Բարձրացնում ենք մեր հանդեպ պահանջները. Հակոբ Սերոբյանը մեծ սպասելիք ունի 2025-ից
14:19 27.12.2024 (Թարմացված է: 14:28 27.12.2024)
© Sputnik / Aram NersesyanԱրթուր Դավթյանն ու Հակոբ Սերոբյանը
Արթուր Դավթյանն ու Հակոբ Սերոբյանը
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Արթուր Դավթյանն ուզում է բարդացնել իր ցատկերը, բայց մարզիչը դեմ է։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեծ սպասելիք ունի ոչ միայն մեր ազգային հավաքականի մարմնամարզիկներից, այլ նաև երիտասարդ մարզիկներից։ Սերոբյանն ու օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանն այսօր ամփոփեցին 2024 թվականը։
Հայ մարմնամարզիկներն այս տարի տարբեր հարգի շատ մեդալներ նվաճեցին ամենաբարձր կարգի տարբեր մրցումներում։ Բայց մարզչական աշխատանքի ամենաբարձր նվաճումը, ըստ Սերոբյանի, Արթուր Դավթյանի օլիմպիական արծաթե մեդալն էր։
«Բոլորն էլ գիտեն, որ մենք աստիճանաբար առաջընթաց ենք գրանցում` Տոկիո–2020–ում Արթուր Դավթյանի օլիմպիական բրոնզե մեդալից հետո Փարիզում արծաթ նվաճեցինք։ Սա, իհարկե, առաջընթաց է` չնայած մենք կարող էինք և ոսկի նվաճել։ Շարունակելու ենք աշխատել և ինքներս մեր նկատմամբ բարձրացնում ենք պահանջները։ Ես գոհ եմ արդյունքներից, քանի որ Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում էլ մենք չեմպիոն ունեցանք», – նշեց Սերոբյանը։
Արթուր Դավթյանն էլ խոստովանեց, որ շատ էր ուզում օլիմպիական ոսկի նվաճել։
«Ես արեցի ամեն ինչ, բայց մրցավարները այդպես որոշեցին, և ես դարձա արծաթե մեդալակիր։ Հուսով եմ` վնասվածքներից կխուսափեմ ու կփորձեմ օլիմպիական հաջորդ խաղերին հասնել երազանքիս», – ասեց Դավթյանը։
Սերոբյանը, որը նաև Արթուր Դավթյանի անձնական մարզիչն է, անդրադարձավ մարմնամարզիկի ցատկերին։
«Արթուրն իր ցատկերը բարդացնելու շատ մեծ ցանկություն ունի։ Ես հասկանում եմ, թե ինչու։ Բայց հաշվի առնելով նրա տարիքը` կարծում եմ, որ ավելի լավ է` մենք հղկենք նրա ցատկերը ու ավելի մաքուր կատարենք, քան թե բարդացնենք, քանի որ վնասվածք ստանալու հավանականություն էլ կա»,– ասաց նա։
Մարզիչն անդրադարձավ նաև երիտասարդ մարմնամարզիկներին` Համլետ Մկրտչյանն ու Մամիկոն Խաչատրյանն արդեն ներկայացրել են Հայաստանի ազգային հավաքականը մեծահասակաների մրցումներում, և հիմա արդեն քայլեր են կատարվել նրանց ամենաբարձր մրցումներին հոգեբանորեն պատրաստելու համար։
Հայտնի է, որ 2027 թվականին մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Երևանում։ Մինչ այդ պետք է նոր մարզադահլիճ կառուցվի, որը, անկասկած, մեծ ներդրում կլինի մարմնամարզության զարգացման գործում։ Նոր մարզադահլիճի նախագիծը կա, տեղը որոշված է, բայց մտավախություն կա, որ ժամանակին չի կառուցվի։ Հավաքականի մարզիչն ու մարմնամարզության սիրահարները հուսով են, որ մտավախություններն անհիմն են։
Մի քանի օր առաջ Հակոբ Սերոբյանը լրագրողների կողմից ճանաչվեց որպես 2024 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ։ Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար` Սերոբյանը նշեց, որ ավելի արժանի էր հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, քանի որ նրա գլխավորությամբ մեր ըմբիշները օլիմպիական երկու մեդալ են վաստակել։
Հիշեցնենք` Փարիզի 33–րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի 15 ներկայացուցիչներից մեդալների արժանացան 4–ը՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (արծաթ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (արծաթ), ծանրորդ Վարազդատ Լալայանը (արծաթ), հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (բրոնզ)։