Ընտրություններից առաջ քաղաքական հարված էր Էրդողանին. քաղաքագետը` ԱՄՆ-ի քայլերի մասին
23:38 04.04.2023 (Թարմացված է: 23:41 04.04.2023)
Վաշինգտոնում ցանկանում են, որ Թուրքիան էապես փոխի իր արտաքին քաղաքականությունը
Վաշինգտոնում ցանկանում են, որ Թուրքիան էապես փոխի իր արտաքին քաղաքականությունը
Բաժանորդագրվել
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանի հանդեպ ցուցաբերված դեմարշին և խոսել դեսպանի քայլի պատճառների մասին։
ԱՄՆ-ում կարծում են, որ իրավիճակը կփոխվի, եթե Թուրքիայում իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք չեն լինի Էրդողանի իրավահաջորդները և զերծ կլինեն նրա ազդեցությունից։ ԱՄՆ նախագահը Ռեջեփ Էրդողանին այլևս ժողովրդավար գործիչ չի համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով Թուրքիայում գրանցված վերջին զարգացումներին։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ իր դռները փակ են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի համար։ Էրդողանը հրաժարվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ հետագա հանդիպումներից, քանի որ ավելի վաղ բանակցություններ էր վարել մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։
Սարգսյանը հիշեցնում է, որ թուրքական իշխանություններն ԱՄՆ-ի հասցեին սուր հայտարարություններով նախկինում էլ հանդես են եկել և հիմա շարունակում են նույն կերպ գործել։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտարարել է, որ իրենք պետք է օգնեն Թուրքիայի համապետական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուին, որպեսզի Թուրքիան դառնա ավելի ժողովրդավար պետություն։
«Երբ Թուրքիայում պաշտոնապես հայտարարեցին ընտրությունների մասին, հայտնի դարձավ, որ էրդողանական Թուրքիան հրավիրված չէ ԱՄՆ-ի ժողովրդավարության գագաթնաժողովին, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է, և այդ միջոցառմանը հրավիրվում են հարյուրավոր երկրներ։ Ակնհայտ է, որ սա ընտրություններից առաջ քաղաքական հարված էր Էրդողանին, ինչպես նաև յուրատեսակ ուղերձ թուրք ժողովրդին, որի նախագահն ԱՄՆ-ի կողմից այլևս չի համարվում ժողովրդավար գործիչ»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով` վերջին տարիներին թուրք ամերիկյան հարաբերությունների համատեքստում նշված դետալները թեև այդքան էլ մեծ դեր չեն խաղում, սակայն որոշակիորեն նպաստում են ամբողջական պատկերի ձևավորմանը։
«Թեև Թուրքիան ԱՄՆ-ում ընկալվում է որպես դաշնակից և ՆԱՏՕ–ի անդամ պետություն, որի նշանակությունը չափազանց կարևոր է, բայցևայնպես Վաշինգտոնում ցանկանում են, որ այդ երկիրը փոխի իր արտաքին քաղաքականությունը, այսինքն` ամբողջովին հավատարիմ լինի դաշնակցային հարաբերություններին և ավելի կոշտ գործողություններ իրականացնի Ռուսաստանի դեմ»,– նշեց Սարգսյանը։
«Թեև Թուրքիան ԱՄՆ-ում ընկալվում է որպես դաշնակից և ՆԱՏՕ–ի անդամ պետություն, որի նշանակությունը չափազանց կարևոր է, բայցևայնպես Վաշինգտոնում ցանկանում են, որ այդ երկիրը փոխի իր արտաքին քաղաքականությունը, այսինքն` ամբողջովին հավատարիմ լինի դաշնակցային հարաբերություններին և ավելի կոշտ գործողություններ իրականացնի Ռուսաստանի դեմ»,– նշեց Սարգսյանը։
Այդուհանդերձ, քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ն բացահայտ աջակցություն չի ցուցաբերի թուրքական ընդդիմությանը և շատ մեծ ներգրավվածություն չի ունենա ընտրական գործընթացում։ Այն նպատակ էլ չունի այդքան ռեսուրսներ օգտագործել` գիտակցելով, որ Էրդողանի իշխանությունը բավականին ամուր է և մոնոլիտ։ Այս պահին Էրդողանի վերընտրվելու համար կան բոլոր նախադրյալներն ու պայմանները, եթե իհարկե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ինչ կարող է շահել թուրք-ամերիկյան լարված հարաբերություններից, Սարգսյանն ընդգծեց, որ մեր քաղաքականությունը Թուրքիայի ագրեսիվ պահվածքի պարագայում պետք է լինի ադեկվատ։ Բայց ՀՀ իշխանությունը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, և այստեղ ադեկվատ գործողություների մասին խոսք լինել չի կարող։
«Ավելին, Հայաստանը փորձում է չմիանալ հակաթուրքական գործընթացներին։ Նույնիսկ շատ երկրներում հավատարմագրված մեր դեսպանները չեն մասնակցում Հայոց ցեղասպանությանն առնչվող միջոցառումներին, որպեսզի դա Թուրքիայի կողմից չդիտարկվի ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարց ներգրավելու փորձ։ Եթե անգամ հայաստանյան գործող իշխանության կողմից որոշ քայլեր են լինում, ապա դրանք կրում են զուտ դեկլարատիվ բնույթ»,– նշեց քաղաքագետը։
Հիշեցնենք` Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14–ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։ Հիմնական մրցակիցներ են համարվում Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։