Շուրջ 7 ամիս է` Չինաստանը Հայաստանում դեսպան չունի. քաղաքագետը խոսել է պատճառների մասին
09:46 24.01.2025 (Թարմացված է: 09:53 24.01.2025)
© SputnikՔաղաքագետ Սուրեն Սարգսյանը

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը . Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտել է 2024 թ–ի հուլիսին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Շուրջ 7 ամիս է` Չինաստանը Հայաստանում դեսպան չունի։ Այս փաստն իր ֆեյսբուքյան էջում արձանագրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և ներկայացրել այս աննախադեպ երևույթի պատճառները։
«Սա բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում: Բնականաբար սա շատ հստակ մեսիջ է, նման դեպքերում պատահականություններ չեն լինում: Վստահ եղեք, Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան»,–գրել է նա:
Իսկ որո՞նք են նման մոտեցման պատճառները: Սարգսյանը թվարկել է հետևյալը.
1.
Նախ, Հայաստանը, չնայած բարձր մակարդակով տրված հավաստիացումներին, բացարձակ հետաքրքրվածություն չի ցուցաբերում «Ճանապարհ և գոտի» մեգանախագծով և ոչինչ չի անում դրա մաս կազմելու համար: Այս տեսանկյունից չինական մոտեցումը շատ հստակ է` կան պետություններ, որոնք բարեկամաբար են տրամադրված նախագծին, և կան այնպիսինները, որոնք հակադրվում են դրան:2.
Հայաստանը դեռևս շարունակում է մնալ փաստացի գոյություն չունեցող հակաչինական կրոնական ազատության ալյանսի կազմում (չխառնել կրոնական ազատության գագաթնաժողովի հետ), չնայած դրա հիմնադիր, ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն ինքն էր ներկայացնում դրա հակաչինական բնույթը: Փաստացի, ալյանսն ավելի քան 4 տարի է չի գործում, սակայն Հայաստանը շարունակում է ֆորմալ առումով դրա մաս կազմել:3.
Կարևոր է նաև հիշել, որ Հայաստանն այն պետությունն է, որ ընդունել էր Թայվանի էկոնոմիկայի նախարարին, հանձնառություն ունենալով զերծ մնալ Թայվանի պաշտոնյաների հետ որևէ ուղիղ շփումներից: Թայվանի խնդիրը Չինաստանի համար ամենից զգայուն թեման է, և այստեղ նա այլ կարծիք չի հանդուրժում, քան մեկ Չինաստան սկզբունքը:«Այսքանից հետո, չինացի մեր գործընկերների նման մոտեցումը բավականին տրամաբանական է և հիմնավոր: Գերտերություններին չի կարելի այսպես վերաբերվել»,–եզրափակել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ից։