Հանկարծ Բելգրադի նման տրանսպորտն անվճար չդարձնեք. Երևանի այսօրվա քաոսը դրախտ կթվա
22:01 23.12.2024 (Թարմացված է: 22:02 23.12.2024)
© Sputnik / Aram NersesyanԵրևան. տրանսպորտ
Երևան. տրանսպորտ. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Հունվարի 1-ից Սերբիայի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կկարողանան քաղաքային տրանսպորտով երթևեկել լրիվ անվճար։ Բացի Բելգրադից, նման հնարավորություն արդեն ունեն էստոնական Տալլինի, ֆրանսիական Մոնպելյեի և Լյուքսեմբուրգի բնակիչները։
Երևանցիներից շատերը կասեն՝ երանի՜… Ես էլ եմ ասում՝ երանի՜, բայց իմ երանին բոլորովին այլ է. երանի՜ մեր քաղաքապետարանը հանկարծ նման սխալ բան չանի։ Եթե հիմա ուզում են 100 դրամն առնվազն 300 դրամ դարձնել, ու այնպիսի քաոսային իրավիճակ է տիրում, որը երևի նույնիսկ աֆրիկյան որոշ երկրներում բացառված է, բա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե երթևեկելը Երևանում ընդհանրապես անվճար դառնա։ Ու չփորձե՛ք հանկարծ բողոքել, անմիջապես հակահարված կստանաք քաղաքապետարանում նստած խստադեմ չինովնիկներից. «Հա՛մ չեք ուզում վճարել, հա՛մ էլ բողոքո՞ւմ եք»։
Ես ուզում եմ վճարել, բայց խիստ կասկածում եմ, որ եթե նույնիսկ 300 դրամ մուծեմ, վերջապես կունենամ քաղաքակիրթ տրանսպորտ, որը դարձել է բոլոր երևանցիներիս նվիրական ու տասնամյակներ շարունակ չիրականացվող երազանքը։ Առանձնապես մի ֆանտաստիկ բան էլ չեն ուզում մեր համաքաղաքացիները, այլ այն, ինչ գոյություն ունի եվրոպական բոլոր մայրաքաղաքներում։ Առաջին՝ որ բոլոր կանգառներում փակցված լինեն ավտոբուսների երթևեկության ժամանակացույցները, որոնք կպահպանվեն, լավ, չեմ ասում՝ վայրկյանների, գոնե րոպեների ճշտությամբ։ Ուրիշ քաղաքներում անում են։
Երկրորդ։ Որ մարդիկ նույնիսկ պիկ ժամերին չբողոքեն. «է՜, ի՞նչ տարբերություն՝ առաջ պուճուր «գազելներում» էինք տառեխի նման լցված, հիմա՝ հսկա 8-մետրանոց ավտոբուսներում։ Իհարկե, լավ է, որ վերջապես շախմատային ձիու դիրքը փոխեցինք, փիղ դարձանք, չենք էլ հավակնում թագավորի կամ թագուհու կարգավիճակին, որոնք թանկարժեք ավտոմեքենաներով են շրջում՝ սև ջիփերի երկար շարասյունների ուղեկցությամբ, բայց մի՞թե այդքան դժվար է ընդօրինակել այն քաղաքների փորձը, որտեղ այդ ամենավատ ժամերին ավտոբուսները պարզապես իրար հետևից շարված են, և մարդիկ միմյանց հրելով չեն խցկվում՝ իմանալով, որ հենց մեկը գնաց, անմիջապես մյուսն է գալու։ Ախր, ուրիշ տեղերում այդպես է»։
Երրորդ։ Ինչո՞ւ մեզ չի հաջողվում ու չի հաջողվում այնպես անել, որ ավտոբուսները կանոնավոր կերպով աշխատեն մինչև կեսգիշեր։ Ոչ ոք չի պահանջում, որ պիկ ժամերի նման դրանք երեկոյան 10-ին էլ վրա-վրա գան, թող 25 րոպեն մեկ գան, բայց կանգառում կանգնած Ռոմեոն հաստատ իմանա, որ իր սիրելի Ջուլիետը պայմանավորված ժամին ավտոբուսով գալու է։ Եվվերջապես, մի՞թե անհնար է ունենալ գիշերային ավտոբուս, որը, ճիշտ է, ժամը մեկ է գալիս, բայց գոնե գիտեմ, որ Օպերայի մոտ չեմ մնա, կհասնեմ «Բանգլադեշ»։ Ախր, ուրիշ տեղերում այդպես է։
Հիմա՝ վճարման մասին։ Կներե′ք, ախր, ինչպե՞ս կարելի էր նման շիլա-շփոթ սարքել։ Մի տեղ նստելուց ես վճարում, մյուս տեղում՝ իջնելուց։ Որոշ ավտոբուսներ ունեն 100-դրամանոցի համար նախատեսված դրամարկղեր, մյուսները չունեն։ Մի տեղ պարտադրում են առաջին դռնից մտնել, մյուսում՝ հետևի։ Մի տեղ կարողանում ես մի կերպ մոտենալ այդ անտեր վավերացնող սարքին, մյուս տեղերում դա չի հաջողվում, ու քեզնից անկախ դառնում ես օրինախախտ։ Իսկ այլ երկրներում իրենց քաղաքը սիրող և նրա բնակիչներին հարգող իշխանությունները պարզապես տրանսպորտային քարտեր են առաջարկել ուղևորներին, որոնք բացարձակ ոչ մի կարիք չունեն բարդ հաշվարկներ կատարելու՝ ինչ տոմս գնել, ուղղակի նստելուց հպում են սարքերին, որոնք ավտոբուսում ամենուր են, դուրս գալուց կրկին հպում են, ու վերջ։ Բայց դա այլ երկրներում է։
Իհարկե, լավ է, որ նախկին երիտասարդները՝ երևի հիշելով իրենց երիտասարդությունը, կրկին պայքար նախաձեռնեցին այդ նույն 100 դրամի համար, հանուն որի շարժում էին ծավալել ավելի քան 10 տարի առաջ։ Հանրային ակտիվությունը, որը երբեք չեն սիրել իշխանությունները, իրականում շատ ողջունելի է։ Եվ Երևանի ավագանու երեքշաբթի օրը կայանալիք նիստի մասնակիցները, ամենայն հավանականությամբ, թույլ կտան, որ ևս մեկ ամիս՝ մինչև փետրվարի սկիզբը, շարունակենք երթևեկել 100 դրամով։ Սակայն շատ խիստ կասկածում եմ, որ իշխանությունները տեղի են տվել ժողովրդի պահանջին։ Ամենևի′ն։
Պարզապես համոզված եմ, որ այս ամենը մեր ավանդական անկազմակերպվածության, անճարակության, անընդունակության արդյունք է։ Հո առաջին անգամ չէ՞, որ ժամկետներ են նշվում ու չեն կատարվում։ Մոտ 15 տարի է տևում «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը, 10 տարուց ավելի է, ինչ կառուցվում է Երևանի նոր կրկեսը։ Առաջ գոնե ասում էին՝ այսինչ թվականին կավարտենք, հիմա էդ էլ չեն ասում։ Այսինքն` վերաբերմունքը մոտավորապես այսպիսին է. հանգիստ նստե՛ք տեղներդ, երբ կավարտենք՝ կավարտենք, ձեր գործը չի։ Ախր հիշում եմ, թե ինչպես էին 2018-ի հեղափոխական գարնանը սիրաշահում մեզ՝ ոչ մի քայլ չենք անի առանց ժողովրդի հետ խորհրդակցելու, ամեն ինչի մասին տեղեկացնելու ենք հասարակությանը։ Ի՜նչ լավ էր սկսվում։