Տրավմաներ, անարդյունավետ ծրագրեր. ի՞նչն է խանգարում արցախցիներին աշխատանք գտնել ՀՀ–ում
14:12 25.02.2025 (Թարմացված է: 15:10 25.02.2025)
© Sputnik / Asatur YesayantsЯрмарка вакансий Artsakh Career Expo

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Կարիքների խորը վերլուծություն չի իրականացվում, հատվածական միջոցառումներում էլ կարիքավորների միայն մի փոքր մասն է ընդգրկվում:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Արցախցի տեղահանվածների, մասնավորապես զբաղվածության ոլորտում խնդիրների լուծման համակարգային մոտեցման բացակայությունը ստիպում է նրանց լքել Հայաստանը։ «Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար․ առաջիկա հնարավորություններ» քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայկական բարեգործական ընդհանուր միության գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը։
© Photo : AGBUՀայկական բարեգործական ընդհանուր միության գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյան

Հայկական բարեգործական ընդհանուր միության գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյան
© Photo : AGBU
Նրա խոսքով` արցախցիների խնդիրները բազմաթիվ են և համալիր, ուստի կազմակերպությունը կենտրոնացել է նրանց ֆինանսական կայունության ապահովման վրա։ Սակայն այս գործընթացում հսկայական անջրպետներ կան պետության և հասարակության միջև։ Մասնավորապես, պետական ծրագրերում հաշվի չեն առնվում տեղահանվածների իրական կարիքները, իսկ դրանց ընդգրկումը ծայրահեղ սահմանափակ է մնում:
Սա առաջին հերթին վերաբերում է մարդկանց իրական կարիքների խորքային գնահատմանը։ Պետական բազմաթիվ ծրագրեր հաճախ չեն կարողանում լուծել առկա խնդիրները կամ ներգրավում են միայն փոքր թվով մարդկանց:
«Տրավման և արհավիրքի մասշտաբն այնքան մեծ է, որ ես չեմ պատկերացնում էդպիսի ֆրագմենտալ լուծումներով ինչպես կարող ենք արձագանքել։ Մարդիկ ուղղակի լքում են Հայաստանը, իրենց հայրենիքը, որը պետք է ընդունող օջախը լիներ, իրենց բացարձակ կոմֆորտի գոտին լիներ», – ընդգծեց Մխիթարյանը։
Նա նշեց, որ իրավիճակը կարող էր բարելավել ՀԿ–ների, պետության և կամավորների փոխգործակցությունը, բայց համակարգային մոտեցում չկա, ուստի միությունը ստիպված է խնդիրների մի մասն ինքնուրույն լուծել։
Հիմնական դժվարություններից մեկը ոչ միայն աշխատանք գտնելն է, այլև աշխատանք գտնելու` մարդկանց հոգեբանական պատրաստվածությունը։
«Նույնիսկ այն փուլում, երբ դու տվել ես իրենց մասնագիտացում, վերապատրաստում, մարդիկ միշտ չէ, որ պատրաստ են աշխատանքի դուրս գալ։ Կարծում եմ` դա վարքաբանական խնդիր է ու տրավմայի խնդիր է։ Հույս ունեմ` հետագայում նաև հետազոտություններ կանենք դրա վերաբերյալ, սակայն արդեն այսօր պարզ է, որ մարդիկ դեռ պատրաստ չեն դրան, իրենց պետք է դուրս հանել այն վիճակից, երբ իրենք հեռանկար չեն տեսնում», – պարզաբանեց Մխիթարյանը։
Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանն իր հերթին նշեց, որ բռնի տեղահանումից հետո գրեթե մեկուկես տարի անց առանցքային խնդիրները մնում են չլուծված, միայն դրանց կենտրոնացումն է որոշակիորեն փոխվել։
© Sputnik / David GalstyanՀայկուհի Գևորգյան

Հայկուհի Գևորգյան
© Sputnik / David Galstyan
Եթե առաջնային շրջանում հումանիտար օգնության կարիք կար, մարդկանց առաջնային օժանդակության անհրաժեշտությունն էր, ապա այսօր ավելի շուտ կայուն զարգացման խնդիրններն են մնացել, կրթությունը և զբաղվածությունը։
Տեղահանվածների հիմնական խնդիրների թվում Գևորգյանն առանձնացրեց աշխատաշուկայում մրցունակությունը, բնակապահովումը, ենթակառուցվածքների բացակայությունը, տնտեսական զարգացումները, որոնք համայնքին հնարավորություն կտան կայուն լինել ՀՀ–ում։
Գևորգյանը պարզաբանեց, որ «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագիրն ուղղված է բռնի տեղահանվածների տնտեսական ակտիվության բարձրացմանը։ Նախաձեռնության շրջանակներում աշխատել են 1000-ից ավել արցախցիների հետ՝ հիմնականում Երևանից և հարակից մարզերից։ Կատարվել է նրանց մասնագիտական հմտությունների վերլուծություն՝ օգնելու նրանց հարմարվել Հայաստանի աշխատաշուկայի պահանջներին:
«Նրանք միշտ ասում են. «Մենք ամեն ինչ կարող ենք»։ Եվ իսկապես, արցախցիներն ամեն ինչ կարող են։ Բայց հարցն այն է, թե որքանով են նրանց հմտությունները համապատասխանում հայկական աշխատաշուկային, որը խիստ տարբերվում է արցախյանից», – նշեց նա։
Գևորգյանի խոսքով` ծրագրի շրջանակներում մասնագիտական դասընթացներ և վերապատրաստումներ են անցել 840 հոգի, որոնցից առնվազն 322-ն արդեն աշխատանք են գտել տարբեր ոլորտներում։
Ծրագրի մասնակիցներից մեկը` Արմինե Հայրիյանը խոստովանեց, որ բռնի տեղահանումից հետո նոր պայմաններին հարմարվելն ու աշխատանք գտնելը դժվար է եղել։ Հատկապես դժվար է դա միջին և մեծ տարիքի մարդկանց համար, որոնք արդեն հասցրել են կարիերա կառուցել և հաջողությունների հասնել իրենց ոլորտում։
© Sputnik / David GalstyanԱրմինե Հայրիյան

Արմինե Հայրիյան
© Sputnik / David Galstyan
«Որոշակի տարիքում աշխատանքային փորձ ունեցող մարդկանց համար ամենադժվարն էր, քանի որ փոքր միջավայրից միանգամից հայտնվեցինք մի միջավայրում, որտեղ քեզ դեռ պետք է ճանաչեն, կայանաս, ինչու չէ նաև նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերես, որպեսզի կարողանաս մտնել նաև աշխատաշուկա։ Կարծում եմ` այդ առումով բոլորի խնդիրները նույնն են», – ասաց նա։
Մասնագիտությամբ լեզվաբան Հայրիյանը երկար տարիներ աշխատել է որպես լրագրող։ Հայաստանում որոշել է մարկետինգ ուսումնասիրել և հեռավար աշխատանք գտնել, որպեսզի կարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։
Սակայն արցախցիներից շատերը, ըստ նրա, դեռ ընտրության առաջ են՝ մնա՞լ Հայաստանում, թե՞ հեռանալ։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանում զբաղվածության խնդիրը լուծել է 21561 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 16908-ը աշխատանքի են տեղավորվել 2024 թվականին։ Ինչպես Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՊԵԿ-ից, մասնավոր հատվածում զբաղված է 18712 արցախցի, իսկ պետական կառույցներում աշխատում են 3134–ը։