ՀՀ ԱԺ 2 խմբակցությունները դժգոհ են ՍԴ որոշումից. նրանք դիմում են միջազգային կառույցներին
20:36 16.09.2023 (Թարմացված է: 21:10 16.09.2023)
© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դիմումի քննության մերժումը գնահատում են որպես օրվա քաղաքական իշխանության հերթական ապօրինի որոշման հետևանք, որը հանգեցնում է ՍԴ-ի կողմից Սահմանադրությամբ սահմանված պարտականությունից փաստացի հրաժարում:
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմում են իրավունքի գերակայության ապահովման հարցերով զբաղվող և լիազորված տեղական և միջազգային կազմակերպություններին՝ խնդրելով դատապարտել օրվա քաղաքական իշխանության, դատական և իրավապահ մարմինների ապօրինի վարքագիծը, ինչպես նաև պահանջել վերջիներից վերադառնալ օրինականության սահմաններ: Այս մասին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն են տարածել։
Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների այն դիմումը, որով խնդրել էին չեղարկել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը։
Նշենք, որ ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը 2023թ. հուլիսի 11-12-ին ընդունեց Քրեական օրենսգրքում լրացումների օրինագիծը, որով քննություն իրականացնելու պատասխանատու մարմիններին իրավունք վերապահվեց առանց դատաքննության, գործուն զղջալու հիմնավորմամբ քրեական պատասխանատվությունից ազատել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց:
Հետամուտ լինելով օրենքը չեղարկելու գործին` Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները 2023թ. օգոստոսի 9-ին ՍԴ են ներկայացրել այս օրենքի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմում՝ միջնորդելով նաև կասեցնել օրենքի գործողությունը մինչև գործի վերաբերյալ ըստ էության որոշման կայացումը։
Ըստ հայտարարության` ՍԴ-ն 3-օրյա ժամկետի փոխարեն դիմումը մուտքագրել է 21-րդ օրը և գրություն ուղարկել դիմումատու ԱԺ պատգամավորներին` կասկածի տակ դնելով պատգամավորների կողմից դիմումը ստորագրելու հանգամանքը:
«Այս աննախադեպ վարքագիծը թեև դիմումը ստորագրած պատգամավորների կողմից համարվեց անընդունելի, այնուամենայնիվ, նրանք, երկրորդ անգամ ստորագրելով, վերահաստատեցին դիմումը իրենց կողմից ներկայացրած լինելու հանգամանքը՝ հուսալով, որ ՍԴ-ն ի վերջո կանցնի Սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործադրմանը: Տեսնելով, որ հնարավոր չէ այս պրիմիտիվ քայլով հրաժարվել դիմումը քննարկելու և բավարարելու պարտականությունից, ՍԴ-ն 2023թ. սեպտեմբերի 12-ին ապօրինի կերպով ընդունեց աշխատակարգային որոշում (այն հրապարակելով մի քանի օր անց), որով մերժեց դիմումի քննությունը՝ արձանագրելով, որ իբրև թե դիմողը չի հաղթահարել ՍԴ քննության ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանները»,–նշված է հայտարարության մեջ:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դիմումի քննության մերժումը գնահատում են որպես օրվա քաղաքական իշխանության հերթական ապօրինի որոշման հետևանք, որը հանգեցնում է ՍԴ-ի կողմից Սահմանադրությամբ սահմանված պարտականությունից փաստացի հրաժարում:
Նրանց կարծիքով` սա փորձ է փաստացի դադարեցնել իրավական պետության սահմանադրական անփոփոխելի նորմի գործողությունը, ինչն առերևույթ առանձնապես ծանր հանցագործություն է:
ԱԺ ընդդիմադիր ուժերը վստահեցնում են, որ Սահմանադրությունը խախտած բոլոր անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության: