ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթղթեր Երևանից չեն ստացվել. Լավրով
17:24 05.12.2024 (Թարմացված է: 17:38 05.12.2024)
© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Լավրով
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳ նախարարը համոզված է, որ կազմակերպությանը «առավելագույնս» անդամակցելը բխում է Հայաստանի անվտանգության շահերից:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին փաստաթղթեր Հայաստանից չեն ստացվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են անդառնալիության կետը։ ՀՀ վարչապետը նաև հայտարարել էր, որ Հայաստանն արդեն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում, այդ պատճառով էլ չի մասնակցում կազմակերպության շրջանակներում որոշումների և փաստաթղթերի ընդունմանը:
«Մենք լսում ենք այդ խոսակցությունները. Հայաստանի վարչապետը խորհրդարանում այդ թեմայով շատ է խոսել և դատողություններ արել։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում անդամակցությունն առավելագույնս օգտագործելը։ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի համար դռները փակել, չեն ձեռնարկել և չեն պատրաստվում ձեռնարկել»,-ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։