Երևանի կենտրոնը փոթորկած «Համմերի» վարորդի մոտ թմրանյութին նմանվող զանգված են գտել. ՔԿ
10:27 11.02.2023 (Թարմացված է: 11:01 11.02.2023)
© Photo : ՀՀ Քննչական կոմիտե«Համմեր» մակնիշի ավտոմեքենան
«Համմեր» մակնիշի ավտոմեքենան
© Photo : ՀՀ Քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` հայրն իմացել է, որ որդին թմրամոլ է, և մեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է պահեստային բանալին և Արարատի մարզից եկել Երևան։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երևանի կենտրոնական փողոցներում երեկ լարված իրավիճակ ստեղծած «Համմերի» վարորդը ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` ներկայացնելով դեպքի մանրամասները։
Երիտասարդ վարորդը մոտավորապես 23։30-ին Հանրապետության հրապարակումմոտեցել է պարեկներին և «Համմեր» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել նրանցից։
«Մերժում ստանալուց հետո նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաև` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այնուհետև նա երթևեկել է ՀՀ կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պահանջին, վրաերթի է ենթարկել պարեկային ծառայության աշխատակցի, դիտավորյալ վնասել պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։
Պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթևեկությունը։ Այնուհետև վարորդը մեքենան թողել է Երևան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ և դիմել փախուստի:
«Համմերը», ինչպես նաև պարեկային ծառայության և քաղաքացիներին պատկանող մեքենաները զննվել ու տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:
Վկայի և տուժողի դատավարական կարգավիճակներով հարցաքննվել են պարեկային ծառայության մի շարք աշխատակիցներ:
Վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Համմերը» պատկանում է Արարատի մարզի բնակչի, որը փետրվարի 11-ին` ժամը 01:40-ին, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Քննությամբ պարզվել է, որ մեքենան վարել է նրա որդին՝ Գ․Ս․-ն, որը եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ: Տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել, գտել է պահեստային բանալին, մարզից եկել է Երևան և թմրամիջոց օգտագործել:
Փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքի դիտավորյալ վնասելը) և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվել ու վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:
Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: