Խորոված՝ լեռներում, վերնաշապիկ՝ Մոնակոյի իշխանի համար. կոնսիերժ Ալինա Դունամալյանի առօրյան
19:47 22.09.2024 (Թարմացված է: 08:31 23.09.2024)
© Sputnik / Aram NersesyanԱլինա Դունամալյան
Ալինա Դունամալյան
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Ալինա Դունամալյանը ՀՀ–ի համար հազվագյուտ մասնագիտության ներկայացուցիչ է, ՀՀ–ի Կոնսիերժների ասոցիացիայի համահիմնադիրը: 2024 թվականի մարտին դարձել է «Ոսկե բանալիներ» հեղինակավոր միջազգային ասոցիացիայի անդամ։ Հյուրընկալության ոլորտում ունի տարիների փորձ ու պրոֆեսիոնալիզմ։
Կոնսիերժները հաճախ համարվում են հրաշագործներ, քանի որ հյուրերի համար ի վիճակի են լուծել յուրաքանչյուր խնդիր՝ գտնել հազվագյուտ իրեր, ցանկացած վայրում կազմակերպել էքսկուրսիաներ կամ ամենափակ միջոցառումների համար ստանալ հրավերներ: Իր մասնագիտության, հյուրերի և նրանց հարցումների մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է The Alexander, a Luxury Collection Hotel-ի գլխավոր կոնսիերժ Ալինա Դունամալյանը։ Հարցազրույցը վարել է Լաուրա Սարգսյանը:
- Հայաստանում կոնսիերժի մասնագիտությունը տարածված չէ։ Ինչպե՞ս եկաք այս ոլորտ:
- Ավարտել եմ Մոսկվայի տուրիզմի և հյուրընկալության ինստիտուտի «Մենեջմենթի և տնտեսագիտության» ֆակուլտետը: Այս ոլորտում աշխատում եմ արդեն ինը տարի, որից վեցը՝ որպես կոնսիերժ։ Երբ բացվում էր մեր հյուրանոցը, ես Երևանի մեկ այլ հյուրանոցի աշխատակից էի։ Հենց հնարավորություն ստեղծվեց՝ առանց վարանելու դիմեցի և համաձայնեցի կոնսիերժի պաշտոնին՝ վաղուց երազում էի աշխատել ցանցային հյուրանոցում։ Տարիների ընթացքում շատ բան եմ սովորել, դարձել եմ գլխավոր կոնսիերժ, գործընկերներիս հետ հիմնել եմ կոնսիերժների ասոցիացիա և այժմ փորձս փոխանցում եմ թիմիս:
© Sputnik / Aram NersesyanԱշխարհահռչակ «Ոսկե բանալիներ» ասոցիացիայի անդամ Ալինա Դունամալյանը
Աշխարհահռչակ «Ոսկե բանալիներ» ասոցիացիայի անդամ Ալինա Դունամալյանը
© Sputnik / Aram Nersesyan
- Ի՞նչն է մտնում Ձեր պարտականությունների մեջ, և ինչպիսի՞ն էր Ձեր առաջին աշխատանքային օրը:
- Առաջին օրը հեշտ չէր։ Լավ հիշում եմ, թե ինչպես էին հյուրերը մոտենում հարցերով, որոնցից շատերի պատասխանները չունեի։ Դա նպաստեց, որ հասկանամ՝ պետք է ընդլայնեմ գիտելիքներս և կարողանամ արագ արձագանքել հյուրերի հարցերին:
Հոգեբանությունն այս աշխատանքում առանցքային դեր է խաղում: Մեր նպատակն է, որ հյուրը Հայաստանից հեռանա ամենադրական տպավորություններով։ Մենք չենք կարող ասել «ոչ», և միշտ փորձում ենք հնարավորության դեպքում կատարել ցանկացած խնդրանք: Մեր պարտականությունները ներառում են ամեն ինչ՝ ծաղիկներ պատվիրելուց մինչև էքսկուրսիաներ կազմակերպելը և արտերկրում կորցրած ուղեբեռ գտնելը: Ձգտում ենք յուրաքանչյուր հյուրի համար ստեղծել առավել հարմարավետ պայմաններ:
- Ի՞նչ է «Կոնսիերժների ոսկե բանալիներ» ասոցիացիան: Ինչո՞ւ է այդքան կարևոր դառնալ դրա անդամ և ստանալ նվիրական«բանալիները»:
- Այս ասոցիացիայի պատմության արմատները հասնում են միջնադարյան Ֆրանսիա, որտեղ ամրոցների տերերն ունեին հատուկ օգնական՝ Comte Des Cierges կամ «մոմ պահող»։ 1929 թվականին Փարիզի «Ամբասադոր» հյուրանոցի կոնսիերժ Պիեռ Քվենտինի գլխավորած կոնսիերժների խումբը հիմնեց Les Clefs d'Or («Ոսկե բանալիներ») փոխօգնության համայնքը։ 1952-ին այն դարձավ միջազգային, և այժմ ասոցիացիան ներառում է տասնյակ երկրների ներկայացուցիչների: Հայաստանը միացել է 2024 թվականի մարտին՝ այն բանից հետո, երբ ես ստացա «Ոսկե բանալիները»։
© Sputnik / Aram NersesyanԱշխարհահռչակ «Ոսկե բանալիներ» ասոցիացիայի քարտը
Աշխարհահռչակ «Ոսկե բանալիներ» ասոցիացիայի քարտը
© Sputnik / Aram Nersesyan
Բանալիներ ստանալը այնքան էլ հեշտ չէ: Դրա համար պահանջվում է առնվազն չորս տարվա աշխատանք HoReCa-ում, որոնցից երեքը՝ որպես կոնսիերժ: Պարտադիր պայման է անգլերենի ազատ տիրապետումը: Առաջին հերթին պետք է Հայաստանի ծառայությունների ոլորտին վերաբերող նախագիծ գրել, որը կօգնի երկրում «ոսկե բանալիների» զարգացմանը։ Իմ դեպքում դա Your key to armenia նախագիծն էր էլեկտրոնային քարտի տեսքով։ Բացի այդ, անհրաժեշտ է գրել էսսե, հանձնել թեստեր: Դուք նաև պետք է ստանաք ասոցիացիայի անդամ երկու մենթորների աջակցությունը, ովքեր երաշխավորություններ են տալիս և ուղեկցում ձեզ նախագծում: Բայց ամենակարևոր պայմանը մարդկանց և նրանց մասնագիտության հանդեպ սերն է, քանի որ առանց դրա հեշտ է քանի որ առանց դրա հեշտ է ընկճվելը: Իմ պաշտպանությունը տեղի է ունեցել Մոսկվայում, և մարտից ես դարձել եմ ասոցիացիայի անդամ։
- Ճի՞շտ է, որ ասոցիացիայի անդամները միշտ օգնում են միմյանց: Այսինքն՝ դուք միաժամանակ և՛ մրցակիցներ եք, և՛ ընկերներ:
- Ասոցիացիայի կարգախոսն է՝ «Ծառայություն՝ ընկերություն անելով», և դա իրոք այդպես է: Մենք մի մեծ ընտանիք ենք և դժվար պահերին միշտ աջակցում ենք միմյանց։ Օրինակ, մի օր Բելգիայից մեր հյուրը հայրենիքում մոռացել էր մի կարևոր իր, և մենք, մեր գործընկերոջ օգնությամբ, կարողացանք այն հասցնել այստեղ։ Մեկ այլ անգամ մեզ հաջողվեց մեր հյուրի համար մեկ շաբաթվա ընթացքում ձեռք բերել New York Times-ի հազվագյուտ համարը:
- Կպատմե՞ք ամենահիշարժան պատմություններից:
- Մի անգամ Իսպանիայից մի հյուր ուզում էր լեռներում խորոված համտեսել: Մենք նրա համար ուղղաթիռով զբոսանք կազմակերպեցինք, մի ամբողջ թիմ բերեցինք այնտեղ, խոհարարի հետ միասին, և բարձրության վրա իսկական խնջույք կազմակերպեցինք։ Եթե Հայաստանի հնարավորությունները թույլ են տալիս, մենք ամեն ինչ անում ենք հյուրերի ցանկությունը կատարելու համար։ Բայց, ցավոք, դա միշտ չէ, որ հնարավոր է: Այսպես, ԱՄԷ-ից ժամանած հյուրերից մեկը ցանկանում էր զբոսանավ նստել, և մենք ստիպված էինք երկար բացատրել, որ Հայաստանում նման ծառայություն պարզապես չկա։
2018 թվականին, երբ տեղի էր ունենում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, Հայաստան էր ժամանել Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդը։ Այդ պահին Երևանի հյուրանոցներում գրեթե ազատ տեղեր չկային, բոլորն իրարանցման մեջ էին։ Արքայազնը խնդրել էր անգլախոս աշխատակցին բարձրանալ իր մոտ՝ վերնաշապիկը շտապ արդուկելու համար։ Արքայազնը ինձ փոխանցեց վերնաշապիկը, և երբ ես իջա լվացքատուն՝ պարզվեց, որ բոլորը զբաղված են։ Առանց ժամանակ կորցնելու ինքս արդուկեցի նրա վերնաշապիկը, թեև այն շատ թանկարժեք էր և ես չգիտեի` ինչպես օգտագործել հյուրանոցի արդուկը։
Կոնսիերժի մասնագիտության մեջ ճկունությունը և արագ որոշումներ կայացնելու ունակությունը շատ կարևոր են:
© Sputnik / Aram NersesyanԱշխարհահռչակ «Ոսկե բանալիներ» ասոցիացիայի անդամ Ալինա Դունամալյանը
Աշխարհահռչակ «Ոսկե բանալիներ» ասոցիացիայի անդամ Ալինա Դունամալյանը
© Sputnik / Aram Nersesyan
- Ի՞նչն է հատկապես դուր գալիս հյուրերին Հայաստանում:
- Հյուրերի շրջանում հատկապես սիրված են Հայաստանի պատմության թանգարանն ու Ազգային պատկերասրահը։ Շատ են սիրում այցելել Փարաջանովի թանգարան, Մատենադարան և Մեգերյան կարպետ։ Նախընտրում են հայկական գորգերը, նախշերը, Սարյանի ստեղծագործությունը։ Երևանը հյուրերին գրավում է իր աշխուժությամբ, համերգային ծրագրերով հաստատություններով, որտեղ հնչում է ավանդական երաժշտություն և անցկացվում են պարային շոուներ: Մայրաքաղաքից դուրս հյուրերը պաշտում են բնությունը, հատկապես Գառնին, Գեղարդը, Քարերի սիմֆոնիան, Սևանն ու Դիլիջանը։
Բայց միշտ պետք է հաշվի առնել հյուրերի մտածելակերպը։ Օրինակ՝ չինացիները նախընտրում են ճամփորդել խմբով, արաբներին չենք առաջարկում այցելել հայկական տաճարներ. նրանք սիրում են բնությունը։ Հնդիկներին առաջարկում ենք հարմար բուսական ճաշացանկ ունեցող հաստատություններ։ Շատ կարևոր է իմանալ` արդյոք հյուրը որոշ մթերքների նկատմամբ ունի՞ հակացուցումներ։
Ես ու իմ թիմն ամիսը մի քանի անգամ այցելում ենք նոր ռեստորաններ, թանգարաններ, ուսումնասիրում մշակութային միջոցառումները, որպեսզի հետո այդ տեղեկատվությունը փոխանցենք մեր հյուրերին։
- Համարվում է, որ համացանցի դարաշրջանում կոնսիերժի մասնագիտությունը կարող է կորցնել իր արդիականությունը: Ի՞նչ եք մտածում այս մասին:
- Հյուրերը միշտ առաջարկություններ են ակնկալում մեկից, ով ավելի լավ է ճանաչում երկիրը: Այո, համացանցում շատ տեղեկություններ կան, բայց դրանք հաճախ շփոթեցնող են և միայն դժվարացնում են ընտրությունը: Բացի այդ, համացանցը չի կարող փոխարինել մարդկային էմոցիաներին կամ ստեղծել յուրահատուկ տպավորություններ, որոնք մենք փոխանցում ենք կենդանի շփման միջոցով:
© Sputnik / Aram NersesyanԱշխարհահռչակ «Ոսկե բանալիներ» ասոցիացիայի անդամ Ալինա Դունամալյանը
Աշխարհահռչակ «Ոսկե բանալիներ» ասոցիացիայի անդամ Ալինա Դունամալյանը
© Sputnik / Aram Nersesyan