Ո՞ւմ համար է Աննա Հակոբյանի ուղեցույցը. առաջին խախտողը նրա պատվիրակության անդամն է
© Photo : Social media of Anna HakobyanԱննա Հակոբյան

© Photo : Social media of Anna Hakobyan
Բաժանորդագրվել
Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ուղեցույց է հրապարակել` իր թիմի անդամներին խնդրելով միջազգային այցերի և շփումների ժամանակ խստորեն հետևել դրա յուրաքանչյուր կետին։ Sputnik Արմենիան թեմայի շուրջ լսել է փորձառու դիվանագետների կարծիքները։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Առաջին տիկինը վարվեցողության կանոնների ուղեցույց է հրապարակում, բայց առաջին խախտումը իր պատվիրակության անդամն է անում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Կատարում Հայաստանի նախկին դեսպան Վահագն Մելիքյանը` նման ուղեցույցի մշակումը աննախադեպ որակելով ՀՀ–ի համար։
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ ԱՄՆ-ից վերադառնալիս հրապարակել է իր կազմած ուղեցույցը, նշելով, որ խնդրում է իր թիմին միջազգային այցերի և շփումների ժամանակ խստորեն հետևել դրա յուրաքանչյուր կետին։
Ուղեցույցում կարդում ենք` հյուրընկալ երկրի, նրա ժողովրդի, նրա մշակույթի, առանձին անհատների հետ և նրանց մասին չխոսել ծաղրանքով, քամահրանքով, մեծամտությամբ, հարգել հյուրընկալ երկրի մշակույթը, կրոնը, մարդկանց։ Հյուրընկալ երկրի ներկայացուցիչների հետ ցանկացած մակարդակի շփումներում, պաշտոնական ճաշերի ժամանակ անհամ, լպիրշ, անտակտ կատակներ չանել և այլն։
Ուղեցույցի հրապարակումից հետո Աննա Հակոբյանի հետ Կատար մեկնած «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը պատվիրակության կազմում էր մահմեդական երկրի ավանդույթին ոչ բնորոշ կարճ շրջազգեստով։
«Նախկինում այդպիսի ուղեցույցեր երբեք չեն բաժանվել մարդկանց` իրենց վարք ու բարքի, վարվելակերպի, հագուկապի հետ կապված։ Հիմա ուղեցույց եք հրապարակում, բայց առաջին իսկ խախտումը ձեր պատվիրակության անդամն է անում. Շատ վուլգար տեսքով, կարճ կիսաշրջազգեստով ներկայանում է մարդկանց, որոնց շարքում են նաև տեղացիները` կատարցիները` իրենց ավանդական հագուկապով։ Հիմա հարց` դուք ձեր օգնականին փորձե՞լ եք սաստել։Եթե փորձած լինեիք, օգնականն այդ տեսքով հանրության մեջ չէր հայտնվի։ Հաջորդը` օգնականն այն մարդն է, որը չի կարող չհամաձայնեցնել իր հագուկապը այս կամ այն հանդիպման համար։ Բացի այդ, օգնականը ինքը պետք է իր ղեկավարի հագուկապին հետևի և կարողանա խորհուրդներ տալ»,-նկատում է Մելիքյանը։
Նրա դիտարկմամբ` վարչապետի տիկնոջ օգնականի` կատարցիների ավանդական հագուկապի միջավայրին անհարիր հագուստը խիստ բացասական տպավորություն է թողնելու։
© Photo : Screenshot / Social media of Anna HakobyanՀայկական պատվիրակությունը Դոհայում (Կատար)

Հայկական պատվիրակությունը Դոհայում (Կատար)
Նախկին դեսպանը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ Աննա Հակոբյանի հրապարակած ուղեցույցը վերաբերում է բացառապես միջազգայի այցերին, արտերկրում ՀՀ պատվիրակության անդամների պահվածքին, ինչը Մելիքյանին հիմք է տալիս ենթադրելու, որ անպատշաճ պահվածք դրսևորողները նույն պատվիրակության անդամներն են եղել, որոնց համար էլ գրվել է ուղեցույցը։
«Սա նշանակում է, որ ձեր միջից են եղել նմանատիպ կոպտագույն խախտումներ անողները` լպիրշ խոսելը, պահելաձևը, վարվելակերպը։ Հիմա դուք պաշտոնյաներին փորձում եք կրթել, ցույց տալ, թե իրենց ոնց պահեն, ուրեմն ունեցել եք նախադեպեր, և դրանք այնքան շատ են եղել, որ որոշել եք ուղեցույց հրապարակել։ Վաղն էլ երևի պատվիրակության անդամների առանձին քննություն կանցկացնեք, թե այդ մարդիկ որքանով են տիրապետում վարվելակերպի կանոններին»,– նշում է մեր զրուցակիցը։
Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ևս կիսում է տեսակետը, թե պաշտոնական պատվիրակություններին պարզ վարվեցողության կանոններ սովորեցնելը խոսում է այն մասին, որ այդ մարդիկ դրանց չեն տիրապետում։
Աղաջանյանի խոսքով` տվյալ երկրում գործող վարվեցողության կանոններին ծանոթացնելու կարիք լինում է միայն բացառիկ դեպքերում։ Օրինակ` Ճապոնիա մեկնելիս մարդկանց զգուշացնում են, որ այդ երկրում զրուցակցի աչքերի մեջ նայելը անքաղաքավարություն է համարվում, որոշ երկրներում չի կարելի կանանաց ձեռքով բարևել և այլն։
«Առաջինը մենք ենք անհարմար զգում, որ նման ղեկավարություն ունենք, որոնք քաղաքավարության տարրական կանոններին ծանոթ չեն և ստիպված են ուղեցույցների միջոցով ինչ–որ հրահանգներ տալ։ Բայց, հաշվի առնելով, թե այս անձինք որտեղից են եկել, երևի իրենց անպատշաճ պահվածքը այնքան հաճախակի է եղել, որ խնդիրներ են առաջացել, որ անհրաժեշտություն է առաջացել նման ուղեցույցի։ Դրանք տարրական քաղաքավարության կանոններ են, որոնց մարդիկ սովորում են առաջինը իրենց ընտանիքում, ապա` շրջապատում»,– նշում է նախկին դեսպանը։
Ձյունիկ Աղաջանյանը խորհուրդ է տալիս ղեկավար պաշտոններում հայտնված անձանց վերակրթելու նպատակով բացել, այսպես կոչված, էթիկետի դպրոցներ։
Հավելենք, որ արդեն այսօր Աննա Հակոբյանն անդրադարձել է իր ուղեցույցի արձագանքներին՝ քննադատողներին բնորոշելով որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ», որը փորձ չի անում սեփական գործողությունները վերհիշելու ու ուղեցույցում գրվածի հետ նույնականացնելու։