Ալիևի հայտարարությունները պատերազմի անոնս են․ Սուրենյանց
13:34 10.01.2025 (Թարմացված է: 15:58 10.01.2025)
© Sputnik / Zara MikaՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Zara Mika
Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակն այս պահին բարենպաստ է Ադրբեջանի համար, և նա օգտվում է դրանից։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է, պատերազմի անոնս էր և ազդարարում, որ իրենց որևէ խաղաղության պայմանագիր պետք չէ։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ալիևը հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնացել է հնարավոր ռազմական միջամտությամբ՝ նշելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։
«Ստեղծված աշխարհաքաղաքական համատեքստը բարենպաստ է Ադրբեջանի համար․ ԱՄՆ–ում վարչակազմերի փոփոխություն է, ինչքան էլ ինստիտուցիոնալ կայացած երկիր է, բայց որոշակի վակուում է առաջացնում, Ռուսաստանն ուկրաինական կողմում խիստ զբաղված է։ Բացի այդ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն ամեն ինչ արել են Ռուսաստանի հետ հարաբերություններում տոքսիկ բաղադրիչն ուժեղացնելու համար և դեմոտիվացրել են Մոսկվայի մեր գործընկերներին, Իրանը սիրիական վերջին իրադարձություններից հետո բավականին վատ վիճակում է հեղինակության և ազդեցության առումով, դժվար է ակնկալել, որ միայնակ կարողանալու է դիմակայել որոշակի խնդիրներին, որոնց իր հյուսիսային սահմանին կարող են առաջանալ»,- ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետը հավելեց՝ այս ամենին զուգահեռ մերձավոր արևելքում Թուրքիայի ազդեցությունն էլ ուժեղացել է։ Բացի այդ, Սուրենյանցը կարծում է, որ Ալիևն էլ իր պահանջները հնչեցնում է կանխելու համար մի քայլ, որին, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները չէին էլ գնալու։
Ակնկալվում է, որ հունվարի 17-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կնքելու են ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր։ Կարծում է՝ եթե Հայաստանում երկրի ղեկն ադեկվատ իշխանության ձեռքին լիներ, ապա այս համագործակցությունը կմեծացներ նաև մեր մանևրելու հնարավորությունները։
Սուրենյանցը շեշտում է՝ Իրանը միայնակ չի կարող հակազդել պատերազմի դեպքում, որովհետև ամեն կերպ խուսափում է պատերազմի մեջ ներքաշվելուց, այլ հարց են Ռուսաստանի հետ Իրանի համատեղ ջանքերը։
«Բայց որ կարողանանք այդ ջանքերն ի նպաստ մեզ օգտագործել, պետք է կարողանանք Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսություն ունենալ։ Հույս ունենալ, որ Իրանը՝ միայնակ, իր խնդիրներով հանդերձ կարող է դիմակայել բավականին ուժեղ ճնշման, որովհետև դա միայն Ադրբեջանի ցանկությունը չէ, Թուրքիայի և այլն, կլինի քաղաքագիտական առումով ոչ այնքան ադեկվատ»։
Կարծում է՝ առաջնահերթ պետք է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, որն այս պահին եղած միակ երկիրն է, որը պաշտոնապես պատասխանատվություն ունի քո անվտանգության հարցում։ Ըստ քաղաքագետի՝ հաջորդ քայլը պետք է լինի Ռուսաստանի օգնությամբ կամ միջոցով փորձել կանխատեսելի հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։ Կարծում է՝ այս դեպքում խնդիրների մեծ մասը լուծված կլինի, և Ալիևի սանձարձակությունը էապես կզսպվի։ Վստահ է՝ Ալիևի խաղադրույքներից մեկը հենց հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամն է։
Անդրադառնալով այն «փրկօղակ կարծիքներին», թե Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար էին՝ Սուրենյանցը նկատեց՝ ներքին լսարանի համար խոսող ղեկավարն իր խոսքում պարբերաբարի ռուսերենի չի անցնում, քանի որ ներքին լսարանը դրա կարիքը չունի։ Իսկ Ալիևն ասուլիսի ժամանակ հենց այդպես էլ վարվում էր։