ՀՀ իշխանության վարած դիվանագիտությունը խիստ բացասական է. ԱԳ նախկին գլխավոր քարտուղար
© Sputnik / Aram NersesyanԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը
ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը բացասական է գնահատում ՀՀ ներկայիս դիվանագիտությունը` ընդգծելով, որ դրա արդյունքում Հայաստանը կորցնողի դերում է հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի կողմից այսօր վարվող բանակցություններում հայ ժողովրդի ազգային շահը սպասարկող օրակարգ չկա։ Նման կարծիք Sputnik Արմենիայի եթերում հայտնեց ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
ԱԳ նախկին գլխավոր քարտուղարը խիստ բացասական է գնահատում ՀՀ ներկայիս իշխանության վարած դիվանագիտությունը, քանի որ, ըստ նրա,բանակցությունների արդյունքում Հայաստանը կորցնողի դերում է։
«Բոլոր երկրները բանակցություններում առաջնորդվում են իրենց ազգային շահով, որը կարող է համընկնել, շատ դեպքերում էլ կարող է չհամընկնել քո երկրի ազգային շահին։ Արդյունքում որքանով ես դու` որպես երկիր,պատրաստ քո ազգային շահը սպասարկելով համատեղել նաև այլոց ազգային շահերի հետ և մաքսիմալ ստանալ դիվիդենտներ. սա շնորհքի խնդիր է, և սա հենց այն է, ինչը կոչվում է դիվանագիտություն», –նշեց Մելիքյանը։
Դեսպանի մոտ տպավորություն է, թե բանակցություններից առաջ իրադարձություններն ու իրավիճակը երկարաժամկետ և խորը չի վերլուծվում, բացի այդ մասնագիտական հանրույթի կարծիքը հաշվի չի առնվում, հակառակ դեպքում չէր լինի այն արդյունքը և կորուստները, որոնք հիմա կան։
Մելիքյանը կարծում է՝ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանից և Թուրքիայից եկող ճնշումը գնալով ավելանալու է, և դրա նախադրյալները երևում են էրդողանի հայտարարությունից, որ Շուշիում պատրաստ է հյուպատոսություն բացել։
«Ժամանակին Շուշիի դեկլարցիայի դեմ որևէ քայլ չի արվել։ Երբ կոշտ հայտարարություններ են հնչում Բաքվից և Անկարայից, մենք մշտապես շարունակում ենք խաղաղության օրակարգը։ Ատրճանակների, հրանոթների, սպառնալիքների ուժի տակ խաղաղության օրակարգ չի ձևավորվում, դա կապիտուլյացիա է։ Եվ եթե անունն էլ պետք է լինի խաղաղության պայմանագիր ես չեմ տեսնում՝ որտեղ է այդ խաղաղությունը»,-նշեց Մելիքյանը։
Նա ընդգծեց՝ խաղաղության պայմանագիրը կնքվում է այն պարագայում, երբ կա հանդարտություն, հանգստություն, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտելու միտում և վստահություն, ինչն իսպառ բացակայում է այսօր․ ադրբեջանական կողմը նոյեմբերի 10-ից սկսած որդեգրել է այլ քաղաքականություն։
Միևնույն ժամանակ դիվանագետը համոզված է՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո հսկայական դաշտ էր բացվել ՀՀ դիվանագիտության համար և հնարավոր էր հաջողություն գրանցել, և դրա հիմքերը կար։ Դրա փոխարեն ՀՀ իշխանությունը թշնամու ջրաղացին է ջուր լցնում՝ իր հակասական հայտարարություններով, ադեկվատությունից դուրս քայլերով և որոշումներով։
Ասվածի վառ օրինակը հայ-թուրքական հարաբերություններն են։ Մելիքյանի խոսքով` 1991 թվականից սկսած նախկին բոլոր նախագահները հնչեցրել են, որ պատրաստ են գնալ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների, սակայն այսօր իրավիճակն այլ է, և ՀՀ-ում որոշումներ կայացնողները թուրքական պահանջները կատարողի դերում են հայտնվել։
«Հայաստանին ստիպում են ընդունել, որ վերջնական պարտվել է և պարտվելու է, և սա միակ դուռն է, միակ ճանապարհն է։ Երբ նստում ես բանակցությունների սեղանին (դիմում է ՀՀ իշխանություններին` խմբ.), պետք է հասկանաս` ինչքանով ես դու զորեղ, ինչքանով ես ուժեղ։ Այս պարագայում դու նստում ես սեղանի շուրջ և քեզ ասում են` ինչ պետք է անես, իսկ իշխանությունների կողմից ես չեմ տեսնում հակազդեցություն։ Նրանք որդեգրել են մի ճանապարհ, որը հակազդեցություն չի ենթադրում, իսկ քանի դեռ այդ հակազդեցությունը չկա, Թուրքիան հաջորդ քայլն է անելու և հաջորդ պահանջն է դնելու»,–նշում է Մելիքյանը։
Այս համատեքստում դիվանագետը որպես օրինակ է բերում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրումը, որն ակնթարթորեն փոխեց Թուրքիայի հռետորաբանությունը, և դրա պատճառով նա իր օդային սահմանը փակեց։
«Իսկ ի՞նչ արձագանք եղավ Երևանից` ասացին, որ սա մեր ներքին գործն է։ Բայց վաղը, եթե արձանը ապամոնտաժելու պահանջ դրվի, իմ խորին համոզմամբ, անելու են, փորձում են իրենց պատկերացմամբ սուր արձագանքել, բայց հետո կատարելու են նախապայմանը», –ասաց նա։
Թուրքիայի կողմից նախապայմանի կատարման մեկ այլ օրինակ դեսպանը նշում է Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու պահանջը։ Երբ Զարեհ Սինանյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ավարտվել է, բացի անհատական արձագանքներից որևէ արձագանք չեղավ ո՛չ Ցեղասպանության թանգարան ինստիտուտից, ո՛չ ցեղասպանագետների կամ այլ կառույցների կողմից։
«Սա լատենտ թրքահաճո և թուրքերի կողմից առաջ քաշված ցանկությունների և նախապայմանների կատարումն է»,–ասաց նա։
Մելիքյանը հավելեց, որ Հայաստանի առջև 1991 թվականից ի վեր դրվող Թուրքիայի նախապայմանները ՀՀ գործող իշխանությունները կատարում են, և այստեղ երկրորդ կարծիք չկա։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։