Ինչ է նշանակում ՌԴ–ից հրաժարվելը Հարավային Կովկասի երկրների համար. սոցիոլոգի կարծիքը
17:03 25.05.2023 (Թարմացված է: 22:44 25.05.2023)
© Hovhannes HakobyanԳևորգ Պողոսյան
Գևորգ Պողոսյան
© Hovhannes Hakobyan
Բաժանորդագրվել
Արևմուտքի և Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավվում են Ռուսաստանի հետ հարաբերությունների ակնհայտ վատթարացման հաշվին, սակայն փորձագետը վստահ է, որ Հայաստանի համար դրա հրատապ անհրաժեշտությունը չկա:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող է գերիշխել կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Թուրքիան։ Ըստ այդմ` ռուսական կողմնորոշումից հրաժարվելը տարածաշրջանի երկրների համար ինքնաբերաբար նշանակում է Թուրքիայի վերահսկողության տակ անցնել։ Այսպիսի տեսակետ հայտնեց սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության մեջ» կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպել է Ռուսաստանի ազգային հետազոտական ինստիտուտը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ։
Նրա խոսքով՝ պետք է սթափ գնահատել իրավիճակը և գիտակցել, որ արևմտամետ վեկտորի ընտրության դեպքում ՆԱՏՕ-ն և Արևմուտքը Հայաստանում ներկայացված կլինեն միայն ի դեմս Թուրքիայի։ Մինչդեռ ամերիկյան Մարշալի հիմնադրամի սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս Թուրքիայի քաղաքացիների կայուն ոչ բարյացակամ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ. 2015 թվականին 83%-ը հայտարարել է, որ մեր երկրին վերաբերվում է «ակնհայտորեն ոչ բարյացակամ», իսկ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 83,1%:
Ընդգծելով Ռուսաստանի կարևոր դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում՝ սոցիոլոգը նշում է, որ հայ-ռուսական հարաբերություններում նկատվում է «հիմնային տարակարծություն»՝ պայմանավորված միանգամից մի քանի գործոններով․
Հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայի տարածքում,
Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առճակատումը,
Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմը,
Համատարած զանգվածային հակառուսական արշավը։
Փորձագետը նշում է, որ այս գործոնների ֆոնին հակառուսական տրամադրությունները ներթափանցում են նաև հետխորհրդային տարածք և Հայաստան։ Այս մասին են վկայում նաև սոցհարցումների արդյունքները․ եթե 2018 թվականին Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները լավ է գնահատել հարցված հայաստանցիների 87 տոկոսը, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 60 տոկոս։
Ակադեմիկոսը նաև նշեց հակառուսական դիսկուրսի աճը սոցիալական ցանցերում և Հայաստանի որոշ ԶԼՄ-ներում։ Ակտիվ աշխատանք է տարվում հայերի հասարակական գիտակցության վերաձևավորման ուղղությամբ: Նրա կարծիքով՝ իշխանական կուսակցությունում քիչ չեն նրանք, ովքեր փորձում են Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման վեկտորը փոխել դեպի եվրոատլանտյան ուժեր՝ Վրաստանի և Ուկրաինայի օրինակով։
Մինչդեռ ազգային անվտանգության հարցերում Հայաստանի քաղաքացիների մեծ մասը շարունակում է ավելի շատ վստահել Ռուսաստանին, քան Արևմուտքին։ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) 2021 թվականին հարցում է անցկացրել, որը ցույց է տվել, որ Հայաստանի քաղաքացիների 64%-ը Ռուսաստանին համարում է պետական անվտանգության ապահովման ամենակարևոր գործընկերը։ 2022 թվականի հունիսին IRI-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 68%-ը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը փաստացի տարբեր ուղղություններով են գնում։ Հակառակ ժողովրդի կարծիքի՝ կառավարությունը փորձում է բռնի կերպով փոխել երկրի աշխարհաքաղաքական վեկտորը։ Դրա հետ մեկտեղ Արևմուտքի և Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավվում են Ռուսաստանի հետ հարաբերությունների ակնհայտ վատթարացման հաշվին, սակայն, փորձագետի համոզմամբ, դրա խիստ անհրաժեշտությունը չկա։
Կլոր սեղանի ընթացքում ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի հաղորդակցությունների զարգացման ազգային ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վալենտինա Կոմլյովան:
© Photo : Hovhannes HakobyanՎալենտինա Կոմլյովա
Վալենտինա Կոմլյովա
© Photo : Hovhannes Hakobyan
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում բախվում են տարբեր երկրների աշխարհաքաղաքական շահերն ու հումանիտար քաղաքականությունը, այդ երկրները ձգտում են տարածաշրջանն իրենց ազդեցության ոլորտ ներգրավել: Խոսքը թե՛ քաղաքակրթական, թե՛ արժեքային բաղկացուցիչների մասին է։
Նա մատնանշեց այն հանգամանքը, որ ազգային անվտանգության ասպեկտները դիտարկելիս սովորաբար խոսում են ռազմական և տնտեսական գործոնների մասին` բաց թողնելով այդ խնդրի մարդասիրական համատեքստը: Կոմլյովան նկատեց, որ Հայաստանում արևմտյան կազմակերպությունների մատուցմամբ քննարկումներ են ընթանում քաղաքակրթական ինքնության, աշխարհականության վերաբերյալ, Հայ եկեղեցու պատմությունը հանվում է դպրոցական ծրագրից: Այնինչ, ընդգծում է Կոմլյովան, Հայաստանի համար դա անհատի հոգևոր անվտանգության հիմնասյուներից մեկն է։
Նախօրեին Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը ԵՊՀ-ում Երիտասարդ հետազոտողների և վերլուծաբանների դպրոց է բացել: