Սիրիա. նոր արտակարգ իրավիճակ՝ մշտական արտակարգ իրավիճակում
© AFP 2024 / RAMI AL SAYEDՍիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքները
Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքները
© AFP 2024 / RAMI AL SAYED
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում, իհարկե, Թուրքիան է, սակայն մասնագետները պնդում են՝ Սիրիան շատ ավելի վատ վիճակում է։ Ինչո՞ւ։
Որովհետև ավելի քան 10 տարի տևած քաղաքացիական պատերազմը՝ դրսի ուժերի մասնակցությամբ, այդ երկիրն առանց այն էլ կործանման եզրին էր հասցրել։ Եվ շատերն այս ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված կացությունը միանգամայն արդարացիորեն անվանում են «արտակարգ իրավիճակ՝ արտակարգ իրավիճակում»։ Իսկապես, այսպես կոչված, «արաբական գարունը» Սիրիայի դեպքում աղետալի տասնամյակի վերածվեց՝ ծաղկուն պետությունը դարձնելով փախստականների և աղքատության երկիր։ Դեմոկրատիայի մասին, որից սկսվեց հեղափոխական շարժումը, արդեն ընդհանրապես որևէ մեկը չի խոսում։
Կներեք, ի՞նչ դեմոկրատիա, երբ 2010 թվականից մինչև 2020 թվականը Սիրիայի համախառն ներքին արդյունքը կրճատվել է ավելի քան կիսով չափ, իսկ 5 տարի առաջ Համաշխարհային բանկն այդ երկիրը դասել է ցածր եկամուտ ունեցող պետությունների թվին։ Միայն մի արտառոց փաստ։ Դրամական միջոցները Սիրիայում այնքան սուղ են, որ իշխանությունները ստիպում են բիզնեսմեններին վճարել պետական ծառայողների աշխատավարձը։ Ավելին` որոշ հեռավոր շրջաններում սիրիացիները հրաժարվում են ձեռքերը լվանալուց, որպեսզի ջուրը խնայեն խմելու համար։ Կան տեղեր, որտեղ մարդիկ ամիսներով օճառի երես չեն տեսնում։
Սիրիա. նոր արտակարգ իրավիճակ՝ մշտական արտակարգ իրավիճակում
Հիմա ռազմական գործողությունները հիմնականում դադարել են, և այսպես ասենք՝ սառեցրած իրադրությունն այսպիսին է։ Նախագահ Բաշար Ասադը վերահսկում է երկրի երկու երրորդը, ներառյալ բոլոր ութ գլխավոր քաղաքները՝ Դամասկոս, Հալեպ, Հոմս, Լաթակիա, Դեր Զոր և այլն։ Սիրիայի մնացած տարածքը երեք մասի է բաժանված։ Հյուսիս-արևելքում քրդերն են, որոնց ձեռքին է բնական պաշարների 80 տոկոսը, հյուսիսարևմտյան շրջաններում հիմնավորվել են Ասադի դեմ պայքարող ապստամբները, որոնց սատարում է Թուրքիան։ Եվ վերջապես որոշ տարածքներ առաջվա պես վերահսկում են ջիհադիստները, որոնք կապեր ունեն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։
Ստորգետնյա ցնցումները, որոնց զոհերի թիվը կարող է հասնել 2 հազարի, տեղի են ունեցել հիմնականում Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում, որտեղ պատերազմի տարիներին ապաստան է գտել մոտ 3 միլիոն փախստական։ Նրանք մինչև հիմա ապրում են վրաններում, ինքնաշեն տնակներում և հնում կառուցված շինությունների ավերակներում, տառապում են սովից և ցրտից, որովհետև փետրվարի սկզբին այնտեղ ձյուն տեղաց, իսկ մարդասիրական կազմակերպություններն այդպես էլ սնունդ և վառելիք չբերեցին։ Միակ ճանապարհը Թուրքիայից է գալիս, բայց այնտեղ էլ գիտենք, թե ինչ է կատարվում։
Երկրաշարժից տուժած մարզերում իրավիճակն աղետալի է նաև այն պատճառով, որ առաջին օգնությունը ցուցաբերելու հնարավորությունը խիստ սահմանափակ է, ու սա էլ է պատերազմի հետևանք. Փրկության միջազգային կոմիտեի տվյալներով` այժմ Սիրիայում գործում է բժշկական հաստատությունների ընդամենը 45 տոկոսը, մնացածն ավերվել են ռազմական գործողությունների ընթացքում։ Զարմանալի չէ նաև, որ որոշ բնակավայրերում այն շենքերը, որոնք կանգուն էին մնացել առաջին ցնցումից հետո, միևնույն է, փլուզվեցին երկրորդ երկրաշարժի ժամանակ։ Տարիներ տևած ուժգին հրետակոծությունը չէր կարող անհետևանք մնալ։
Հալեպում մարդիկ վախենում են մնալ իրենց բնակարաններում։ Նրանք բակերում վրաններ են տեղադրում կամ գիշերն անցկացնում բաց տարածքում կայանած ավտոմեքենաներում։ Գյումրեցիներին և 88-ի երկրաշարժից տուժած այլ բնակավայրերի բնակիչներին այս խնդիրներն իհարկե լավ ծանոթ են, բայց Սիրիայում նաև անսպասելի պրոբլեմներ են առաջացել։ Օրինակ` Թուրքիայի սահմանին գտնվող Ռաջո քաղաքի բանտի մասնակի փլուզումից օգտվելով` այնտեղից փախել է մոտ 20 մարդ՝ բոլորն էլ, այսպես կոչված, «Իսլամական պետության» նախկին անդամներ։ Երևի հիշում եք, թե ինչ հանցանքներ էին գործում այդ կազմակերպության ահաբեկիչները՝ ողջ աշխարհին ցուցադրելով, թե ինչպես են գլխատում անմեղ մարդկանց։
Եվ վերջում։ Այժմ շատերին հետաքրքրում է մի հարց՝ կարո՞ղ է արդյոք ընդհանուր աղետը մերձեցնել երկու երկրները։ Մի կողմից դրա նախադրյալները կան՝ առաջին հերթին դա պատմության դարավոր ընդհանրությունն է. չմոռանանք, որ դեռ 20-րդ դարի սկզբին Սիրիան Օսմանյան կայսրության մաս էր։ Մյուս կողմից նույնիսկ կրոնական ընդհանրությունն իրականում հարաբերական է, քանզի Սիրիայում իշխում է շիա փոքրամասնությունը, Թուրքիայում՝ սուննիները։ Եվ վերջապես սահմանի երկու կողմերում բնակվող քրդերը պրոբլեմներ են ստեղծում թե՛ Սիրիայի, թե՛ Թուրքիայի համար։ Այնուամենայնիվ, պնդում են վերլուծաբանները, հենց այդ հանգամանքն էլ վկայում է, որ երկու պետությունների մերձեցումը փոխշահավետ է։