի երկայնքով օտար պետությունների ներկայացուցիչների` դիտորդներ, զինված ուժեր, միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ վերցնել) մենք ենք առաջարկ անում, ադրբեջանական կողմն է առաջարկ անում և, ըստ էության, այդ դրույթները ոչ մեծ, սակայն էվոլյուցիա են ապրել։ Այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ մեզ չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել, և, ըստ էության, այո՛, այս հանգամանքներում ընդունելի է ՀՀ–ի համար»,– ասաց նա։
Հարցին, թե արդյոք հանրությունը մինչև պայմանագրի ստորագրումը հնարավորություն կունենա տեքստին ծանոթանալու, Փաշինյանը նշեց, որ տեքստի հրապարակման հետ կապված պրակտիկաներին պետք է նայել։
«Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք. առանձին հոդված–հոդված, այսպես թե այնպես հրապարակվել է։ Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը պայմանագրի տեքստին ծանոթ չէ։ Վերջին 4 տարիներին դրույթ առ դրույթ հայտնի է դարձել»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` այս փուլում Հայաստանը չպետք է միակողմանի ձևակերպումներ ու հատարարություններ անի, քանի որ եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը գտել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, ՀՀ–ն էլ իր հերթին որոշել է, որ այս տեքստը նաև իրեն է ձեռնտու։
Նա հավելեց,որ խաղաղության պայմանագրի դրույթները կիրականացվեն փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին` Փաշինյանը նշեց, որ ԵՄ դիտորդների մասին ոչ մի բառ, խոսք չկա։
«Խաղաղության համաձայնագրում կա 3–րդ երկրների ուժերի տեղակայման մասին։ Սա նշանակում է, որ խախաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը 3–րդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն` սրանից բխող բոլոր հետևանքներով»,–ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։
Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։