Շրջափակումը վերապրած «Լյալեչկան և Վովկան» 80 տարի անց հիշում են երևանյան «լույսի շողը»
20:45 23.02.2025 (Թարմացված է: 22:44 23.02.2025)
© Photo : provided by Yekaterina Dodzina, Andrey RadinԱլլա Տրիֆոնովա Ալեքսանդրովնան և Վլադիմիր Սմոտկին Մոիսեևիչը

Ալլա Տրիֆոնովա Ալեքսանդրովնան և Վլադիմիր Սմոտկին Մոիսեևիչը
© Photo : provided by Yekaterina Dodzina, Andrey Radin
Բաժանորդագրվել
Պաշարված Լենինգրադից Հայաստան տարհանված երեխաների խմբերից մեկը տեղակայվել էր Երևանի կենտրոնում։ Նրանցից 2–ը դեռ ողջ են։ Պատերազմից հետո նրանք վերադարձան հայրենի քաղաք, սակայն և՛ իրենց, և՛ մեզ համար զարմանալի հիշողություններ մնացին։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942». սա վավերագրական ֆիլմ է շրջափակված Լենինգրադի №51 մանկատան մասին, որի երեխաները տարհանվել էին Հայաստան։ Անցել է ավելի քան 80 տարի, սակայն շրջափակված Լենինգրադի երեխաները հիշում են Հայաստանում ապրած տարիները։ Հինգ մանկատան հարյուրավոր երեխաներ հրաշքով փրկվեցին շրջափակումից, նաև տարհանման ժամանակ` գրոհող թշնամու կրակների ներքո։ Երկու տարի առաջ սանկտպետերբուրգցի լրագրողներ Եկատերինա Դոդզինան և Անդրեյ Ռադինը տեղեկություններ գտան այդ մասին և ֆիլմ նկարահանեցին։
Մանկատան հանգուցյալ տնօրեն Խանա Գերշենոկի արխիվն օգնեց վերականգնել պատմությունը։ Նրա պահպանած փաստաթղթերի շնորհիվ լրագրողները տեղեկություններ գտան մեկ այլ «լենինգրադյան հայկական»` №82 մանկատան մասին։ Այնուհետև նրանք գտան այդ մանկատան երկու սաների, որոնք մինչ օրս ողջ են` Ալլա Տրիֆոնովա (Ժելբունովա) Ալեքսանդրովնային և Վլադիմիր Սմոտկին Մոիսեևիչին։
Պատերազմից հետո նրանք վերադարձան Լենինգրադ, սակայն մինչ օրս հիշում են Երևանում անցկացրած տարիները։ Լրագրողները նաև 2–րդ վավերագրական ֆիլմը նկարեցին նրանց մասին` «Լյալեչկան և Վովկան. 80 տարի անց»։
© Photo : provided by Yekaterina Dodzina, Andrey RadinԱլլա Տրիֆոնովա Ալեքսանդրովնան և Վլադիմիր Սմոտկին Մոիսեևիչը

Ալլա Տրիֆոնովա Ալեքսանդրովնան և Վլադիմիր Սմոտկին Մոիսեևիչը
© Photo : provided by Yekaterina Dodzina, Andrey Radin
Օրեր առաջ Ալլա Ալեքսանդրովնայի հետ զրուցեցինք նաև մենք։
Ապշել կարելի էր, թե տարեց կինն ինչ ճշգրտությամբ է հիշում այդ տարիների Երևանը, որը բոլորովին նման չէ այսօրվա Երևանին:
«Մեզ բերեցին Նորք` Երևանի ծայրամաս, ամառանոցային, հանգստյան թաղամաս։ Այնուհետև Կարլ Մարքսի փողոց, տուն 59։ Այնտեղ երկհարկանի փայտյա տանն էինք ապրում։ Աջ կողմի երրորդ հարկում ապրում էր Ավետովների ընտանիքը։ Այնուհետև նրանց այլ տեղ տեղափոխեցին, և այդ հատվածն էլ մեզ տվեցին։ Մոտակայքում հսկայական շուկա կար, մեր մուտքի դուռն անմիջապես այդ կողմ էր դուրս գալիս», – պատմում է Ալլա Ալեքսանդրովնան։
Այն ժամանակ Նորքն իսկապես քաղաքի ծայրամաս էր համարվում (այլ ոչ թե գրեթե կենտրոն, ինչպես այսօր է), իսկ «Ռոսիա» կինոթատրոնի տեղում, որտեղից սկսվում է Խորենացու փողոցը (այն ժամանակվա Մարքսը), մեծ շուկա կար, որը գոյություն ունեցավ մինչև 50-ականների վերջ։
Ձեր կողքով տարիներն են անցել, և ահա դուք ծերուկ եք դարձել...
Այս տողը Կորնեյ Չուկովսկու 1944 թվականին գրված «Լենինգրադի երեխաները» բանաստեղծությունից է։ 80 տարի է անցել, փողոցի անուններն ու տների համարները կարող էին նաև մոռացվել, բայց Ալլա Ալեքսանդրովնան մինչ օրս հիշում է` ինչպես իր ու մանկատան մյուս երեխաների ձեռքերն ու երեսը «ներկվում» էին սև թթի պատճառով։ Լրիվ երևանցի երեխաների նման` միայն մեկ տարբերությամբ, որ այսօր քաղաքում պտղատու ծառեր գրեթե չեն մնացել, իսկ այն ժամանակ դրանք շատ էին։
«Մենք փողոցի ծառերի մրգերից շատ էինք ուտում։ Հիշում եմ սերկևիլը, թութը` այդպես են ձեզ մոտ ասում, չէ՞։ Սև և սպիտակ թութը... Հատկապես սևն էիքն շատ ուտում և միշտ «մրոտում» էինք մեզ», – ծիծաղում է Ալլան։
© Photo : provided by Yekaterina Dodzina, Andrey RadinԱլլա Տրիֆոնովա Ալեքսանդրովնան

Ալլա Տրիֆոնովա Ալեքսանդրովնան
© Photo : provided by Yekaterina Dodzina, Andrey Radin
Ամռանը, երբ Երևանի կենտրոնում շոգ էր լինում, երեխաներին տանում էին Նորք, իսկ մի անգամ` նույնիսկ Լենինական։
«Մեզ անընդհատ մրգեր էին հյուրասիրում, ինչ–որ բան տալիս ուտելու...Եվ ոչ միայն մանկատանը, այլև փողոցում, երբ մենք շարքով զբոսնելու էինք գնում այգի կամ Լենինի հրապարակ։ Մեզ նաև «Մոսկվա» կինոթատրոն էին տանում։ Շքեղ շենք` մարմարե աստիճաններով։ Ամեն ինչ չէ, որ մանրամասն հիշում եմ, բայց կարևորը, որ մարդիկ անտարբեր չէին մեր նկատմամբ։ Այ դա մոռանալ չեմ կարող», – ասում է Ալլա Ալեքսանդրովնան։
«Մինչև ծերություն մեր դասարանի ավագն եմ»
Թիվ 82 մանկատան երեխաներին տեղավորեցին Երևանի Պուշկինի անվան ռուսական դպրոցում։ Ալլոչկա Ժելբունովան և մյուս երեխաները` միջին և կրտսեր խմբերից, առաջին դասարան գնացին (այն ժամանակվա կանոններով տղաներն ու աղջիկներն առանձին էին սովորում)։ Մանկատնից դպրոց մոտ չէր` ավելի քան 20 րոպե պետք էր քայլել, բայց Պուշկինի դպրոցը երկար տարիներ համարվում էր քաղաքի ամենալավ դպրոցներից մեկը։
Մանկատանը խմբակներ էին գործում, որոնց ուսուցիչներին Ալլա Ալեքսանդրովնան մինչ օրս հիշում է անուն առ անուն։ Երաժշտության խմբակը վարում էր Արաքսյա Միխայլովնան, պարինը` Մագդան։ 1945 թվականի գարնանը այն պարային համույթը, որում հանդես էին գալիս և՛ «Լյալեչկան», և՛ «Վովկան», մասնակցեց Երևանի մանկատների միջև կազմակերպած օլիմպիադային և զբաղեցրեց առաջին տեղը` կատարելով մազուրկա և չարդաշ։
Բացի այդ «Լյալեչկան» հաղթող էր ճանաչվել ասմունքի մրցույթում` նա ընթերցել էր Ագնիա Բարտոյի «Շատախոսը» («Болтунья») բանաստեղծությունը։ Նրանց անունները հայտնվեցին Երևանի «Կոմունիստ» թերթի էջերին։ Այդ համարը սանկտպետերբուրգցի մեր գործընկերները ցույց էին տվել Ալլա Ալեքսանդրովնային և Վլադիմիր Մոիսեևիչին։
«Ահա սա ես եմ, կարո՞ղ եք պատկերացնել։ Պարզապես խենթանալ կարելի է։ Տեսեք` ինչքան ուշադրիր էին մեր հանդեպ։ Ոչ միայն կերակրում էին, ինչպես կարողանում էին, այլև խմբակներ կազմակերպում, նույնիսկ զգեստներ էին կարում...Պարզապես խոսքեր չկան։ Երևանում անցկացրած մեր տարիները կարծես լույսի շող լինեին այն սարսափելի տարիներին», – հիշում է Ալլա Ալեքսանդրովնան։
© Photo : provided by Yekaterina Dodzina, Andrey RadinԱլլա Տրիֆոնովա Ալեքսանդրովնան և Վլադիմիր Սմոտկին Մոիսեևիչը

Ալլա Տրիֆոնովա Ալեքսանդրովնան և Վլադիմիր Սմոտկին Մոիսեևիչը
© Photo : provided by Yekaterina Dodzina, Andrey Radin
Կամ հետո երկու հազար քսանչորս թվականին կնստեք Ամառային այգու նստարանին...
Կորնեյ Չուկովսկու 1944 թվականին գրված «Լենինգրադի երեխաները» բանաստեղծությունը կարծես մեր օրերի մասին է։ 2025 թվականն է արդեն, բայց բարեբախտաբար, այն օրերի երեխաներից գոնե մի քանիսը ողջ են (տա Աստված՝ դեռ երկար տարիներ ապրեն)։
Պատերազմից հետո մանկատան տնօրենը կարողացավ Լենինգրադ վերադարձնել շուրջ հարյուր երեխաներից միայն 30-ին` նրանց, ում հարազատները կենդանի էին մնացել։
Ալլա Ալեքսանդրովնայի մայրը շրջափակման ժամանակ մահացել էր հյուծվածությունից, սակայն հայրը ողջ էր մնացել։ Դեռ Բեռլինից նա բացիկ էր ուղարկել Երևան` աղջկա նկարով, վրան գրված` «Ալլոչկայի լուսանկարը». թե որքան էր ուզում տեսնել աղջկան, ասելն ավելորդ է։
Որոշ երեխաներ, որոնք լրիվ որբացել էին, մի քանի տարի անց` արդեն 17-18 տարեկանում, դպրոցներ կամ արհեստագործական ուսումնարաններ ավարտած վերադարձան Լենինգրադ։ Չնայած երկար տարիների բաժանմանը մանկատան «ծեր» և «նախկին» սաները գտել էին միմյանց և մինչև կյանքի վերջ կապ էին պահպանում։
Երիտասարդների համար
Մեծանալով` մանկատան շրջանավարտները իրենց գործի վարպետները դարձան` մեկը` բանվոր, մեկը` ինժեներ, մեկն էլ նույնիսկ ավարտեց Վահանովայի դպրոցը և պարում էր Փոքր թատրոնում (այժմ՝ Միխայլովսկի)։
Ալլա Ալեքսանդրովնան դարձավ ճարտարապետ և արդյունաբերական ձեռնարկություններ էր նախագծում։ 90 տարեկանում նա դեռ պահպանել է մտքի պարզությունը, խոսքի հստակությունը և սերը գրքերի հանդեպ։
«Բոլորը թվայնացման են գնում, թղթե գրքեր արդեն շատերը չեն կարդում։ Իսկ ես մինչ օրս անհագ կարդում եմ, մեծ գրադարան ունեմ տանը։ Ամեն օր պարտադիր ընթերցում եմ, աղջիկներիս էլ եմ սովորեցրել, նաև` ծոռնուհուս», – պատմում է նա։
«Լյալեչկան և Վովկան. 80 տարի անց» վավերագրական ֆիլմը ցուցադրվեց հունվարին Լենինգրադի պաշտպանության և պաշարման պետական թանգարանում։
Երախտապարտ ենք սանկտպետերբուրգցի մեր գործընկերներին հոդվածի ստեղծման հարցում օգնելու համար։