Ցեղասպանությունը հիշատակելու համար տուգանված թուրքական ռադիոն արդարություն է պահանջում
12:26 01.07.2024 (Թարմացված է: 12:28 01.07.2024)
© Photo : official site of odatvԹուրքական Acik Radiyo ռադիոկայանը
© Photo : official site of odatv
Բաժանորդագրվել
Ապրիլի 24-ին Açık Radyo-ի եթերի հյուրերից մեկը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը։ Երբ ռադիոկայանը հրաժարվել է հերքել նրա խոսքերը, ռադիոկայանին տուգանել են «ազգամիջյան երկպառակություն հրահրելու համար» և սպառնացել են փակել եթերը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Թուրքական Açık Radyo ռադիոկայանը, որը տուգանվել է Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար, դիմել է ունկնդիրներին։ Ռադիոկայանի հայտարարության մեջ ասվում է, որ չափազանց տարօրինակ է լսել «ատելության խոսքի» մասին մեղադրանքները, երբ պաշտպանում ես մամուլի ազատությունը: Ռադիոկայանի կայքում հրապարակված հայտարարությունից հատվածներ է արտատպել ֆրանս-հայկական Nouvelles d’Armènie պարբերականը:
Ցեղասպանության մասին խոսել է ռադիոկայանի հաղորդումներից մեկի հյուրը 2024 թվականի ապրիլի 24-ին։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ 109 տարի առաջ տեղի են ունեցել տեղահանություններ և զանգվածային սպանություններ «հայկական, այսինքն՝ օսմանյան հողերում, և այդ սպանությունները կոչվում են ցեղասպանություն»։
Ռադիոկայանը հրաժարվել է հանդես գալ նրա խոսքերի հերքմամբ, ինչից հետո մայիսի 22-ին նրա նկատմամբ 189 հազար լիրա (մոտ 5,4 հազար եվրո) տուգանք են սահմանել և 5 օրով փակել են եթերը: Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (RTÜK) այս որոշումն ընդունել է ՝ ընտրելով «ազգամիջյան երկպառակություն հրահրելու համար» ձևակերպումը։
Հանձնաժողովը նախազգուշացրել է, որ մեկ տարվա ընթացքում կրկնակի «խախտման» դեպքում եթերը կփակվի 10 օրով, իսկ երրորդ անգամ ռադիոն կզրկվի լիցենզիայից: Açık Radyo-ն բողոքարկել է այդ որոշումը, սակայն դատարանն առայժմ այն թողել է ուժի մեջ։ «Açık Radyo ռադիոկայանը ավելի քան 30 տարի փորձում է փոխանցել աշխարհում հնչող բոլոր ձայները։ Ցավալի է, որ մեզ հիմա մեղադրում են խտրականության համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Ռադիոկայանը հավելել է, որ հյուրը (նրա անունը չի նշվում- խմբ.) ատելության կամ թշնամանքի կոչեր չի արել, և ընդգծել է, որ կշարունակի հեռարձակումը նույն սկզբունքներով՝ խոսքի ազատության սկզբունքի հիման վրա, որն ամրագրված է ինչպես միջազգային իրավունքում, այնպես էլ Թուրքիայի Սահմանադրության մեջ:
Օսմնանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել ավելի քան 1,5 մլն հայ։
1965 թվականին Ուրուգվայը առաջին երկիրն է եղել, որ ճանաչել է Ցեղասպանությունը, նրան հաջորդել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, Պորտուգալիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ-ը, Սիրիան: Միջազգային կազմակերպություններից այն ճանաչել են Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։