Ինչպես Հայաստանի սոխակ Գոհար Գասպարյանը մերժեց թուրքերին. կենսագիրը մանրամասներ է պատմել
Գոհար Գասպարյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Василий Малышев
/ Բաժանորդագրվել
Օպերային արվեստի մեծագույն հայ վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանի 100-ամյա հոբելյանի առթիվ (14 դեկտեմբերի) լրագրող, Գասպարյանի կենսագրական գրքի հեղինակ Արմինե Մելիք-Իսրայելյանը Sputnik Արմենիային հետաքրքիր մանրամասներ է պատմել երգչուհու կյանքից։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանը մեծ երեխա էր, որովհետև ուներ երեխային հատուկ մաքրություն, ազնվություն, շիտակություն, անմիջականություն, երբեք չէր թաքցնում իր կարծիքը, և կարևոր չէ, թե ինչ վնաս դա կտար իրեն հետագայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում երգչուհու կենսագրական գրքի հեղինակ Արմինե Մելիք-Իսրայելյանը պատմել է նրա մարդ տեսակի, համերգային գործունեության և կյանքի այլ դրվագների մասին։
«Ուներ կապրիզներ ուտելիքի հարցում, որովհետև ինքը շատ համով էր պատրաստում, նաև հագուկապի առումով էր պահանջկոտ։ Շատ հագուստներ ուներ, որ ինքն էր կարել կամ հյուսել իր մայրիկի հետ»,–պատմում է Մելիք-Իսրայելյանը, որը գրքերը գրելու ընթացքում շատ է շփվել երգչուհու հետ, հաճախ է այցելել նրանց տուն։
Ասում է` մարդկանցից պահանջում էր ազնվություն։ Մեր նախագահներից մեկի կնոջն էր ասել. «Իմ սրտում տեղ են գտնում այն մարդիկ, ովքեր իրենց մտքերում ազնիվ են իմ հանդեպ»։
Մելիք-Իսրայելյանի խոսքով` Հայաստանի սոխակը շատ անմիջական, տնավարի զրույց էր սիրում տանել։ «Ես անընդհատ ասում էի` տիկին Գոհար, տիկին Գոհար։ Ինքն էլ ասում էր` ականջներս ցավեցուցիր, հերիք ասես` տիկին Գոհար։ Ասում էի` բա ինչպես դիմեմ Ձեզ, պատասխանում էր` ըսե` Քոքո մամա, իրեն «Քոքո» էին անվանել փոքր ժամանակ»։
© Sputnik / Aram Nersesyan Արմինե Մելիք-Իսրայելյանը Sputnik Արմենիայում
Արմինե Մելիք-Իսրայելյանը Sputnik Արմենիայում
© Sputnik / Aram Nersesyan
Գրքերի համար, որոնք տպվել են նրա կենդանության օրոք, իր դերերի մասին պատմելիս նույն փայլուն բեմից շողշողացող աստղն էր դառնում, և չէր զգացվում նրա տարիքը։ Ասում է` նորից պատմելով երգչուհին վերապրում էր իր կյանքը` փառքը, սերը, ծափերը, նույնիսկ նախանձը։
«Ինչպես, օրինակ, Ճապոնիա համերգների մեկնելուց առաջ նրան մեկ ու կես ամիս այստեղ «Անուշ» երգել տվեցին, որովհետև բոլոր օպերային երգչուհիները բունտ էին արել` թե եթե պիտի մեկնես արտասահման, արի երգի, բոլորս հիվանդ ենք։ Իսկ Ճապոնիայում նա մեկուկես ամիս գրեթե ամեն օր համերգ է ունեցել կենդանի ձայնով»,–պատմեց մեր հյուրը։
Շատ հետաքրքիր մի բան է պատահում Ճապոնիայում համերգից հետ։ Երգչուհին մեքենայում նստած է լինում, երբ զգում է, որ մեքենան ընթացքի մեջ չէ, բայց շարժվում է։ Նկատում է, որ ճապոնացի երիտասարդները մեքենան բարձրացրած ձեռքերով տանում են և «բիս» են գոռում։ Գոհար Գասպարյանը իջնում է ու կրկին երգում Կոմիտասի «Կռունկը»։
1965–ին տեղի են ունենում Գոհար Գասպարյանի համերգները Թուրքիայում։ Ասում էր` չի կամեցել մեկնել Թուրքիա, իրեն համոզել է Վազգեն Վեհափառը, ասել է` դու հիմա ԽՍՀՄ–ն ես ներկայացնում։ Ու գնացել է` համերգային ծրագրում ներառելով Կոմիտաս, Բարսեղ Կանաչյան։ Համերգին նախորդած ասուլիսին նա պատմել է, որ ծնողները Եգիպտոսում են հայտնվել Հայոց ցեղասպանության հետևանքով։ Նրա խոսքերը իրարանցում է առաջացրել թուրք լրագրողների շրջանում։
Երգչուհին նաև հրաժարվել է ծաղկեպսակ դնել Մուստաֆա Աթաթուրքի գերեզմանին` չնայած Թուրքիա մեկնողների համար դա պարտադիր է։ «Ես իմ ազգը ջարդողի գերեզմանին ծաղիկ չեմ դներ»,–ասել է նա։ Բոլորը խառնվել են իրար, փորձել համոզել երգչուհուն, Գոհար Գասպարյանն էլ ասել է. «Եթե չեք ուզում, կգնամ, մեկ համերգ տվել եմ, մյուսը չեմ տա»։ Բայց համերգը կայացել է։
«Կարծում եմ` եթե տիկին Գոհարը ողջ լիներ, չէր դիմանա այն ամենին, ինչ հիմա կատարվում է»,-ասում է նրա կենսագիրը։
Երբ Թուրքիայից վերադարձել է Հայաստան, այստեղ մեծ շուքով են դիմավորել նրան, որովհետև 65–ի զարթոնքն էր սկսվել, բայց վերևներից նրան մեկ տարով զրկել են արտասահման գործուղումներից։
Արմինե Մելիք-Իսրայելյանը պատմում է` տիկին Գոհարը չէր ներում թուրքերին, ասում էր` «եթե մի ազգ չի գիտակցել իր մեղքը, ներողություն չի հայցել, ապա ինչպես կարող ես վստահել մեկին, որ չի զղջացել իր արարքի համար»։
Հայաստանի սոխակը երբեք չէր փոշմանում իր ծննդավայրից` Եգիպտոսից Հայաստան տեղափոխվելու համար։ Չնայած նրա համար շատ դժվար էր եղել, բայց միշտ ասում էր, որ հայրենիքը անփոխարինելի է։
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։