Այս մրցույթի իմաստը ոչ այդքան ռադիոյի տնօրեն ընտրելն էր, որքան ինձ չընտրելը. Խումարյան
17:49 05.06.2024 (Թարմացված է: 17:54 05.06.2024)
Բաժանորդագրվել
Գարեգին Խումարյանը վստահ է՝ Հանրային հեռարձակողի խորհրդի բոլոր անդամները պետք է միաժամանակ կամավոր հրաժարական տան, ինչից հետո նոր խորհուրդ կձևավորվի։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Գարեգին Խումարյանը կրկին մասնակցելու է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի նոր մրցույթին։ Այս մասին նա հայտարարել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ քիչ առաջ ավարտվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը, որը համարվել է չկայացած։ Բանն այն է, որ մրցույթին հայտ ներկայացրած 4 անձն էլ՝ Գարեգին Խումարյանը, Բելլա Հովհաննիսյանը, Մարիամ Մանուկյանը, Մհեր Մարգարյանը։
Այս պաշտոնում մրցույթ հայտարարելու անհրաժեշտությունն առաջացել էր, քանի որ Խումարյանի ժամկետն ապրիլի 8-ին լրանում էր։ Մինչ այդ էլ՝ հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին։ Արդեն երեկոյան ու հաջորդ օրը հանրության շրջանում վրդովմունք էր առաջացրել, մեղադրանքներ էին հնչել հաղորդաշարի հեղինակ Բարեղամ Ղուկասյանի հասցեին։ Գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն էլ իրավիճակը փոքր–ինչ հարթելու համար փետրվարի 5–ին հայտարարություն էր տարածել ու հարցազրույցի մեղավորությունն իր վրա վերցրել։ Հանրային հեռարձակողի խորհուրդն էլ փետրվարի 6-ին հայտարարել էր, որ առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին։
«Այս մրցույթի իմաստը, դատելով արդյունքից, ոչ այդքան ռադիոյի տնօրեն ընտրելն էր, որքան ինձ չընտրելը, թեկուզև հաստիքը թափուր թողնելու գնով։ Կարող եմ արդյո՞ք համարել, որ խախտված է անխտրական վերաբերմունքի երաշխավորված իրավունքս։ Կարծում եմ՝ կարող եմ և այդպես էլ համարում եմ։ Շուտով հայտարարվելու է նոր մրցույթ, որին կրկին մասնակցելու եմ՝ օր առաջ աշխատանքի վերադառնալու նպատակադրմամբ։ Հստակ երևում է Հանրային հեռարձակողի խորհրդի անհամարժեքությունը, որի հետևանքով առաջացած կառավարման ճգնաժամի ռիսկից խուսափելու համար խորհրդի բոլոր անդամները միաժամանակ կամավոր հրաժարական պետք է տան, ինչին կհետևի նոր խորհուրդ ձևավորելու գործընթաց»,- գրել է Խումարյանը։
Նա ընդգծել է, որ ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինն արձանագրել է՝ ոչ էթիկա է խախտվել, ոչ էլ օրենք, իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի օգտագործած ձեւակերպումները` «առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը», «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ», համարժեք չեն իրավիճակին և չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման և բանավեճի մշակույթի զարգացմանը։
Խումարյանը շեշտել է, որ ապրիլի 5-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը փոխել է նաև հանրայինների տնօրենների մրցույթի անցկացման կարգը՝ հրաժարվելով գումարել անկախ մրցութային հանձնաժողով։
Խումարյանը հստակ ներկայացրել է, թե ինչու պետք է ՀՀԽ-ն հրաժարական տա․ ներկայիս կազմով՝ երբ խորհրդի 7 անդամից 4-ը այս կամ այն կերպ կապված են գործող իշխանության հետ, անհամարժեք է Հանրային հեռարձակման անկախությունը երաշխավորող Սահմանադրության 42-րդ հոդվածին։ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենին հրապարակայնորեն հանիրավիր մեղադրելով օրենքի խախտման համար՝ ընկերության շուրջ բացասակական ֆոն է առաջացրել, մրցույթի ժամանակ մասնակիցներից առնվազն մեկի նկատմամբ դրսևորել է քաղաքականապես մոտիվացված ակնհայտորեն կանխակալ վերաբերմունք։
«Չե՞ք ուզում հանրային։ Անկեղծորեն խոստովանեք դա, փոխեք օրենդրությունը, ձեզ համար պետական լրատվամիջոց հիմնեք, ինչպես օրինակ Բելառուսում է, Ռուսաստանում, Միջին Ասիայի երկրներում, Ադրբեջանում, որտեղ, ի դեպ, գործադիր տնօրեն ընտրում են ճիշտ նույն ընթացակարգով՝ Խորհրդի որոշմամբ` առանց մրցութային անկախ հանձնաժողովի։
Լիահույս եմ, որ Խորհրդի անդմաներն այս տեքստն առանձին-առանձին են ընթերցում և գոնե կմտորեն դիմում գրելու շուրջ։
Նրանց ճանաչող և նրանց վրա քաղաքական, թիմային, գործընկերական, բարեկամական ազդեցություն ունեցող անձանց հորդորում եմ, հեղինակության ողջ պաշարն օգտագործելով, մղել նրանց լիազորությունները վայր դնելուն։ Ստեղծված իրավիճակի համապարփակ և վերջնական հանգուցալուծման նկատառումներից ելնելով խոստանում եմ, որ եթե ողջամիտ ժամկետներում ՀՀԽ բոլոր անդամները հրաժարական տան, ես նոր մրցույթին չեմ մասնակցի ու էլ չեմ հավակնի ստանձնել ընկերության ղեկը։ Կգնա խորհուրդը, կանհետանամ նաև ես»,- նշել է Խումարյանը։