Երաժշտական «պատվաստանյութը» կփրկի աշխարհը. Մացուևը գնաց, բայց խոստացավ վերադառնալ Երևան
© Photo : provided by David GrigoryanՀայտնի դաշնակահար Դենիս Մացուևի համերգները Երևանում
Հայտնի դաշնակահար Դենիս Մացուևի համերգները Երևանում
© Photo : provided by David Grigoryan
Բաժանորդագրվել
Դենիս Մացուևը պատրաստվում է առաջիկայում կրկին գալ Հայաստան՝ նոր համերգային ծրագրով։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայտնի դաշնակահար Դենիս Մացուևը 12-ամյա դադարից հետո համերգներով հանդես է եկել Երևանում` Երևանյան հեռանկարներ 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Լրագրողների հետ զրույցում երաժիշտն ասել է, որ շատ էր կարոտել հայ հանդիսատեսին, իսկ եկար բացակայությունը միայն տեխնիկական պատճառով էր։
Երևանում փետրվարի 1-2-ին է Մացուևը երկու համերգ ունեցել. նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և մենահամերգով է հանդես եկել, որտեղ հնչել են Չայկովսկու, Ռախմանինովի, Մուսորգսկու ստեղծագործությունները։
Դաշնակահարը խոստովանել է, որ Երևանում ներկայացրել է իր սիրելի ծրագրերից մեկը, հակառակ դեպքում չէր կատարի այդ ստեղծագործությունները։
«Չի կարելի հանրությանը ներկայացնել այն երաժշտությունը, որը քեզ դուր չի գալիս, առավել ևս այնպիսի հիասքանչ հանդիսատեսի, ինչպիսին Հայաստանում է», - ասել է Մացուևը:
Խոստովանել է, որ ցնցված էր համերգի ժամանակ եղած լռությունից։ Նրա խոսքով՝ դա եզակի հասկացող մարդկանց լռություն էր, որը թանկ արժե։ Ընդ որում` հանդիսատեսի թվում ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր սերնդի ներկայացուցիչներ են եղել։
Համերգից հետո Մացուևին մի խումբ երիտասարդներ են մոտեցել։ Նրանցից ոմանք ցույց են տվել երաժշտի՝ Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ արված լուսանկարները։
«Նայում ես լուսանկարում երեխա է, իսկ հիմա արդեն օրիորդ է», - ասել է դաշնակահարը` ավելացնելով, որ այլևս նման մեծ դադար չի տա ու խոստացել առաջիկայում նոր ծրագրով Հայաստան գալ։ Դա կլինի համերգ, որը կմիավորի դասականն ու ջազը։
Մացուևը մի քանի անգամ եղել է Հայաստանում, սակայն նրա համար առանձնահատուկ է 2011 թվականի այցը մաեստրո Վալերի Գերգիևի, Մարիինյան թատրոնի նվագախմբի, կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի և բալետմայստեր Մայա Պլիսեցկայայի հետ:
© Photo : provided by David GrigoryanՀայտնի դաշնակահար Դենիս Մացուևի համերգները Երևանում
Հայտնի դաշնակահար Դենիս Մացուևի համերգները Երևանում
© Photo : provided by David Grigoryan
«Մենք նվագում էինք Շչեդրինի հինգերորդ կոնցերտը, դահլիճում նստած էին այն ժամանակ դեռ կենդանի հայտնի Ալեքսանդր Հարությունյանն ու Էդվարդ Միրզոյանը՝ հայկական մշակույթի բացառիկ բնածին տաղանդները։ Համերգից հետո բոլորը կարողացան շփվել։ Անմոռանալի երեկո էր ինձ համար, մաեստրո Գերգիևի համար էլ, քանի որ նրա համար Երևանն առանձնահատուկ վայր է», - պատմել է Մացուևը։
Հիշում է նաև Երևանում մաեստրո Վլադիմիր Սպիվակովի հետ ունեցած ելույթը, ինչպես նաև 16-ամյա վաղեմության համերգը Երիտասարդական նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Երկու կիրք՝ երաժշտություն և ֆուտբոլ
Երաժիշտն իրեն համարում է սպորտային մարդ, նա չի կարող ապրել առանց հոկեյի և ֆուտբոլի, ինչպես չի կարող ապրել առանց երաժշտության։ Նրա կարծիքով՝ սպորտն ու երաժշտությունը հաճախ հատվում են՝ երկուսում էլ կա կիրք և ռոմանտիկա:
Մացուևը ֆուտբոլի գլխավոր մարզչին համեմատում է դիրիժորի, իսկ մարզումը՝ փորձի հետ։ Նա ծրագրած ելույթներ չի սիրում, ուստի համերգի ժամանակ իմպրովիզներ է անում այնպես, ինչպես խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստները։ Նրա ֆուտբոլային կուռքը Մարադոնան է։
Երաժիշտը կարծում է, որ իմպրովիզներ կարելի է անել նաև դասական երաժշտության մեջ։ Գլխավոր խնդիրը համերգից գոհ հանդիսատեսն է, որը պետք է ժպիտով հեռանա՝ անկախ նրանից, թե ինչ երաժշտություն է լսել։
«Իսկական արվեստը պետք է լինի դրական, վստահություն հաղորդի, դառնա թերապիա։ Վստահ եմ, որ երաժշտական «պատվաստանյութը» կփրկի աշխարհը», - ասել է Մացուևը։
Բոլորը սիրված են, բայց Ռախմանինովը առանձնահատուկ է
Կոմպոզիտորների շարքում Մացուևի համար Ռախմանինովն առանձնահատուկ տեղ է գրավում: Դաշնակահարն անմիջական կապ ունի in d-moll Ֆուգայի (1891) և նվագախնբի համար ռե մինոր սյուտի (1891, ֆորտեպիանոյի տարբերակ) գտնելու պատմության հետ։ Նա օգնել է վերադարձնել այդ ստեղծագործությունները հանդիսատեսին։ Փարիզում Դենիս Մացուևի հաղթական համերգներից մեկից հետո նրան է մոտեցել Ռախմանինովի թոռը՝ Ալեքսանդր Բորիսովիչը։ Նա խոստացել է նրան շքեղ նվեր մատուցել մեկ պայմանով՝ երիտասարդ կատարողը պետք է անմիջապես ծխելը թողնի։ Մացուևը անմիջապես նետել է ծխախոտը և ասել, որ սպասում է նվերին:
© Photo : provided by David GrigoryanՀայտնի դաշնակահար Դենիս Մացուևի համերգները Երևանում
Հայտնի դաշնակահար Դենիս Մացուևի համերգները Երևանում
© Photo : provided by David Grigoryan
Ռախմանինովի թոռը նրան առաջարկել է դառնալ առաջինը, որ կկատարի իր պապի անհայտ ստեղծագործությունները, մնալ Սինարում (Ռախմանինովի կալվածքը Շվեյցարիայում) և նույնիսկ ստեղծագործություններ կատարել կոմպոզիտոր Steinway-ի ամերիկյան դաշնամուրի վրա: