Ինժեներություն` հայկական ձևով. աֆրիկյան մի երկրում ուզում են «Արմաթի» փորձը կիրառել
08:55 11.08.2023 (Թարմացված է: 17:06 11.08.2023)
© Sputnik / Aram GareginyanԲենզի Կուաշին Երևանում
Բենզի Կուաշին Երևանում
© Sputnik / Aram Gareginyan
Բաժանորդագրվել
Ծրագրավորման և ճարտարագիտության խորացված ուսուցման հայկական ծրագիրն արդեն ներդրվում է Հնդկաստանում, Բանգլադեշում, Մոնղոլիայում և Եթովպիայում: Այժմ այս մոդելը փոխառելու ցանկություն է հայտնել Էսվատինին, առայժմ ՝ մասնավոր դպրոցներից մեկի մասշտաբով։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Աֆրիկական Էսվատինիի դպրոցներից մեկում ցանկանում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա բացել։ Այս կրթական ծրագիրը փոխառելու համար Երևան են ժամանել Մանզինիի (Էսվատինի խոշորագույն քաղաքը) Ինհանիեթի մասնավոր դպրոցի ներկայացուցիչները։
Դպրոցի ղեկավարությունն ուզում է խորացնել տեխնոլոգիական կրթությունը՝ այն մոտեցնելով համաշխարհային չափանիշներին։ Այդ նպատակով էլ մի քանի տարի առաջ այնտեղ սկսել են սովորական գրատախտակները փոխարինել էլեկտրոնային գրատախտակներով, ուսուցիչներին նոթբուքեր բաժանել, իսկ դպրոցներում ինտերնետ անցկացնել։ Բայց դպրոցներին միայն սարքավորումներ բաժանելը բավարար չէ, կարևորը դրա օգնությամբ երեխաներին նոր գիտելիքներ տալն է։
15-20 տարի առաջ, երբ Հայաստանի դպրոցներում հայտնվեցին առաջին համակարգչային դասարանները, ինֆորմատիկայի դասերին ընդհանուր գծերով ցույց էին տալիս, թե ինչպես օգտվել Word-ից և Excel-ից, նաև պատմում էին, թե ինչ է ծրագրավորումը: Հիմա Հայաստանն ինքն է ուրիշներին իր կրթական ծրագիրը ներկայացնում, որը զարգացրել է մոտ 10 տարվա ընթացքում։ 2014–ին բացված «Արմաթի» լաբորատորիաներում առաջին մեկ-երկու տարին սովորեցնում էին Python-ի սկզբունքները և պլաստմասե եռաչափ ֆիգուրների տպագրություն, իսկ այսօր «Արմաթի» աշակերտները զբաղվում են ավիամոդելիզմով, սովորում են թռչող սարքերի մոդելներ կազմել, դրանց համար կորպուսներ պատրաստել և գործարկել: Այս ծրագրով հետաքրքրվել և սկսել են այն իրենց մոտ ներդնել Հնդկաստանի, Բանգլադեշի, Մոնղոլիայի և Եթովպիայի դպրոցներում։
Իհարկե, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ դպրոցականներին խորացված բարձր տեխնոլոգիաներ են սովորեցնում։ Կրտսեր և ավագ դասարանների համար նախատեսված բարդ և թեթև բազմաթիվ ծրագրեր կան տեխնոլոգիապես շատ ավելի զարգացած երկրներում (պետք է խոստովանել ակնհայտը):
«Բազմաթիվ ծրագրեր կան Եվրոպայում, Ամերիկայում, Արևելյան Ասիայում, ինչպես նաև մեր հարևան Հարավային Աֆրիկայում։ Բայց մենք չկարողացանք այնպիսի ծրագրեր գտնել, որտեղ մի քանի տեխնոլոգիական առարկա մեկ հարկի տակ միավորված և ըստ բարդության աճի դասավորված կլինեին»,-ասում է Ինհանիեթիի դպրոցի վարչական տնօրեն Բենզի Կուաշին:
Նույն հերթականությամբ էլ ծրագրում ամրագրված է, թե ինչ տեխնիկա է անհրաժեշտ կոնկրետ դասերի համար (ռոբոտներ հավաքելու հավաքածուներ, 3D տպիչներ և այլն):
«Մեզ համար շատ կարևոր է ուսուցիչներին և երեխաներին տալ ոչ թե ռոբոտ-խաղալիքներ, այլ լուրջ ուսումնական մոդելներ, որոնցով երեխաները լուրջ առաջադրանքներ կկատարեն։ Ուսուցիչը ստիպված չի լինի մտածել, թե ինչ ռոբոտներ կամ այլ տեխնիկա է պետք. «Արմաթի» մեթոդաբանությունն այս ամենի պատասխանը տալիս է»,-նշեց Կուաշին։
Դպրոցների հագեցման և ուսուցման ծրագրերի հարցում Էսվատինին պետք է նույն ճանապարհն անցնի, որը 10-15 տարի առաջ անցել է Հայաստանը։ Ներկայումս երկրի ոչ բոլոր դպրոցները (հատկապես՝ պետական) համակարգիչներ և ինտերնետ ունեն: Հայրենիք վերադառնալուց հետո նա պատրաստվում է պատմել տեսածն ու փոխառել փորձը։
Հայաստանում «Արմաթը» զարգացավ նաև մասնավոր հատվածի աջակցության շնորհիվ. առաջին մի քանի տարիներին «Արմաթի» լաբորատորիաների համար սարքավորումների մատակարարումն ապահովում էին մասնավոր ընկերությունները, իսկ խմբավարների աշխատավարձը կառավարությունն էր տալիս։ Էսվատինիում մի քանի ՏՏ ընկերություններ կան(ինչպես տեղական, այնպես էլ Հարավային Աֆրիկայի ընկերությունների մասնաճյուղեր), որոնք կարող են նույն սկզբունքով օգնել (և դրանով իսկ իրենց համար ապագա կադրեր պատրաստել):
«Ցավոք, ՏՏ ոլորտի և դպրոցների միջև նման կապ չկա, թեև դրա օգուտներն ավելի քան ակնհայտ են։ Մեզ մոտ, եթե դպրոցներն իրենք են օգնություն խնդրում, օրինակ՝ նոութբուքեր գնելու համար, ընկերություններն ընդառաջում են։ Բայց եթե նման խնդրանք չկա, նրանք, որպես կանոն, համագործակցություն չեն առաջարկում։ Բայց եթե Հայաստանում այս բիզնես մշակույթը նման արդյունք է տալիս, ուրեմն կարող է մեզ մոտ էլ աշխատել»,-ասում է Կուաշին։
Տնօրենը խոստովանեց, որ Կուաշիի և նրա գործընկերների՝ Հայաստան կատարած այցի մասին հայրենիքում քչերը գիտեն։ Չէին ուզում ժամանակից շուտ ինչ-որ բան խոստանալ, քանի որ չգիտեին, թե ինչ կտեսնեն հեռավոր ու անծանոթ այս երկրում։ Բայց ասում է, որ տեսածից այնքան են ոգևորվել, որ հիմա թե՛ պատմելու, թե՛ համոզելու բան կունենա։
Նրա հետ միասին Հայաստան վերապատրաստման են եկել ինֆորմատիկայի մի քանի ուսուցիչներ, հույս ունեն միջնաժամկետ հեռանկարում ուղարկել ևս մի քանիսին։
Եթե ինժեներական խմբակներ բացեն ամբողջ երկրի մասշտաբով, ապա դպրոցների մեծ մասը ստիպված կլինեն զրոյից հագեցնել սարքավորումներով։ Բայց Էսվատինիում, որտեղ մեկ միլիոնից մի փոքր ավելի մարդ է ապրում, դրա համար համեմատաբար քիչ ռեսուրսներ են անհրաժեշտ։ Հարցին ճիշտ մոտենալու դեպքում միջոցների մի մասը կարելի է խնդրել նաև Էսվատինիին օգնություն հատկացնող միջազգային կազմակերպություններից։