Հայ ժողովուրդը բացառիկ կարևոր դեր է ունեցել հաղթանակի գործում. Կոպիրկին
© Photo : Посольство России в Армении Ալեն Սիմոնյանն ու Մհեր Գրիգորյանը մասնակցել են Հաղթանկի օրվան նվիրված ՌԴ դեսպանատան կազմակերպած ընդունելությանը
Ալեն Սիմոնյանն ու Մհեր Գրիգորյանը մասնակցել են Հաղթանկի օրվան նվիրված ՌԴ դեսպանատան կազմակերպած ընդունելությանը
© Photo : Посольство России в Армении
Բաժանորդագրվել
Այս օրը մոլորակի բոլոր ազնիվ մարդիկ գլուխ են խոնարհում այն մարդկանց հիշատակի առջև, որոնք իրենց սխրանքով ու իրենց կյանքի գնով նվաճեցին հաղթանակը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ավելի քան 600 հազար մարտիկ, 4 մարշալ և նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության ավելի քան 100 հերոս։ Սրանք խոսուն թվեր են, որոնք բնութագրում են Հայաստանի ներդրումը ընդհանուր հաղթանակի գործում։ Այսօր ՌԴ դեսպանությունում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձի առիթով իր ողջույնի խոսքում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա շեշտել է, որ իր համար խորհրդանշական է այս տոնը դիմավորել այստեղ՝ հայկական հողի վրա, որի ժողովուրդը Խորհրդային Միության մյուս հանրապետությունների ժողովուրդների հետ միասին բացառիկ կարևոր դեր է խաղացել հաղթանակի գործում:
Նա ընդգծել է, որ այս օրը մարմնավորում է ոչ միայն ռազմական, մարտական հաջողությունը, այլև արդարության և մարդասիրության իրական հաղթանակը:
«Շատ կարևոր է, որ մեր երկրներում Հայրենական մեծ պատերազմի հիշատակը շարունակում է ապրել և խնամքով պահպանվել։ Իմ կարծիքով դրանում շատ կարևոր դեր է խաղում այն, որ մեր ժողովուրդները հարգում են այն ավանդույթները, որոնք մեզ բաժին են հասել նախնիներից, հարգում են այն արժեքները, որոնք մեզ դարեր շարունակ միավորել են»,– ասել է դեսպանը։
© Photo : Посольство России в Армении Հաղթանկի օրվան նվիրված ընդունելություն Երևանում ՌԴ դեսպանատանը
Հաղթանկի օրվան նվիրված ընդունելություն Երևանում ՌԴ դեսպանատանը
© Photo : Посольство России в Армении
Նա հավելել է, որ Հաղթանակի օրը յուրահատուկ տոն է և շատերի համար` խորապես անձնական, քանի որ մեր երկրներում գրեթե չկան ընտանիքներ, որոնք մասնակցություն չեն ունեցել պատերազմին:
«Մենք սգում ենք ընկածների համար և հպարտանում նրանց համար, ովքեր գլուխ չեն խոնարհել չարիքի առջև ու նվաճել են կյանքի ու արժանապատվության իրավունք ոչ միայն իրենց համար»,– նշել է ՌԴ դեսպանը:
Նրա խոսքով` Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը ոչ բոլորն են սովորել։ Ըստ նրա` Նյուրնբերգում միջազգային հանրության կողմից դատապարտված նացիզմի սերմերը կրկին ծլարձակում են եվրոպական հողի վրա։
«Եվ մենք այսօր ստիպված ենք, ինչպես այն ժամանակ, պաշտպանել մեր և բոլոր ժողովուրդների ազատ ու արդար ապրելու, արդար ու իրավահավասար աշխարհակարգի իրավունքը»,– շեշտել է Կոպիրկինը։
Նա նշել է, որ արդեն գրեթե ութ տասնամյակ է` Հաղթանակի օրը ողջ մարդկության սեփականությունն է, մեր ամենալուսավոր, ամենաուրախ և միևնույն ժամանակ տխուր տոնը։ Այս օրը նախկին ԽՍՀՄ ժողովուրդները և մոլորակի բոլոր ազնիվ մարդիկ գլուխ են խոնարհում ի նշան ընկածների հիշատակի և նաև նրանց առջև, ովքեր իրենց կյանքով, քրտինքով ու արյունով, ռազմական սխրանքով ու ծանր աշխատանքով ապահովեցին մեծ հաղթանակ:
«Հավերժ փառք Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ովքեր մեզ համար հայրենիքին անմնացորդ ծառայելու կենդանի օրինակ են»,– եզրափակել է դեսպան Կոպիրկինը։
Նշենք, որ ՌԴ դեսպանությունում հաղթանակի օրվան նվիրված տոնական ընդունելությանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։