Երևանյան ԵԱ–ն լավագույնն է վերջին 10 տարում. Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
20:49 21.04.2023 (Թարմացված է: 20:59 21.04.2023)
© Sputnik / Asatur Yesayants Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Թալաթ Ունլյուն ասել է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում շատ լավ է կազմակերպվել։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վերջին տասը տարում լավագույնս կազմակերպված Եվրոպայի առաջնությունն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Թալաթ Ունլյուն։
«Շատ լուրջ և լավ պատրաստություն են տեսել կազմակերպիչները, մեզ տխրեցնող միակ բանը բոլորիդ հայտնի դրվագն է՝ մի ցուցարարի անհարգալից արարքով: Իսկապես շատ ջանք է գործադրվել: Մեզ համար այստեղ ամեն բան հաշվի է առնված, խնդիրներ չունենք, նույնիսկ չափից շատ բան էր արվել, ինչից մենք մեզ անհարմար էինք զգում: Սակայն հասկանում ենք, որ արվել է այն, ինչ պետք է արվեր, դա նույնպես շատ լավ է կազմակերպված»,-ասել է Թալաթ Ունլյուն:
Նրա խոսքով՝ Հայաստանում լուրջ խնդրի հետ չեն առնչվել` շատ խիստ կերպով հաշվի են առնվել անվտանգային բոլոր նկատառումները, նույնիսկ կարծում են, որ այս ամենի կարիքը չկար։
Ի դեպ, Թուրքիան լինելու է հաջորդ երկիրը, որը կհյուրընկալի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են Անթալիայում։
«Ես այս առաջնության բոլոր օրերին այստեղ եմ լինելու, քանի որ մեր այստեղ գալու հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ տեսնենք՝ ինչպես է կազմակերպվել: Իհարկե, թույլտվություն խնդրելով՝ մրցման և մարզման սրահներից լուսանկարներ եմ արել, տեսանյութեր նկարել, որպեսզի մենք էլ կարողանանք լավագույնս պատրաստվել առաջնությանը։ Այսպիսի տեղեկություններ և խորհրդատվություններ ստացանք կազմակերպիչներից: Մեզ այդ առումով օգնեցին, ինչի համար մենք շնորհակալ ենք»։
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի վազեց դեպի բեմ, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։
Նիկոլյանին բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն այս միջադեպից հետո հայտարարեցին, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, քանի որ նրանց անվտանգությունը չի ապահովվում։
Նշենք, որ ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13–ին, ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4–ը մարզիկներ էին: