«Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան». Աշոտ Փաշինյանը մանրամասներ է պատմում
15:18 05.06.2023 (Թարմացված է: 16:05 05.06.2023)
© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Փաշինյանի գործով դատը
Աշոտ Փաշինյանի գործով դատը
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Աշոտ Փաշինյանն առևանգում չի որակում այն պահը, երբ համաձայնել է Գայանե Հակոբյանի հետ նստել մեքենա ուղղակի զրուցելու, սակայն անակնկալի է եկել, երբ նա որոշել է առանց իր կամքը հարցնելու ուղևորվել Եռաբլուր։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենա։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով զոհվածի մոր նկատմամբ հարուցված գործի հանգամանքներին։
Մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, փորձել է առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո Գայանե Հակոբյանը կալանավորվել էր։
«Ինչ վերաբերում է առևանգմանը, ապա դա մեքենա նստելու մասին չէր խոսքը, այլ այն պահից սկսած, երբ ես փորձում էի մեքենայից իջնել, ու տիկին Գայանեն թույլ էր տալիս, որ ես իջնեմ մեքենայից։ Հարցը վախենալը չէ, այլ այն, որ ես տիկին Գայանեին հարգանքով, շնորհքով, առանց ագրեսիայի ասել եմ, որ այսքան ժամանակ չի եղել մի իրավիճակ, երբ փորձեք կապվել ինձ հետ ու չկարողանաք։ Ես ասել եմ` իմ կամքից անկախ ինչու եք ինձ տանում Եռաբլուր։ Վերցրեք իմ համարը, զանգեք ինձ, եթե կարիք ունեք հանդիպելու, կհանդիպենք, եթե կարիք ունեք հանդիպելու Եռաբլուրում, կքննարկենք։ Իսկ այս պահին ես չեմ ցանկանում Ձեզ հետ գալ Եռաբլուր առաջին հերթին այն պատճառով, որ դուք առանց իմ կամքը հարցնելու ասում եք` գնում ենք այս տեղը։ Մինչ այդ տիկին Գայանեն ընդամենն ասում էր` նստենք մեքենա` զրուցենք»,– վստահեցնում է Աշոտ Փաշինյանը։
Նրա խոսքով` ինքը չի որոշելու` ով պետք է դատապարտվի, ով` ոչ, իր գործը դատաիրավական համակարգին դիմելն էր, մնացածը մասնագետների որոշելիքն է։
Հավելենք, որ մայիսի 20-ին Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին` պահանջելով ազատ արձակել Հակոբյանին։
Նստացույցը դադարեցվեց մայիսի 23-ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։