Արևմուտքը կձգտի Վրաստանին ճնշելու միջոցներ ստեղծել` նրան դրդելով հակառուսական քայլերի
23:45 10.03.2023 (Թարմացված է: 23:47 10.03.2023)
© Sputnik / StringerԲողոքի ակցիա Թբիլիսիում (9 մարտի, 2023 թ.)
Բողոքի ակցիա Թբիլիսիում (9 մարտի, 2023 թ.)
© Sputnik / Stringer
Բաժանորդագրվել
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանն ու Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը վերլուծել են Վրաստանում տեղի ունեցող զարգացումներն ու մատնանշել ներքաղաքական սրացման դրդապատճառները։
Եթե Վրաստանի կառավարությունը կարողանա Բրյուսելին համոզել, որ ի վիճակի է ԵՄ–ի անդամության թեկնածու դառնալու համար կատարել համատեղ ստորագրված փաստաթղթի 12 կետերը, ապա կկարողանա նաև ճիշտ աշխատել ընտրազանգվածի հետ երկրի ներսում` ցույց տալով, որ չի պատրաստվում էական փոփոխություններ կատարել արտաքին քաղաքական վեկտորում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Այսօր Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին աղմուկ հանած և հասարակական ցնցումների պատճառ դարձած օրինագծին։ Իշխանությունն ազատ է արձակել նաև վերջին օրերին ցույցերի ժամանակ ձերբակալված բոլոր անձանց։
«Վրաստանի զգուշավոր, բալանսավորված քաղաքականությունն ի սկզբանե միտված էր Ռուսաստանի հետ հավելյալ լարվածության բացառմանը, սակայն դա բարդացրեց հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ, ինչի արդյունքում ԵՄ–ի անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանին հանձնարարվեց «տնային աշխատանք» կատարել, այսինքն` ավելի մեծ և շոշափելի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,– նշեց վրացագետը։
Նրա դիտարկմամբ` վերջին տարիներին Վրաստանում իշխող քաղաքական ուժի վարկանիշը պարբերաբար անկում էր ապրում, ընդդիմությունը շարունակ քննադատում էր իշխանությանը, իսկ այլընտրանքային երրորդ ուժ չէր ձևավորվում։ Իրավիճակն ավելի բարդացավ Սաակաշվիլիի վերադարձից, ինչպես նաև ռուս–ուկրաինական հակամարտության բռնկումից հետո, երբ Վրաստանի իշխանության վրա ճնշումները սաստկացան ինչպես ներսից, այնպես էլ արտերկրից։
Մելիքյանի կարծիքով` Վրաստանը ՌԴ–ի դեմ որևէ պատժամիջոց չի կիրառել` գիտակցելով, որ այդ քայլը Ռուսաստանի կողմից կարժանանար հակազդման և մեծ վնաս կպատճառեր Վրաստանի տնտեսությանը։
«Վրաստանի իշխանության թերի և սխալ աշխատանքը հանգեցրեց նրան, որ օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բողոքի ալիք առաջացրեց, ինչի արդյունքում ներքաղաքական ցնցումներ եղան։ Իշխող ուժը գիտակցեց, որ պետք է անպայման հետքայլ կատարի, հետևաբար օրինագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց և հետ կանչվեց Վենետիկի հանձնաժողովից։ Իշխանությունը ցույց տվեց, որ խուսափում է առճակատումից և նախընտրում է երկխոսությունը, մինչդեռ ընդիմությունն էլ փորձում է բողոքի ալիքն օգտագործել` առաջ քաշելով այլ պահանջներ ու գաղափարներ, օրինակ` կառավարության հրաժարական և արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,– ասաց վրացագետը։
Քաղաքագետ Արման Բոշյանն իր հերթին կարծում է, որ Վրաստանը ռուս–ուկրաինական հակամարտության ֆոնին իրականացնում է չեզոք արտաքին քաղաքականություն, ինչը միանշանակ ադեկվատ մոտեցում է` հաշվի առնելով, որ Վրաստանի տնտեսությունը վերջին տարիներին բավականաչափ անկում է ապրել, իսկ ներքաղաքական ցնցումները կարող են ավելի բարդացնել իրավիճակը։
«Ակնհայտ է, որ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի պարագայում Արևմուտքը Վրաստանի հանդեպ կիրառում է երկակի ստանդարտների քաղաքականություն, մի կողմից ասվում է, որ այդ օրենքի ընդունումը հակասում է ԵՄ–ի սկզբունքներին ու արժեքներին, սակայն մյուս կողմից էլ փաստ է, որ նմանօրինակ օրենք ընդունել են աշխարհի բազմաթիվ պետություններ, այդ թվում` ԱՄՆ–ն ու ԵՄ երկրները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց քաղաքագետը։
Վերոհիշյալ օրենքը Ռուսաստանում ընդունվեց վերջերս, սակայն Վրաստանի ներքաղաքական զարգացումներն ու օրինագծի հետ կապված աղմուկը Ռուսաստանի հետ կապելը, ըստ Բոշյանի, ուղղակի ծիծաղելի է։ Պարզապես Արևմուտքին ձեռնտու է, որ նոր թեկնածուները ԵՄ–ին անդամագրվեն գաղութային կարգավիճակով և զուրկ լինեն ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունից։
«Վրաստանը փորձում է ամրապնդել իր սուվերենությունը և վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, այդ պատճառով էլ Արևմուտքի կողմից չի ընդունվում որպես լուրջ գործընկեր, հետևաբար Վրաստանում կիրառվեց Մայդանի նման դասական տեխնոլոգիա։ Իրավիճակը լարված կմնա այնքան ժամանակ, մինչև Վրաստանի իշխանությունը սկսի կատարել հստակ ու ակտիվ հակառուսական քայլեր»,– ասաց քաղաքագետը։
Նրա կարծիքով` Արևմուտքը Վրաստանում ոչ թե կձգտի իշխանություն փոխել, այլ նրա նկատմամբ ճնշում գործադրելու միջոցներ ստեղծել` իհարկե ցույց տալով, որ կարող է նաև իշխանություն փոխել, եթե այն չենթարկվի ու վարի անկախ քաղաքականություն, առավել ևս, որ արմատական ընդդիմություն էլ իր հերթին ամբողջությամբ վերահսկվում է նույն Արևմուտքի կողմից։
Հիշեցնենք` մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի առաջին տարբերակը։ Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր սկսվեցին, որոնք ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառեցին։ Մարտի 9-ին հայտնի դարձավ, որ օրինագիծը հետ է կանչվել խորհրդարանից։