Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա
09:35 15.02.2023 (Թարմացված է: 10:02 15.02.2023)
© Photo : Twitter / Serdar KILIÇԲեռնատարները մարդասիրական օգնություն են տեղափոխում Թուրքիա
Բեռնատարները մարդասիրական օգնություն են տեղափոխում Թուրքիա
© Photo : Twitter / Serdar KILIÇ
Բաժանորդագրվել
Բեռնատարները մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածք են տեղափոխել Մարգարայի կամրջով։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,– գրել է նա Twitter-ում։
Armenia continues sending humanitarian aid to earthquake-affected regions.
— Vahan Hunanyan 🇦🇲 (@v_hunanyan) February 15, 2023
Late last night, trucks loaded with the second batch of humanitarian aid crossed the #Armenian-#Turkish border through the Margara bridge.
Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի 11-ին։ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել էր, որ հայկական կողմը 100 տոննա օգնություն է ուղարկել Ադիյաման։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 35 418-ի:
Նշենք, որ Արարատ Միրզոյանն այսօր մեկնելու է Թուրքիա, որտեղ տեղի է ունենալու նրա և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում հանդիպելու է նաև որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: