Նոր հնարավորություննե՞ր, թե՞ նոր խնդիրներ. ինչ կտա Հռոմի ստատուտը Հայաստանին
22:05 16.09.2023 (Թարմացված է: 17:30 17.09.2023)
© Photo / official site of the President of RAՀՀ դրոշը հայ–ադրբեջանական սահմանին
Բաժանորդագրվել
ՀՀ–ն պատրաստվում է վավերացնել Հռոմի ստատուտը։ ՌԴ–ն այդ հարցի հետ կապված բողոքի նոտա հղեց ՀՀ–ին։ Փաշինյանը, սակայն, հայտարարեց, որ փաստաթուղթը վավերացվելու է լիարժեք։ Խնդրի իրավական և քաղաքական հնարավոր հետևանքների մասին Sputnik Արմենիան լսել է մասնագետների կարծիքները։
Հռոմի ստատուտը կտարածվի ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների վրա
Եթե Հայաստանի խորհրդարանը վավերացնի Հռոմի կանոնադրությունը (ստատուտ) և դրա իրավազորությունը տարածվի ՀՀ տարածքի նկատմամբ, դա կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից կատարվելիք հանցագործությունների կոնտեքստում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` ներկայացնելով Հռոմի ստատուտի իրավական հնարավորությունները։
Հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից միջազգային փաստաթղթի վավերացված չլինելը չի ազատի Ադրբեջանին ու դրա նախագահի ենթադրվող պատասխանատվությունից, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց.
«Առնվազն այն մասով, որ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, Հայաստանի վավերացման դեպքում այս մասով վստահաբար կտարածվի։ ՀՀ տարածքում գտնվող ու հանցագործություն կատարող ադրբեջանական զինվորականների նկատմամբ միանշանակ կտարածվի։ Կարող են լինել Հռոմի կանոնադրության իրավազորության այլ իրավիճակներ ևս, որոնց վերաբերյալ կրկին իրավազորության հարց կարող է քննարկվել»։
Կիրակոյանը չցանկացավ բացել փակագծերն ու նշել, թե որոնք են այդ հնարավոր «այլ իրավիճակները»։
Հռոմի ստատուտը Արցախի հարցը չի լուծելու, սահմանային միջադեպերն էլ չի քննարկելու
Այն, որ Հռոմի ստատուտի վավերացմամբ իշխանությունը փորձում է ապահովել ՀՀ անվտանգությունը, արդարադատության նախկին փոխնախարար, իրավագետ Արամ Օրբելյանը «զավեշտալի ու վտանգավոր» է որակում։
«Արցախի հարցը չի լուծելու ստատուտը, քանի որ Արցախի տարածքի նկատմամբ այն չի տարածվելու` քանի դեռ ՀՀ–ի մոտեցումն այն է, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Եվ միայն տեսական խնդիրը հանգելու է նրան, թե ՀՀ տարածքում հանցագործությոսւններ տեղի ունեցել են, թե ոչ։ Այսօրվա պրիմիտիվացված բանակցային լույսի ներքո որևէ գործընթաց չի էլ քննարկվելու ՀՀ–ի տարածքում` լինի դա միջանցքի բացում, սահմանային միջադեպեր, թե ՀՀ տարածքների օկուպացիա, որովհետև վերջիվերջո հարց է առաջ գալու նաև ՀՀ տարածքների ճանաչման մասով»,– ասում է Օրբելյանը։
Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ Հռոմի ստատուտի վավերացման ու Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ–ն կարող է դիմել դատարան` ՀՀ տարածքում Ադրբեջանի կատարած հանցագործությունները հետաքննելու հայցով։ Բայց դա կարող է արվել ոչ թե պետության, տվյալ դեպքում` Ադրբեջանի դեմ, այլ կոնկրետ հանցագործություն կատարած անձանց։
«ՀՀ գործող իշխանությունները փափուկ բարձ են դնում` ասելով`մենք կվավերացնենք, ու, երբ Ադրբեջանը մեզ վրա հարձակվի, իրենց կբռնենք։ Մենք տեսնում ենք` Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, և սանկցիա չի կիրառվում։ Մենք տեսնում ենք` ԱՄՆ Սենատում քննարկումների ժամանակ պետդեպարտամենտի Եվորպայի և Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնականի ժ.պ–ի հստակ տեքստը, թե` Ադրբեջանը չի բացում սահմանը, որպեսզի ստիպի սովի միջոցով այնտեղ բնակվող մարդկանց ենթարկվել, ու դրանից հետո չեն հաջորդում որոշակի սանկցիաներ ու գործընթացներ։ Մենք տեսնում ենք ԵՄ–ի կողմից հայտարարություն, որ Ադրբեջանը ՀՀ տարածքում է, պետք է զորքերը դուրս բերի, և ոչ մի սանկցիայի քննարկում տեղի չի ունենում»,– արձանագրում է մասնագետը։
Իսկ որպեսզի Քրեական դատարանը իրավունք ունենա Ադրբեջանի նկատմամբ կամ Ադրբեջանի տարածքում որոշակի գործողություններ կատարել, Ադրբեջանը կա՛մ պետք է միանա ստատուտին, կա՛մ ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը պետք դիմի Քրեական դատարան։
Օրբելյանը նաև կարծում է, որ ստատուտի վավերացումը ոչ միայն էականորեն չի ավելացնելու միջազգային իրավական ատյաններում ՀՀ–ի հնարավորությունները, այլև կարող է հետագայում գործել հենց ՀՀ–ի դեմ, օրինակ` ապագայում հնարավոր նոր պատերազմի դեպքում ՀՀ–ի արձագանքը կարող է որակվել հանցանք ու այդ համատեքստում ներկայացվել Արդարադատության միջազգային դատարան։ Ընդ որում, եթե Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի ստատուտը, դա, Արամ Օրբելյանի դիտարկմամբ, չի նշանակում, թե այդ երկիրը չի կարող ՀՀ–ի դեմ հայցը ներկայացնել որևէ երրորդ երկրի կամ հենց ՄԱԿ–ի միջոցով։
Հռոմի ստատուտի վավերացման հարցը Եվրոպան վաղուց է բերել Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգ
Վերջին շրջանում հայ-ռուսական լարված հարաբերությունների պատճառներից մեկը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն է։ Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի արտգործնախարարությունն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան է հայտնել Հայաստանին՝ կապված նաև Հռոմի ստատուտի հետ։ Չնայած դրան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարեց, որ և՛ իր, և՛ իրենց խմբակցության դիրքորոշմամբ՝ փաստաթուղթը վավերացվելու է ամբողջությամբ ու լիարժեք։ Ըստ Փաշինյանի՝ դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, այլ կապ ունի Հայաստանի անվտանգության խնդիրների հետ։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հռոմի ստատուտի նախագիծը ներկայացվել է Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում կայացնելուց շատ ավելի վաղ։
Անդրադառնալով հարցի իրավական կողմին` արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը բացառեց ՌԴ նախագահի ձերբակալությունը ՀՀ տարածքում`արձանագրելով, որ պետության առաջին դեմքերն օժտված են անձեռնմխելիության միջազգային մանդատով, և որպեսզի Միջազգային դատարանի օրդերը տարածվի տվյալ դեպքում ՌԴ նախագահի վրա, պետք է, որ Ռուսաստանն էլ վավերացնի Հռոմի կանոնադրությունը։
«Խնդիրն այլ դաշտում է. բացի Վլադիմիր Պուտինից, կարող են լինել բազմաթիվ այլ մարդիկ։ Առնվազն մեկ մարդու` ՌԴ երեխաների իրավունքների օմբուդսմանի մասով ևս կա Միջազգային դատարանի որոշումը։ Եվ ես չեմ բացառում, որ վաղը կլինեն նաև այլ` «իմունիտետով չօժտված» անձանց կալանավորման որոշումներ»,– ասում է Օրբելյանը։
Արդարադատության նախկին փոխնախարարը վստահեցնում է` Հռոմի ստատուտի վավերացման հարցը Եվրոպան վաղուց է բերել Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգ։
«Եվրոպացիները մեզ վաղուց են մեզ պարտադրում, խնդրում, պահանջում, որ վավերացվի, այդ թվում` Ասոցացման պայմանագրի շրջանակներում, երբ ես դեռ նախարարությունում էի»,– հիշում է Օրբելյանը` միաժամանակ հավելելով, որ միջազգային այդ փաստաթղթի վավերացման որևէ իրավական պարտավորություն ՀՀ–ն չի ունեցել և չունի, համենայնդեպս` թղթի վրա։
Բայց, քանի որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը բանավոր պայմանավորվածությունների ու խոստումների տիրույթում է գործում, նախկին փոխնախարարը չի բացառում, որ բանավոր խոստումներ կարող են տրված լինել, և անհայտ է, թե ինչի դիմաց։
Սա իշխանության հերթական չհաշվարկված կապրիզն է
Թե ինչպես կանդրադառնա Հռոմի ստատուտի վավերացումը հայ–ռուսական հարաբերությունների վրա, Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։ Նա համոզված է, որ իրականում այդ քայլը Հայաստանին չի մոտեցնելու այն իրավական խնդիրներին, որոնք պաշտոապես հռչակվել են։ Փոխարենը հայ–ռուսական հարաբերությունները հանգելու են այնպիսի ճգնաժամի, որը շատ դժվար է լինելու հաղթահարել։
«Եթե սա գիտակցեին ՀՀ իշխանությունները, ստատուտը չէր հայտնվի խորհրդարանում։ Սա իշխանության հերթական չհաշվարկված կապրիզն է, որի դրսևորումներին մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել։ Հետո նման դեմարշները հաղթահարելու համար ստիպված ավելի մեծ գին ենք վճարել, որ Մոսկվային կամ որևէ այլ մայրաքաղաքի գոհացնենք»,– ասաց քաղաքական վերլուծաբանը։
Սուրենյանցը չի բացառում, որ ՌԴ–ի կողմից դիվանագիտական ուժեղ ճնշումը կարող է ստիպել ՀՀ իշխանություններին հետ կանգնել Հռոմի ստատուտը վավերացնելու մտադրությունից կամ առնվազն վավերացնել այն վերապահումներով, ինչը, սակայն, Սուրենյանցի համոզմամբ, կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների` այս անգամ արդեն Արևմուտքի կողմից։
Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Ավելի քան 2 շաբաթ անց այն դեռևս ընդգրկված չէ նիստերի օրակարգում։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։