«Փյունիկը» պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնին
21:03 24.07.2024 (Թարմացված է: 21:05 24.07.2024)
© Photo : press office of FC Pyunik«Փյունիկի» խաղացող Լուկաս Վիլելան
«Փյունիկի» խաղացող Լուկաս Վիլելան
© Photo : press office of FC Pyunik
Բաժանորդագրվել
Չեմպիոնների լիգայում անհաջողության մատնված երկու թիմեր՝ «Ստրուգան» և «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայում ձգտելու են հասնել առնվազն մրցաշարի խմբային փուլ։ Սակայն թիմերից միայն մեկը դիմակայության ավարտից հետո նման հնարավորություն կունենա։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի– Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա» թիմին։
«Ստրուգայի» հետ արտագնա հանդիպումը շատ վատ սկսվեց Հայաստանի չեմպիոնի համար։ Արդեն 7-րդ րոպեին դաշտի տերերը 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին ու առաջ անցան հաշվի մեջ։ Սակայն «Փյունիկը» չընկճվեց ու շարունակեց ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը, ու խաղի 20-րդ րոպեին արդեն «Ստրոգայի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց։ Անկյունայինը իրացնելուց հետո Խոսե Կարաբալյոյի նկատմամբ դաշտի տերերը խախտեցին կանոնները։ Լուկաս Վիլելան դիպուկ էր նշակետից՝ 1։1։
Մեկական գնդակ փոխանակելուց հետո թիմերը մինչև ընդմիջում աչքի ընկան միայն գնդակի համար համառ պայքարով։ Իրական գոլային պահեր չկային, չնայած խաղադաշտում աշխատանքը ընթանում էր։
Երկրորդ խաղակեսում գնդակին ավելի շատ տիրում էին Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնի ֆուտբոլիստները, բայց «Փյունիկն» էլ պաշտպանվելով կարողանում էր արագ հակագրոհներ կազմակերպել։ Թիմերը սպառնում էին մեկմեկու դարպասին, բայց գործը արդյունավետ հարվածին չէր հասնում։
Իհարկե մերոնց գործը բարդացավ, երբ 60-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն հեռացվեց խաղադաշտից։ «Փյունիկն» արդեն ստիպված էր հիմնականում պաշտպանվել ու երկար ժամանակ դա բավականին լավ էր ստացվում։ Եվ երբ կարծես թե ոչ մի բան չէր սպառնում «Փյունիկի» դարպասին, Ստեֆան Սպիրովսկին հեռահար հարվածով շատ գեղեցիկ գոլ հեղինակեց ու առաջ մղեց «Ստրուգային»։
Տասը ֆուտբոլիստներով խաղալով կես ժամից մի փոքր ավելի, «Փյունիկը» պարտվեց նվազագույն հաշվով։ Դիմակայությունում ամեն ինչ կվճռվի պատասխան խաղի ընթացքում։
Իսկ պատասխան խաղը «Փյունիկի» և «Ստրուգայի» միջև կայանալու է հուլիսի 30-ին, Երևանում։