Թմրամոլ չեմ. Կարեն Սարուխանյանը հրապարակել է թմրանյութի թեստի արդյունքները
© Sputnik / Armenuhi MkhoyanԿարեն Սարուխանյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավորն ընդգծել է, որ որոշ շրջանակների կողմից իր դեմ արշավը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՔՊ–ական պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները, հերքելով, որ ինքը թմրանյութ է օգտագործում։
Նշենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր վստահելի աղբյուրներին, գրել էր, որ հետազոտությունը հաստատել է, որ Կարեն Սարուխանյանը թմրանյութ է օգտագործում։
Նոյեմբերի 12-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու էր ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի և իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։
«Քանի որ կուսակցության վարչության փակ նիստից իմ անձի շուրջ դուրս է եկել սուտ, իրականության հետ աղերս չունեցող տեղեկատվություն, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում ներկայացնել ողջ իրականությունը։ Կից տեղադրում եմ թեստի արդյունքը, որով ներկայացնում եմ 20 նյութի վերաբերյալ տվյալներ, որոնցից 19-ը բացակայում են ինձ մոտ, իսկ 1-ը` բարբիտուրատները, կարող են հանդիպել շատերի մոտ, ովքեր երբեմն լավ քնի համար կամ որպես հանգստացնող օգտագործում են կորվալոլ կամ վալոկարդին, քանի որ դրանց բաղադրության մեջ կա բարբիտուրատների շարքի նյութ՝ ֆենոբարբիտալ»,–գրել է Սարուխանյանը։
Նա ընդգծել է, որ որոշ շրջանակների կողմից իր դեմ արշավը շարունակվում է։ Փորձ է արվում սևացնել իր անունը և ստեղծել իրավիճակ, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը փոփոխության ենթարկվի։
Նրա խոսքով` եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կասկածի տակ կդնեն իր հետազոտության տվյալները, ինքը պատրաստ է նոր հետազոտություն անցնել։
Նշենք, որ նախնական հաշվարկով` Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 29–ին։
© Photo : Social media of Karen SarukhanyanԿարեն Սարուխանյանը հրապարակել է թմրանյութի թեստի արդյունքները
Կարեն Սարուխանյանը հրապարակել է թմրանյութի թեստի արդյունքները
© Photo : Social media of Karen Sarukhanyan
Հիշեցնենք` 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց 2021 թ. նոյեմբերի 4-ին։
2024թ–ի հոկտեմբերի 28-ին Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները հրաժարական տվեցին և ավագանիում մեծամասնություն դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը հայտարարեց, որ ավագանու առաջիկա նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին։ ՔՊ–ն հայտարարեց, որ հարցը լուծելու համար Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։