Բարդ է նրա որդին լինելը, բայց դա ուժ է տալիս. այսօր նշվում է Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը
18:32 12.02.2025 (Թարմացված է: 18:45 12.02.2025)
Video Player is loading.
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը
1:08
© Sputnik
Բաժանորդագրվել
Հրանտ Մաթևոսյանի 90–ամյակի կապակցությամբ գրողի ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, պարզապես նրա ընթերցողներն ու ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են պանթեոն և ծաղիկներ խոնարհել մեծ հայի շիրիմին։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններն ապրեցնող են, իսկ ժամանակի մեջ նրա տեղն ու դերը միշտ կարևոր։ Փետրվարի 12-ը հայ մեծանուն գրողի ծննդյան օրն է, այսօր նշվում է նրա 90-ամյակը։
Արձակագրի որդին` Դավիթ Մաթևոսյանը, Կոմիտասի անվան պանթեոնում նշեց, որ բավականին բարդ էնրա որդի լինելը, բայց իրեն հենց դա է ուժ տվել, տալիս ու տալու, որպեսզի կարողանա կանգնել ու դիմակայել նույնիսկ ամենաանմարդկային թվացող մարտահրավերների առաջ։
© Photo : official site of MESCS of RA Այսօր նշվում է Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը

Այսօր նշվում է Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը
© Photo : official site of MESCS of RA
«Հենց դա է ինձ ուժ տալիս, որ միշտ մտածեմ` պետք է տեր կանգնեմ այս երկրին, հորս առաջ պարտավորություն ունեմ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դա միայն իմ պարտավորությունը չպետք է լինի, այլ յուրաքանչյուրի, ով սիրում է Հայաստանն ու գիտակցում է, որ անհատ է»,– ասում է որդին։
Դավիթ Մաթևոսյանը ընդգծում է հայրը չի սիրել իր ծննդյան օրը, բայց ուրախացել է, որ զանգել, շնորհավորել են կամ հյուր են եկել։
«Ինքն ու միջնեկ եղբայրը` Հրաչոն, մի խնդիր ունեին` երկուսի ծնունդն էլ այլ օր էր գրանցված ծննդականում ու այդ պատճառով նրանք խուսափում էին ծննդյան օրը նշելուց։ Հայրս սիրում էր, երբ սեղան էր գցած լինում ու ինքն էր այն ղեկավարում»։
Խոսելով հոր ստեղծագործությունների մասին` ընդգծում է` յուրաքանչյուր տող տեր լինելու մասին է, իսկ այդպես գործելու համար պետք է կարդալ Մաթևոսյան, ընկալել դա ու այնուհետև գործել։
Արձակագիր Ռոլանդ Շառոյանը խոսելով Մաթևոսյանի մասին` ընդգծում է։
«Նրա գրականությունն ապրեցնող է, հուսադրող։ Լացուկոծով գրվող, խեղճ գրականություն չէ։ Մաթևոսյանի ստեղծագործությունները հավերժության մեջ են ապրում ու դրանք միշտ մնալու են հայ ժողովրդի հոգևոր մշակութային հենասյուներից։ Նրա գիրը ոչ թե հայ ժողովրդի, այլ հոգևոր արժեքների մասին է։ Հրանտ Մաթևոսյանը գրականության լեզվով ցույց է տվել հայ ազգի կերպարի հայելին»,– նշում է Շառոյանը։
© Photo : official site of MESCS of RA Այսօր նշվում է Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը

Այսօր նշվում է Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը
© Photo : official site of MESCS of RA
Ի թիվս այլնի, նա հիշում է, որ Մաթևոսյանը կնոջ` Վերժինե Մովսիսյանի հետ, հաճախ է եղել իրենց տանը ու երկուսն էլ շատ են սիրել վերջինի ծնողներին։ Պատմեց, որ իր առաջին գիրքը` «100 կռունկ» վեպը, տպագրվել է հենց Հրանտ Մաթևոսյանի շնորհիվ։
Գրող Աշոտ Աղաբաբյանն էլ վստահ է` Հրանտ Մաթևոսյան անունով մեծությանը, որը շատ «սուր լեզու» ուներ, հանրությունը դեռ ամբողջությամբ չի ճանաչում։
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում գրողի շիրիմին ծաղիկներ խոնարհելու էին եկել ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, պարզապես նրա ընթերցողներն ու ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ րանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. փետրվարի 12-ին Լոռիում` Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։
Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Տափաստանում» ակնարկն է եղել` 1959 թվականին, բայց առավել հայտնի է դարձել 1961 թվականին` «Ահնիձոր» ակնարկով։ Նա բազմաթիվ ստեղծագործություններ է գրել, որոնք թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներե, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն և այլ լեզուներով։
© Photo : official site of MESCS of RA Այսօր նշվում է Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը

Այսօր նշվում է Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը
© Photo : official site of MESCS of RA
Հրանտ Մաթևոսյանի սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը» կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ «Օգոստոս» կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել «Մեծամոր» էսսեն և «Չեզոք գոտի» պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են «Աշնան արևը» և «Կայարանը։
Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, որ ստացել է ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:
Հավելենք, որ Հրանտ Մաթևոսյանի գործերի, մասնավորապես՝ անտիպների հրատարակությունը վերջին տարիներին հոգացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ընթերցողի սեղանին դնելով ստվարածավալ երկհատորյակը («Տախը» վեպը և այլ գործեր): Գրողի եղբայրը՝ Համո Մաթևոսյանը, գրողի ձեռագրերից ոսկերչական բծախնդրությամբ կազմել է հատորները՝ փոխանցելով սերունդներին:
Պետական հովանավորությամբ նաև թվայնացվել է գրողի գործերի մեծ մասը: Հոբելյանական այս տարում ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով Լեհաստանում լույս կտեսնի գրողի «Խումհար» վիպակը: Շարունակվում են Հրանտ Մաթևոսյանի գործերը նաև այլ լեզուներով թարգմանելու բանակցությունները: