Չփարատված մտահոգություններով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ. Գարեգին Բ
11:22 01.01.2025 (Թարմացված է: 11:23 01.01.2025)
© Photo : Info Service Dept of the Mother SeeԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը. Արխիվային լուսանկար
© Photo : Info Service Dept of the Mother See
Բաժանորդագրվել
Կաթողիկոսն ընդգծել է, որ պետք չէ առկա մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը փնտրել հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություններով ու հոգսերով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ և բարի սպասումներով։ Այսպես էր սկսել Ամանորի իր ուղերձը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։
«Ամանորն առիթ է ինքնաքննության, անդրադառնալու ազգային ու հայրենական մեր կյանքը հուզող խնդիրներին։ Ամանորը հրավեր է նորոգության, հրավեր ապագայի շուրջ մտորումների, կյանքն առավել ապահով, բարօր ու շեն դարձնելու նախաձեռնությունների»,–ասել է Վեհափառը։
Նա ընդգծել է, որ սիրո, բարության ու արդարության ճանապարհով ընթանալով` կարող կլինենք դիմակայել ծանր, անգամ անելանելի թվացող իրավիճակներին։ Կարող կլինենք ուժ գտնել նեղությունները համատեղ ջանքերով հաղթահարելու, փորձությունները փորձառության վերածելու, ձախողումներն ու պարտությունները ձեռքբերումների վերափոխելու և մեր նոր օրը կառուցելու՝ ապավինած առաքելական խոսքին, թե՝ «ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպ․ 4․13)։
«Արդ, մեր կյանքում ծառացած դժվարությունների հանդիման հարկ է աննկուն մնալ և առկա մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրել հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով։ Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, անխաթար պահպանենք մեր ինքնությունը, ինչը կարևոր է նոր սերնդի ոգու և գիտակցության կերտման, նաև աշխարհում մեր պետության և ժողովրդի հեղինակության ամրապնդման, ազգային իրավունքների պաշտպանության համար։ Հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով»,–ասել է Գարեգին Բ–ն։
Նա հորդորել է զինվել հույսով և հավատով, Աստծուն ապավինած իրագործել յուրաքանչյուրս մեր առաքելությունը՝ ի սեր անձնական ու հավաքական մեր կյանքի բարօրության։
«Նորոգված կյանքով կարող պիտի լինենք կերտել նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն ուղղամտությունն ու համերաշխությունը, օրինահարգությունն ու հայրենանվիրումը, նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր պետության հզորացմանը, ազգի անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովմանը, արցախահայության անօտարելի իրավունքների պաշտպանությանը։ Այս տեսլականով վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք սիրո և միաբանության կենարար ճանապարհով»,–ասել է Վեհափառը։
Տարեմուտի շեմին նա աղոթել է հայրենիքի, հայոց բանակի, հայրենի հողից ու տնից բռնությամբ զրկված արցախցիների, նահատակված զավակների կորուստը սգացող, գերեվարված և անհայտ կորած սիրելիների ցավով ապրող ընտանիքների, հիվանդների ու զրկանքների մեջ գտնվողների համար։ Նաև աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների համար, ովքեր կրում են պատերազմների կործանարար հետևանքները։