«Նամակ կապեմ քո վզին, տար Անժելա Դևիսին». ամերիկացի կոմունիստ կնոջ ճակատագիրը
23:40 26.01.2024 (Թարմացված է: 11:25 27.01.2024)
© AFP 2024 / ANDREAS SOLAROԱնժելա Դևիսը
Անժելա Դևիսը. Արխիվային լուսանկար
© AFP 2024 / ANDREAS SOLARO
Բաժանորդագրվել
Ուրբաթ օրը Անժելա Դևիսը դարձավ 80 տարեկան։ Գիտեմ, որ հիմա շատերը, մանավանդ երիտասարդները, զարմացած կհարցնեն՝ իսկ ո՞վ է Անժելա Դևիսը։
Այնինչ, այդ կնոջը ժամանակին համալսարանից հեռացրել է Ռոնալդ Ռեյգանը, Կրեմլում ընդունել է Լեոնիդ Բրեժնևը, նրա մասին երգեր են գրել «Ռոլինգ Սթոունզ» խումբը և Ջոն Լենոնը։ Նա եղել է սևամորթների «Սև հովազներ» ինքնապաշտպանական կազմակերպության համակիրը և միաժամանակ քարոզել է խաղաղություն ողջ աշխարհում, մեկուկես տարի անցկացրել է ճաղերի հետևում ու նաև որպես փոխնախագահի թեկնածու մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։ Իմ սերնդակիցների մեջ դժվար թե գտնվի որևէ մեկը, որը լսած չլինի Անժելա Դևիսի անունը, բայց, ինչպես ասում էր Վահան Տերյանը. «Տարիներն արագ, ամպերի նման, անցնում են անհետ…», փորձեք երևանյան որևէ բուհի դիմաց խմբված տղաներին ու աղջիկներին հարցնել՝ գիտե՞ն արդյոք Անժելա Դևիսին։ Գրազ եմ գալիս՝ լավագույն դեպքում կպատասխանեն. «Հա, «Friends» սերիալի էն սիրունիկ դերասանուհին»։
«Նամակ կապեմ քո վզին՝ տար Անժելա Դեւիսին»
Ինչո՞ւ էր ամերիկուհին այդքան հայտնի Խորհրդային Միությունում։ Որևէ գաղտնիք չկա. դեռ ավագ դպրոցում սովորելու տարիներին նա դարձավ մարքսիստական խմբակի անդամ, իսկ տարիներ հետո անդամագրվեց ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցությանը։ Ու միանգամից էլ, ինչպես ասում են, սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում կոմունիստ լինել Ամերիկայում։ Հենց որ սկսեց դասավանդել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում, նահանգապետ Ռոնալդ Ռեյգանը կարգադրեց. «Անմիջապես ազատվե՛ք այդ կոմունիստ կնոջից, քանի դեռ ուսանողներին էլ բոլշևիկ չի դարձրել»։ Ապագա նախագահի մտավախությունը, թերևս, հիմք ուներ, որովհետև արդեն այն ժամանակ Անժելա Դևիսը հնչեցրել էր իր հանրահայտ դարձած կարգախոսը. «Ես այլևս չեմ ընդունում այն, ինչ չեմ կարող փոխել, ես փոխում եմ այն, ինչ չեմ կարող ընդունել»։
Միգուցե հենց այս մարտական կարգախոսն ի վերջո հանգեցրեց «Սև հովազներ» շարժման հետ մերձեցմանը, որովհետև այդ կազմակերպությունը, կտրականապես մերժելով սևամորթների իրավունքների համար պայքարելու Մարտին Լյութեր Քինգի քարոզած խաղաղ միջոցները, որդեգրել էր բոլորովին այլ մոտեցում. եթե ոստիկանները մեր դեմ զենք են կիրառում, մենք էլ իրենց դեմ զենք կկիրառենք։ «Սև հովազները» բավական լավ համբավ ունեին Նյու Յորքի և այլ խոշոր քաղաքների սևամորթներով բնակեցված թաղամասերում, որովհետև բարեգործական ճաշարաններ էին բացում, օգնում էին չքավորներին, բռնությունից պաշտպանում բնակիչներին։ Բայց միևնույն ժամանակ, այդ կազմակերպության անդամները համոզված էին, որ բռնության դեմ պայքարելու միակ արդյունավետ միջոցը բռնությունն է։
«Սև հովազների» հետ մերձեցումը նաև զուտ անձնական պատճառ ուներ։ Սոցիոլոգ Անժելա Դևիսը ամիսներ շարունակ հետազոտություններ էր անցկացնում տարբեր բանտերում։ Դրանցից մեկում էլ նա հանդիպեց «Սև հովազներ» կազմակերպության ակտիվիստ, կրկնահանցագործ Ջորջ Ջեքսոնի հետ ու սիրահարվեց նրան։ Ազատ արձակվելուց հետո Ջեքսոնը որոշեց ազատել նաև մեկուսարանում իրենց դատին սպասող եղբորը և նրա երկու ընկերներին։
Հենց դատի ժամանակ Ջորջը զինակիցների հետ ներխուժեց դահլիճ և պատանդ վերցրեց դատավորներին ու մեղադրողին։ Այս միջադեպը ողբերգական ավարտ ունեցավ. իրավապահները գրոհեցին դահլիճը, և փոխհրաձգության ժամանակ սպանվեցին Ջորջի եղբայրն ու դատավորներից մեկը։ Անժելա Դևիսն, իհարկե, այս ամենի հետ որևէ առնչություն չուներ, բայց նրան էլ մեղադրեցին «Սև հովազներին» աջակցելու մեջ։ Մեկուկես տարի շարունակ քննիչները փորձում էին անհերքելի ապացույցներ գտնել, որ այդ կինը օգնել է հանցագործներին, զենք ձեռք բերել նրանց համար։ Ոչինչ չգտան՝ բացի այն օրագրից, որում Անժելան մանրամասն նկարագրում էր իր գեղեցիկ զգացմունքները Ջորջ Ջեքսոնի նկատմամբ։
Այսօր 80-ամյա պրոֆեսոր Անժելա Դևիսը համաշխարհային պատմություն է դասավանդում Սանտա Կրուզ քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանում, բայց մինչև հիմա չի կարողանում մոռանալ այն օրը, երբ դատարանի դահլիճում դատախազը սկսեց մեղադրական տոնով իր օրագրում կարդալ սիրո խոստովանությունը ։ «Փաստորեն, ինձ ուզում էին ազատազրկել միայն այն պատճառով, որ օրագրումս անկեղծորեն խոստովանել էի, որ անչափ սիրահարված եմ մեղադրյալներից մեկին»,- տխուր ժպտում է Անժելա Դևիսը և ավելացնում. «Միակ մխիթարանքս այն ժամանակ այն էր, որ ողջ աշխարհն էր պահանջում ազատել ինձ»։
Այո′, էդ մեկը շատ լավ հիշում եմ՝ դպրոցականները բացիկների վրա գրում էին «Ազատությո'ւն Անժելա Դևիսին» և գցում փոստարկղը։ Նույնիսկ բանաստեղծություն կար.
«Ծիտի՛կ, ծիտի՛կ, այ, ծիտիկ,
Դու արի ինձի մոտիկ՝
Նամակ կապեմ քո վզին,
Տար Անժելա Դևիսին»…