Խախուտ հավասարակշռության իրավիճակ. ինչու է ՀՀ-ում ամեն ինչ ծայրահեղ թանկ
Սուպերմարկետ. Արխիվային լուսանկար
© Sputnik / Александр Кряжев
/ Բաժանորդագրվել
Գործարարն արձանագրում է, որ ՀՀ–ում և՛ ապրանքները, և՛ ծառայությունները թանկ են ոչ միայն տարածաշրջանային մյուս երկրներից, այլև Եվրոպայից, տնտեսագետն էլ արձանագրում` առաջիկայում գնանկում հնարավոր չէ և բացատրում` ինչու։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ապրանքներից մինչև ծառայություններ ծայրահեղ թանկ գներ են, և չնայած որ պահանջարկը նվազում է, գները չեն իջնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց գործարար Հարություն Մնացականյանը։
Օրեր առաջ գործարարն արձանագրել էր, որ ՀՀ–ում աճեցված նեկտարինը Ռուսաստանի սուպերմարկետներում արժե 840 դրամին համարժեք ռուբլի, իսկ Հայաստանի սուպերմարկետներում գրեթե կրկնակի թանկ` 1450 դրամ։
«Ես չգիտեմ` ֆենոմենն ինչո՞ւմ է, ո՞ր օղակն է գերշահույթ ստանում, բայց ունենք այս վիճակը։ Ասում են ներկրողը, բայց ներկրողն էլ գերշահույթ չի կարող ստանալ, որովհետև եթե մնացածը տեսնեն նման գերշահույթ կա, իրենք էլ կներմուծեն, շուկան գերհագեցած կլինի»–ասաց նա։
Մնացականյանի կարծիքով` տեղի սպառողն էլ առանձնապես չունի այդ գնողունակությունը, սակայն, փաստացի, թեկուզ թանկ գնով, բայց գնում է, որ գները չեն իջնում։
Վերջերս նա եղել է Իտալիայի Պալերմո քաղաքում և համեմատական է անցկացրել այնտեղի և ՀՀ–ի գների միջև` արձանագրելով, որ թե՛ ապրանքների, թե՛ ծառայությունների գները Հայաստանից ցածր էին։
«Ես բնակարան էի վարձել` իր բոլոր հարմարություններով և 57 եվրո էի տալիս օրական, այստեղ նմանատիպ տները օրը 60-70 հազարից պակաս չեն։ Ամեն ինչը մեր մոտից էժան էր, հատուկենտ բաներ կային, որ ավելի թանկ էր, քան մեզ մոտ»,–հավելեց գործարարը։
Այս անբացատրելի իրողությունների պատճառով էլ Հայաստանն ու հատկապես մայրաքաղաք Երևանը 2022թ.-ից դարձել են մեր տարածաշրջանի ամենաթանկ երկիրն ու քաղաքը։ Օրերս հրապարակված 2024 թվականի «Կյանքի արժեքի ինդեքս»-ով ամենաթանկարժեք քաղաքների թվում Երևանը 172–րդն է։ Հատկանշական է, որ Երևանում կյանքն ավելի թանկ արժե, քան օրինակ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում և Բաքվում։
Այս ամենի ֆոնին նաև նվազել է զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Մնացականյանի խոսքով` նախորդ տարվա հուլիսի կտրվածքով, այս տարվա հուլիսին 10 հազարից ավելի պակաս զբոսաշրջիկ է եղել Հայաստանում, և այդ թիվն անշեղորեն նվազում է։
«Պահանջարկը պակասում է, բայց գները չեն նվազում։ Տնտեսագիտական օրենքներին սա հակասում է։ Գյուղատնտեսությունը Հայաստանում մեռնում է, բայց հողերի գները բարձանում են` գյուղնշանակության հողերի գներն են բավականին բարձրացել, այգիների գները»,–հավելեց նա։
ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը հակադարձում է` թեպետ պահանջարկը նվազել է, բայց հարաբերականորեն պահանջարկը շարունակում է բարձր մնալ։
«Բացի այն, որ տրադիցիոն մեծ հոսք է եղել վերջին տարիներին` պայմանավորված հատկապես Ուկրաինայում պատերազմական իրավիճակով, մարդիկ եկել են, ծախսել են, գները բարձրացրել են, այստեղ նաև պետք է ժամանակային հատված, որպեսզի իջնեն գները բնականոն մակարդակի։ Նույն հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, հասարակական սննդի օբյեկտները գերադասում են բարձ պահել գները, որպեսզի այդ ծավալի պահանջարկի պայմաններում ստանան իրենց շահույթը, գերշահույթը»,–ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով` խնդիրն այն է, թե ինչպես են վերահսկում վերոնշյալը համապատասխան մարմինները` ՄՊՀ-ն, ՀԾԿՀ-ն, ՊԵԿ–ը։ Մեծ հաշվով այդ պետական կառույցներին ձեռնտու չէ գների վրա պրեսինգ անելը, որովհետև բարձր գները նշանակում են բարձ հարկեր, հարկային մուտքեր։
«Այն ստատուս քվոն, որ գների առումով ձևավորված է մեր սպառողական և կապիտալ ապրանքների շուկայում, ուղղակի դեֆորմացված է, ձևախախտված։ Այստեղ խախուտ, անկայուն հավասարակշռության իրավիճակ է։ Մի կողմից, եթե կարգավորողը գնաց ռեալ իրական ծախսերը բացահայտելու հետևից, հնարավոր է` գները նաև իջնեն, բայց դա ձեռնտու չէ պետությանը, կառավարությանը, որը հարկերի գանձման իր օրակարգն ունի»,–ասաց ՀՊՏՀ պրոֆեսորը։
Մարգարյանի խոսքով` առաջիկայում գնանկում հնարավոր չէ. լուրջ քաղաքական կամք ու ցանկություն է պետք պրոբլեմների թնջուկը բացահայտելու, սակայն նման ցանկություն, կարողություն ու հեռանկար չի նշմարվում, քանի դեռ երկրում լուրջ քաղաքական փոփոխություններ չեն կատարվել։