Վտանգավոր տենդենց է. Արա Ղազարյանը` գրառումների համար հարուցված քրգործերի մասին
23:28 07.11.2023 (Թարմացված է: 23:37 07.11.2023)
© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով` ատելության խոսք մեկնաբանելիս ՀՀ–ում քննիչների համար ուղեցույց պետք է լինի Ռաբաթի գործողությունների ծրագիրը` 6 սկզբունքներով։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Վերջին շրջանում սոցիալական ցանցերում հրապարկումների համար հարուցված քրեական գործերը վտանգավոր տենդենց են, քանի որ ատելության խոսքի կոշտ մեկնաբանությունը կարող է բախվել արտահայտվելու ազատության իրավունքի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար այսօր կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Ըստ ՔԿ–ի` Ախոյանը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Օրեր առաջ էլ ֆեյսբուքյան գրառման համար քրեական հետապնդում է հարուցվել նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ։
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով` սոցցանցերում գրառումների կամ, օրինակ, բեմադրությունների համար քրգործեր պետք է ծայրահեղ և բացառիկ դեպքերում հարուցվեն։
«Առաջին հերթին հաշվի է առնվում դրա հասարակական վտանգավորությունը։ Եթե այն նվազ է, բայց ամեն դեպքում կարող է բացասական հասարակական վարքագծի օրինակ հանդիսանալ, արժե այդ խնդիրը կարգավորել վարչական տույժերով` 10 հազար կամ 100 հազար դրամի չափով, ինչպես կարգազանց վարորդների դեպքում։ Օրինակ` բեմադրությունները պետք է կոնկրետ իրավիճակում տեսնել, եթե հասարակական վտանգավորությունը մեծ է, ապա այն քրեաիրավական հակազդեցություն պետք է ունենա»,–ասաց Ղազարյանը։
Հասարակական վտանգավորությունը մեծ լինելու դեպքում, և երբ ատելության խոսք մեկնաբանելու անհրաժեշտություն է առաջանում, ըստ փորձագետի, ՀՀ–ում քննիչների համար ուղեցույց պետք է լինի Ռաբաթի գործողությունների ծրագիրը, որը ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ընդունված 6 սկզբունքներ են ներառում։
Նախ գնահատվում է համատեքստը` արդյոք այդ խոսքն ասվել է շատ լարված սոցիալ–քաղաքական կոնտեքստում թե ոչ, թե հենց այնպես ասված խոսք է։
Ո՞վ է այդ խոսքը հնչեցնողը` մի բան է, երբ դա ասել է իրավապաշտպան, մեկ այլ բան է՝ սովորական քաղաքացի։ Կամ մի բան է, երբ դա ասում է երկրի ղեկավարը` օրինակ Ալիևը, և մի բան է, երբ սովորական քաղաքացին է ասում, հետևանքները և դրա հանրային վտանգավորությունը տարբեր են։
Դիտավորությունը` արդյոք դա հենց այնպես ասված խոսք է, թե իսկապես բռնություն, հասարակական կարգը տապալելու, հասարակական անկարգություններ հրահրելու միտում է ունեցել, կոնկրետ նպատակ է ունեցել տվյալ անձը։
Բովանդակություն և ձև. խոսքը ասվել է սոցիալական հարթակո՞ւմ, որը հասանելի է բոլորին, թե՞ նեղ ընկերական շրջապատում կամ ճաշկերույթի սեղանին։ Դրանց հնարավոր հանրային վտանգավորությունը կամ կոնկրետ հանրային վտանգավորությունը էականորեն տարբեր են։
Խոսքի սրության աստիճանը. օրինակ վուլգար խոսք է կամ այլաբանություն, թե կոնկրետ փաստի վրա հիմնված խոսք է։ Մի խոսքով, այստեղ խոսքի սրության աստիճանն է գնահատվում։
Եվ վերջինը, որը շատ կարևոր է` հասարակական անկարգություններ հարուցելու հավանականությունն է կամ կոնկրետությոնը։ Այսինքն` կոնկրետ քննչական մարմինը պետք է նաև ներկայացնի ապացույցներ, որ ասված խոսքը կամ արդեն հասարակական անկարգություններ է բերել, կամ կարող է դրան հանգեցնել, այսինքն` այստեղ պետք է կոնկրետություն։
«Եթե վերոնշյալը չկա, ուրեմն ցանկալի է, որ սա ընդամենը վարչական տույժով կարգավորվի»,– ընդգծեց նա։
Նույնը վերաբերում է նաև հանրահավաքների ժամանակ հնչեցվող կոչերին, օրինակ« մահ դավաճաններին»։ Այս դեպքում էլ Ղազարյանը հորդորում է հաշվի առնել կոնտեքստը` դա ուղղակի քաղաքական հռետորաբանությո՞ւն է, այլաբանությո՞ւն է, գրական գեղարվեստական արժեք ունեցող ստեղծագործության մի փոքր մա՞ս, թե, օրինակ, կոչ է բռնության` ընդդեմ ոստիկանների։
Նա որպես օրինակ նշեց ՄԻԵԴ–ի վճիռը, որտեղ հանրահավաքի մասնակից մի երիտասարդի ուղղակի էմոցիոնալ խոսքը` «ոստիկաններին պետք է ամեն օր այրել...» Եվրոպական դատարանը չհամարեց ատելության խոսք, քանի որ կոնտեքստը բացակայում էր
«Նա ուղղակի հիմարություն էր դուրս տվել։ Բայց մեկ այլ անձ, որը քաղաքական գործիչ է, ունի պլատֆորմ, համախոհներ, նրա ասած նման խոսքը կարող է ռեզոնանս առաջացնել, և կարող է համարվել ատելության խոսք։ Բառը չի կարելի գնահատել ինքն իր մեջ։ «Մահ դավաճաններին» բառակապակցությունը ինքնին ատելության խոսք չէ , եթե չկա կոնտեքստը, որը կազմված է վերոնշյալ 6 բաղադրիչներից»,–հավելեց նա։։
Ինչ վերաբերում է վերջին շրջանի հայտնի քրգործերին, որոնք հարուցվել են ատելության խոսքի հոդվածով, մեր զրուցակիցը կարծում է, որ դա կարող էր կարգավորվել վարչաիրավական տիրույթում։
«Քրեականը անհամաչափ, անհամարժեք արձագանք է, որովհետև ես չեմ տեսնում, որ նրանց ասված խոսքը վտանգում է սահմանադրական կարգը կամ հանրային հարաբերությունները կամ էլ հասարակական կարգը այն աստիճան, որ պետք է քրեաիրավական հակազդեցություն առաջացնի»,–նշեց նա։
Միջազգային իրավունքի մասնագետի համոզմամբ՝ ատելության խոսք մեկնաբանելիս պետք է ձգտել մեղմ մեկնաբանել, որովհետև դա բախվում է արտահայտվելու ազատության իրավունքի հետ։