Ծովակալ Սերգեյ Ավագյանցը լքել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնը
10:57 20.04.2023 (Թարմացված է: 10:58 20.04.2023)
© Sputnik / Виталий Аньков
/ Բաժանորդագրվել
Հայկական ծագումով ականավոր ռուսաստանցի զորահրամանատարը պաշտոնը ստանձնել էր 2010 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ՌԾՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավագյանցը լքել է պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»` հղում անելով փոխվարչապետ, Հեռավորարևելյան Դաշնային օկրուգի նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևին։
Պաշտոնյայի խոսքով` ծովակալ Ավագյանցին նոր պաշտոնի են նշանակել. նա դարձել է ռազմամարզային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության կենտրոնները համակարգող շտաբի պետ։
«Ավարտվում է նախապատրաստական շրջանը, որի ընթացքում մենք կենտրոնացված կառույց ենք ստեղծել, որը մեթոդական աջակցություն կցուցաբերի տարածքային կենտրոնների գործունեությանը և կհամակարգի դրանց աշխատանքը։ Կենտրոնական այդ կառույցը, ըստ էության` նախագահի (Վլադիմիր Պուտինի,–խմբ.) դրած խնդրի կատարման շտաբը, կգլխավորի ծովակալ Ավագյանցը, որը մինչև վերջերս Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարն է եղել»,– հայտարարել է Տրուտնևը։
Երևանում ծնված Ավագյանցը Խաղաղօվկիանոսյան նավատորմը ղեկավարում էր 2010 թվականի հոկտեմբերից։ Ծովակալի կոչում է ստացել 2014 թվականին։