«Մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին». Միրզոյան
13:47 15.02.2023 (Թարմացված է: 14:07 15.02.2023)
© Photo : press office of MFA of RA Министр иностранных дел Армении Арарат Мирзоян прибыл в Турцию (15 февраля 2023). Анкара
© Photo : press office of MFA of RA
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Թուրքիայի արտգործնախարարին հայ փրկարարների հասցեին և հայկական աջակցության համար գնահատանքի խոսքերի համար։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հավատացած է, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի հանդեպ չպետք է անտարբեր մնա, և հենց այդ սկզբունքով է ՀՀ կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշել Թուրքիա ուղարկել հումանիտար օգնություն և փրկարարներ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Միրզոյանը։
«ՀՀ անունից ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությունը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին։ Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988-ի Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին։ Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից` դառնալով համամարդկային ողբերգություններ»,–ասաց ՀՀ արտգործնախարարը։
Նրա խոսքով` աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով։
Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Չավուշօղլուին հայ փրկարարների հասցեին և հայկական աջակցության համար գնահատանքի խոսքերի համար։ Միաժամանակ նա նշեց` ուրախ է, որ մեր փրկարարներին իրենց գործընկերների հետ հաջողվել է անել ամենակարևորն այս իրավիճակում` փրկել մարդկային կյանքեր։
«Խորհրդանշանական եմ համարում, որ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց։ Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան, և ժամեր անց հերթական խմբաքանակը կհասնի Ադիյաման»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։
Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա է ուղարկել փետրվարի 11-ին, երկրորդը` այսօր։