ՀՀ կառավարության պահուստային ֆոնդն արդեն սպառվել է. ինչի՞ վրա են ծախսվել գումարները
© Photo : South Caucasus RailwayԵրկաթգծի Ալավերդի-Հաղպատ հատվածը ջրհեղեղից հետո
Երկաթգծի Ալավերդի-Հաղպատ հատվածը ջրհեղեղից հետո. Արխիվային լուսանկար
© Photo : South Caucasus Railway
Բաժանորդագրվել
Պաշտպանության ոլորտին համեմատաբար ավելի քիչ գումար է հատկացվել` ի տարբերություն սոցիալական ոլորտի։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. 2024 թ. 9 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը, ըստ էության, սպառել է ամբողջ տարվա պահուստային ֆոնդը։ Բանն այն է, որ 2024 թ. համար կառավարությունը պահուստային ֆոնդի համար նախատեսել էր 94 մլրդ դրամ։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսերի նախարարությունից նշել են, որ 94 մլրդ 387 մլն դրամն արդեն իսկ սպառվել է 9 ամսում։
Նշենք, որ նոյեմբերի 25–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ՀՀ 2024 թ. 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը և նշվել, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ և վերաբաշխումներ են կատարվել։ Ըստ այդմ` ֆինանսների նախարարությունից խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե ո՞ր բնագավառներում են իրականացվել պահուստային ֆոնդից հատկացումներ ու վերաբաշխումներ, ինչքա՞ն գումար է հատկացվել, արդյունքում որքա՞ն կկազմի բյուջեի պակասուրդը։
Մեր հարցման պատասխանից պարզ է դառնում, որ 94 մլրդ 387 մլն դրամը հատկացվել է մոտ 10 ոլորտների հավելյալ ֆինանսավորման համար։ Գումարի առյուծի բաժինը` մոտ 52 մլրդ դրամ, հասել էր սոցիալական ոլորտին (այս հատկացումները հիմնականում ուղղվել են Լոռու և Տավուշի մարզերում մայիսին տեղի ունեցած աղետի հետևանքով տուժածների աջակցությանը– խմբ.), մյուս` համեմատաբար մեծ մասնաբաժինը հատկացվել է ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին` մոտ 25 մլրդ դրամ։
Այնուհետեև հաջորդում են տնտեսական հարաբերությունների ոլորտը` մոտ 8 մլրդ դրամ, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեությունը` մոտ 4 մլրդ դրամ, հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտը` մոտ 3,2 մլրդ դրամ, առողջապահության ոլորտը` մոտ 1,45 մլրդ դրամ, կրթության ոլորտը` 1,22 մլրդ դրամ, բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայությունները` 374,2 մլն դրամ։
2024 թ. 9 ամսում ամենաքիչ հատկացումը եղել է շրջակա միջավայրի պաշտպանությանը` մոտ 9,3 մլն դրամ։
Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտին, ապա այստեղ համեմատաբար ավելի քիչ գումար է հատկացվել` մոտ 136 մլն դրամ։
Այն, որ պաշտպանության ոլորտին քիչ գումար է հատկացվել, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նորմալ համարեց։
«Պաշտպանության ոլորտի ծախսերը բացարձակ գերակայություն են և բոլոր դեպքերում բյուջեով նախատեսված ծախսերը կատարվում են։ Հիշենք, որ պահուստային ֆոնդից հատկացումներ են կատարվում արտառոց դեպքերի համար։ Այսինքն, այս դեպքում ստացվում է, որ պաշտպանական գերատեսչության մասով ծախսերն անձեռնմխելի են եղել ու բյուջեով հատկացված միջոցները կատարվել են»,– հստակեցրեց Քթոյանը։
Ըստ նրա` այսպիսի բացարձակ գերակայություններին հաջորդում են երկրորդային, երրորդային գերակայությունները, որոնք ունեն բյուջեով նախատեսված առաջնային ծախսեր, սակայն դրանց մի մասը տարվա ընթացքում չեն կատարվում միջոցների անբավարար լինելու պատճառով։ Եվ միայն պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում է հնարավոր դառնում դրանց կատարումը։
Քթոյանի խոսքով` եթե պահուստային ֆոնդի գումարը չվերաբաշխվի տվյալ տարում, ապա այն տեղափոխում է հաջորդ տարվա բյուջե։
© Sputnik / Vahram MkrtchyanՀՀ պահուստային ֆոնդի հատկացումները 2024 թ. 9 ամսում
ՀՀ պահուստային ֆոնդի հատկացումները 2024 թ. 9 ամսում
© Sputnik / Vahram Mkrtchyan
2024 թ. ՀՀ պետական բյուջեի վերաբաշխումներ և պակասուրդ
Վերաբաշխումների մասով նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը կարող է օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 %–ի սահմաններում կատարել վերաբաշխումներ:
Նախարարությունից վստահեցնում են, որ վերաբաշխումների և պահուստային ֆոնդից հատկացումների արդյունքում 2024 թ. պետական բյուջեի պակասուրդը չի փոփոխվել, այսինքն` նոր ծախսեր չեն ավելացել, թեև արդեն իսկ հայտնի է, որ 2025 թ. պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ–ի 5.5 տոկոսը` կազմելով 604 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ 2024 թ. բյուջեի դեֆիցիտը կկազմի մոտ 483 մլրդ դրամ։ Շուրջ 75 % դեֆիցիտը նախատեսվում է փակել պետական պարտատոմսերի թողարկման հաշվին, մնացածը` ավելի քան 25 %–ը՝ արտասահմանյան վարկերի հաշվին (այդ թվում՝ ԵԱԶԲ–ի տված մոտ 100 մլն դոլարի չափով վարկը)։ 2024 թ. 1–ին կիսամյակում ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մեր վերջին հարցը թողել է անպատասխան, թե պահուստային ֆոնդից հատկացումներն ու վերաբաշխումներն արդյոք վկայո՞ւմ են այն մասին, որ տարվա ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունը թերի է կատարվել։