Ավանդո՞ւյթ, թե՞ եկեղեցական կարգ. ի՞նչ խորհուրդ ունեն Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի տոները
08:55 13.02.2025 (Թարմացված է: 09:14 13.02.2025)
© Sputnik / Andranik GhazaryanՍուրբ Սարգիս եկեղեցին Երևանում

Սուրբ Սարգիս եկեղեցին Երևանում. Արխիվային լուսանկար
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Նշենք, որ Տեառնընդառաջը (ժողովրդական լեզվով ասած` Տրնդեզ) մշտապես նշվում է փետրվարի 14-ին, իսկ Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Սուրբ Սարգսի և Տեառնընդաջառի տոներն այս տարի կնշվեն մեկ օրվա տարբերությամբ։ Sputnik Արմենիան զրուցել է Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի և Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանի հետ` պարզելու տոների եկեղեցական և ժողովրդական ավանդույթների նրբությունները։
Նշենք, որ Տեառնընդառաջը (ժողովրդական լեզվով ասած` Տրնդեզ) մշտապես նշվում է փետրվարի 14-ին, իսկ Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին։
Տրնդեզի ավանդույթներն ու եկեղեցական ծիսակարգը
Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը խոսելով մարդկանց մոտ առկա որոշ թյուրընկալումների մասին` ընդգծեց, որ Տեառնընդառաջը նշվում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից` հունվարի 6-ից 40 օր անց։
«Մանուկ Հիսուսին 40 օր անց տանում են տաճար` ընծայելու Տիրոջը։ Երբեմն մեր հասարակությունում շփոթություն է լինում, քանի որ տեսնում են, որ փետրվարի 13-ին, երեկոյան խարույկ են վառում։ Կա մի նրբություն` սովորական օրացույցով օրը փոխվում է գիշերը 00։00–ից հետո, իսկ եկեղեցական օրացույցի դեպքում` երեկոյան 17։00-ից հետո` երբ ժամերգություն է լինում։ Փետրվարի 14-ին էլ արդեն Սուրբ պատարագին մասնակցելով մարդիկ հաղորդակից են դառնում օրվա խորհրդին»,– նշեց քահանա Օրդոյանը։
Անդրադառնալով խոսակցություններին, թե խարույկ վառելը և դրա վրայով թռնելը հեթանոսական սովորույթ է` հոգևորականն ընդգծեց` այս պարագայում այն ընդամենը ջերմանալու և լույսի միջոց է։ Քահանան նաև ներկայացրեց տոնի պատմությունը` հայտնելով, որ ավանդույթի համաձայն, երբ Տիրոջը տանում են տաճար, արդեն երեկո է լինում։ Տաճարը մի քանի դուռ է ունենում, որոնցից մեկը դարեր շարունակ փակ էր, բայց այդ օրն Աստծո զորությամբ այն ինքն իրեն մեծ դղրդոցով բացվել է։ Քաղաքի ժողովուրդը լսել են այդ ձայները և ջահերը ձեռքներին դուրս են եկել փողոց` տեսնելու, թե ինչ է տեղի ունենում` կրակը ձեռքներին առաջ գնալով դեպի Տերը։
«Սա է խորհուրդը, որը ժողովրդական գեղեցիկ ավանդույթ ունի, բայց եկեղեցական ծիսակարգի հետ այն կապ չունի»,– ասաց Տեր Արարատ քահանան։
Սուրբ Սարգսի տոնն արդեն լայն տարածում ունի
Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանն էլ խոսելով Սուրբ Սարգսի տոնի մասին` շեշտեց` այն շարժական է ու նշվում է Սուրբ Զատկի տոնից 63 օր առաջ։ Այս տոնը պետք է լինի Առաջավորաց պահքի վերջին օրը։
Անդրեասյանը վստահեցրեց` ՀՀ–ում տոնը բավականին լայն ընդգրկում ունի.
«Ըստ ավանդազրույցի` Սուրբ Սարգիսը մի աղքատ երիտասարդի՝ աշուղ Ղարիբին օգնել է հասնել իր սիրած աղջկան, որը հարուստ ընտանիքից էր։ Ծնողները դեմ են եղել, բայց ասել են` եթե 7 տարի աշխատի ու հարստանա, ապա համաձայնություն կտան։ Տղան գնում է, աշխատում ու հարստանում է, բայց հասկանում է, որ բքի պատճառով չի կարողանա ժամանակին տեղ հասնել։ Կանչում է Սուրբ Սարգսին, որն իր ձիով տանում է ու հասցնում սիրած աղջկա տուն։ Բայց ժողովուրդը չի մոռացել ընդգրկել նաև նրանց, ովքեր դեռ փնտրում են իրենց սերը. մայրիկները, տատիկները աղի բլիթ էին պատրաստում, որպեսզի երեխաներն ու թոռները ուտեն և երազում տեսնեն իրենց ապագա սիրեցյալներին։ Բայց սա խաղի նման է, ժողովրդական ավանդույթ, եկեղեցու հետ կապ չունի»,– նշեց Անդրեասյանը։
Սուրբ Սարգսի տոնին 2014-2020 թթ. Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների պատասխանատու Տեր Պետրոսի գլխավորությամբ խաչերթեր էին իրականացվում` անցնելով Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով ու հասնում Սիրահարների այգի։ 44-օրյա պատերազմից հետո դրանք այլևս չեն լինում, ու այս տարի էլ եկեղեցին դեռ պատրաստ չէ վերսկսել խաչերթերի այդ ավանդույթը։
Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված
Անդրեասյանը շեշտեց, որ այնուամենայնիվ շատ միջոցառումներ են լինելու, որոնք իրենց նախաձեռնությամբ կազմակերպում են տարբեր մասնավոր կազմակերպություններ կամ մշակութային կենտրոններ։ Ազգային պատկերասրահում թեմատիկ մեկ ցուցանմուշ է ցուցադրվելու` 18–րդ դարում Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց բերված անհայտ հեղինակի սրբապատկերը։ Փետրվարի 15-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կտարվի Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը։ Պատմության թանգարանում նույնպես ցուցադրություն է լինելու, զույգերի համար խաղեր են կազմակերպվելու։
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը

Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը
© Sputnik / Aram Nersesyan
«Բուկինիստ» գրախանութն էլ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես իրականացնելու է «Իմ գաղտնի գրքասեր, կամ սիրո խոստովանություն գրքով» նախաձեռնությունը։ Ժողովրդական արվեստի թանգարանն էլ Փայտարվեստի թանգարանի մոտ ( Երևան, Պարոնյան 2-խմբ.) «ֆոտոզոնա» է ունենալու` տնակի տեսքով։ Գ. Սունդուկյանի թատրոնում էլ Սուրբ Սարգսին նվիրված ներկայացման ժամանակ հետաքրքիր վիճակահանություն է լինելու սիրահար զույգերի համար։
Անդրադառնալով հարցին, որ ՀՀ–ում մասսայաբար սկսել են նշել նաև սուրբ Վալենտինի տոնը` նա ընդգծեց` Հայ առաքելական եկեղեցին այդ տոնի հետ չի մրցում, դա ուղղակի համաշխարհային բիզնես- նախագիծ է, որ գործարարներն օգտագործում են իրենց ապրանքները ներկայացնելու համար։