Չենք կարծում` նման հայտարարությունը տեղին է. Գարեգին Բ-ն` ԼՂ հարցով Փաշինյանի ասածի մասին
15:31 20.04.2023 (Թարմացված է: 15:42 20.04.2023)
© Photo / official site of the Prime minister of RAԳարեգին Բ–ն ու Նիկոլ Փաշինյանը
© Photo / official site of the Prime minister of RA
Բաժանորդագրվել
Գարեգին Բ–ն շեշտեց` չի կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մայր Աթոռը չի կարծում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մադրիդյան սկզբունքներով ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունը տեղին է, և այն որևէ կերպ կարող է նպաստավոր լինել հարցի կարգավորման համար: Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Ինչ է ասել Փաշինյանը
Փաշինյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ Հայաստանը, Մադրիդյան սկզբունքները որպես հիմք ընդունելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ԼՂ–ն ճանաչել է Ադրբեջանի մաս: Վարչապետի խոսքով` Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմի դիրքորոշումն է եղել, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը` ստանալով անկախություն, իսկ 2007-ին առաջ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։
«Պետք է չշտապել, ընդհակառակը` պետք է ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը»,–ասաց կաթողիկոսը։
Նրա խոսքով` Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է, և այս առումով հստակ է ժողովրդի վերաբերմունքը` ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը: Գարեգին Բ–ն կարծում է, որ այդ իմաստով բավարար չափով աշխատանքներ են իրականացվել և լիահույս է, որ այդ ջանքերը պետք է շարունակվեն` խնդիրը միջազգային հանրության, մեր ժողովրդի ջանքերի արդյունքում պետք է իր բարվոք կարգավորումը ստանա։
Հարցին, թե կաթողիկոսը տեսնո՞ւմ է հնարավորություն, որ Արցախը կարող է չլինել Ադրբեջանի կազմում, վերջինս պատասխանեց, թե չի կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։
«Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, Արցախի մեր ժողովրդի հայաթափում: Մենք պետք է ամեն ջանք ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի անկախ ապրելու իր իրավունքը»,–ասաց նա:
Դիտարկմանը, թե Հայ առաքելական եկեղեցին ինչպե՞ս կհակազդի, եթե հանկարծ որոշվի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր են կնքում, Գարեգին Բ–ն արձագանքեց, թե իր կարծիքով` հայ ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու գաղափարի հետ։
Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի հոդվածներին, կետերին ծանոթ չէ և չի կարող դիրքորոշում հայտնել, սակայն կասկածից վեր է, որ ժողովուրդն ամեն զոհողության գնով պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
Հիշեցնենք` Մադրիդյան սկզբունքների հիմնարար սկզբունքներով մասնավորապես ենթադրվում էր`
Նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,
Արցախի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
Հայաստանը Արցախին կապող միջանցք,
Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
Ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։