Փաշինյա՞նն է շահում, թե՞ Ալիևը. Սուրենյանցը` «տապալված» հանդիպման մասին
© Sputnik / Vladimir SmirnovԻլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
© Sputnik / Vladimir Smirnov
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանը համոզված է` Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվող ցանկացած փաստաթուղթ վատթարագույնն է լինելու, քանի որ նա հայտնվել է փակուղում։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Էական չէ, թե ով է մերժել Մեծ Բրիտանիայում Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման առաջարկը, որովհետև թե՛ Ադրբեջանի նախագահը, թե՛ ՀՀ վարչապետն այս պահին պատրաստ չեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով երեկ երկու կողմերի տարածած իրարամերժ հայտարարությունները։
Ադրբեջանական կողմը հուլիսի 18-ին հայտարարեց, որ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Ալիևի հետ: Ըստ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի` հանդիպման սկզբում պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, որից հետո նախատեսվում էր Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում։ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն էլ հայտարարեց, որ հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում անցկացնել Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում, սակայն ադրբեջանական կողմն է մերժել առաջարկը։
«Ադրբեջանը մոտիվացիա չունի, որովհետև հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանից աստիճանաբար կարողանում է կորզել այն, ինչ ցանկանում է, և այդ պարագայում ինչո՞ւ կաշկանդել ձեռքերը ինչ–որ պայմանագրով, խաղի կանոններով։ Հատկապես որ ԱՄՆ ընտրությունները կարող են նոր լարվածություն առաջացնել, ինչից կարող է օգտվել Ադրբեջանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտնվել է այնպիսի փակուղում, որ նրա կողմից ստորագրվող ցանկացած փաստաթուղթ ուղղակի վատթարագույնն է լինելու»,– ասաց Սուրենյանցը։
Անդրադառնալով հանդիպման հնարավոր ֆորմատի խնդրին` քաղաքական վերլուծաբանը նշեց, որ միջնորդների գործոնն էական չէ, քանի որ արևմտյան միջնորդները միայն հարթակ տրամադրողներն են, իսկ երկկողմ բանակցությունների դեպքում Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ–ի վրա` ստանալով առավելագույնը, մյուս կողմից միջազգային հարթակներում հաջողում է լեգիտիմացնել իր օրակարգը։
«Այս իրավիճակում որևէ մեկը չի պատրաստվում պատասխանատվություն ստանձնել գործընթացի համար։ Ամեն մեկը փորձում է սպասարկել իր շահերը»,– կարծում է Սուրենյանցը։
Թեև տարածած հայտարարության մեջ ադրբեջանական կողմը «Հայաստանի մերժումը» որակել է որպես երկխոսությունից և խաղաղության օրակարգի առաջմղման մտադրությունից հեռանալու դրսևորում, այդուհանդերձ, Սուրեն Սուրենյանի գնահատմամբ, ստեղծված իրավիճակից ու ժամանակի ձգձգումից իրականում շահում է հենց Ադրբեջանը։
«Ինչքան շուտ ձևավորվի ինչ–որ ստատուս քվո, կայունություն, խաղաղություն, այնքան շուտ Հայաստանը կկարողանա դուրս գալ այս ստորացուցիչ վիճակից։ Իսկ հիմա մենք տեսնում ենք հակառակ տրամաբանությունը. Ադրբեջանն այդ ժամանակն օգտագործում է առանց խաղաղության երաշխիքներ տալու և առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանից զիջումներ կորզելու համար»,– ընդգծեց վերլուծաբանը։
Ի դեպ, ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, ի հակադրություն ադրբեջանական կողմի` հանդիպումը տապալելու հարցում Հայաստանին ուղղված մեղադրանքների, նշվում էր, որ հայկական կողմը վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Սուրենյանցը մեկամսյա ժամկետը համարում է Հայաստանի ցանկությունը` հավելելով, որ դրա համար որևէ հիմք չկա. Ադրբեջանը դրել է կոնկրետ պահանջներ, առանց որոնց իրականացման չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ստորագրել, և համաշխարհային որևէ կենտրոն չի պատրաստվում ճնշում գործադրել Ալիևի վրա, որպեսզի իր պահանջից հրաժարվի։