Միջազգային կառույցները հայկական ավիաընկերություններում աուդիտ կիրականացնեն. Սանոսյան
14:30 30.05.2023 (Թարմացված է: 14:33 30.05.2023)
© Sputnik / Aram NersesyanԳնել Սանոսյան
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
ԵՄ «սև ցուցակից» դուրս գալու համար անհաժեշտ 41 պրոցեսներից 22-23-ն արդեն արվել է։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայկական ավիաընկերությունների նկատմամբ ԵՄ–ի կիրառած արգելքը ծանր հարված էր այդ ոլորտի համար։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` հավելելով, որ Հայաստանը հույս ունի առաջիկա ամիսներին շտկել իրավիճակը։
«Եթե պարզ ասեմ` շուրջ 41 պրոցես է պետք անել, որ այդ դաշտից դորս գանք։ Դրանց կեսից ավելին` 22-23-ը, արդեն արվել է։ Մյուսներն ընթացքի մեջ են։ Այս տարի ամռանը մեզ մեծ փորձություն է սպասվում։ Գործընկերները, որոնք անընդհատ հատևում են, թեմենք այս ուղղությամբ ինչ աշխատանք ենք տանում, իրենք այստեղ ներկայացուցիչներ ունեն, մեր ավիացիայի հետ աշխատում են, նաև այլ խումբ կգա, և մեր ընկերություններն աուդիտի կենթարկվեն։ Եթե մեր ընկերություններն այդ աուդիտը կանցնեն, դա կլինի բոլորիս ձեռքբերումը, որովհետև դրան կհաջորդի այդ ընկերությունների համար դեպի Եվրոպա ուղղությունները բացելը»,– պարզաբանեց Սանոսյանը։
Հիշեցնենք` 2020թ-ի հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հրապարակել էր ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակը», որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ բոլոր տեղական ավիափոխադրողներով: «Սև ցուցակը» ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակն է (EU Air Safety List): ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020թ–ի հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: