20 տարով երիտասարդ. ինչպես է ապրում փոխպատվաստված սրտով միակ բուժառուն Հայաստանում
© Sputnik / Aram NersesyanԵղիշե Խաչատրյան
Եղիշե Խաչատրյան
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Հայաստանում սրտի փոխպատվաստման վիրահատություն չի իրականացվում, բայց կա մի մարդ, որն արդեն 11 տարի ապրում է դոնորական օրգանով։ Ի՞նչ զգացողություն է ուրիշի սրտով ապրելը, և ե՞րբ հայ բժիշկներին թույլ կտան համապատասխան վիրահատություններ կատարել՝ Sputnik Արմենիայի հոդվածում։
Հայաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է փոխպատվաստման զարգացման և փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկի ընդլայնման ուղղությամբ: Մեր երկրում կատարում են լյարդի, երիկամների, աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ և միայն կենդանի դոնորներից: Դոնորների (այդ թվում՝ մահացածների) և ռեցիպիենտների (ստացողների) օրգանների և հյուսվածքների ռեգիստրի ներդրումից հետո միանգամայն հնարավոր է, որ երկրում թույլատրվի նաև սրտի փոխպատվաստումը։
Մասնագետներն ասում են, որ նման վիրահատությունները չափազանց կարևոր են, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանում բնակչության գրեթե 50 տոկոսը մահանում է արյունատար համակարգի հիվանդություններից։ 2022 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանում սրտի փոխպատվաստման կարիք ունի մինչև 18 տարեկան, սրտանոթային հիվանդություններով տառապող ենթադրաբար 10-20 բուժառու։
Առողջ սրտից մինչև փոխպատվաստված
Փոխպատվաստումը երբեմն կյանքը փրկելու միակ միջոցն է։ Ժամանակին հենց այսպիսի իրավիճակում է եղել մեր հայրենակից Եղիշե Խաչատրյանը։ 2012 թվականին տղամարդը հայտնվել է Մինսկի «Սրտաբանության» հանրապետական գիտագործնական կենտրոնի վիրաբույժների մոտ՝ 3-րդ աստիճանի սրտային անբավարարություն ախտորոշմամբ (ընդհանուր 4 աստիճան գոյություն ունի՝ խմբ.) և սրտի բազմաթիվ ուղեկցող հիվանդություններով (կարդիոսկլերոզ, աորտայի աթերոսկլերոզ, սրտի իշեմիկ հիվանդություն և այլն): Այդ պահի դրությամբ առանց թթվածնային ապարատի նա այլևս չէր կարողանում շնչել։ Այսօր նա միակ մարդն է Հայաստանում, որ ապրում է դոնորական սրտով։
© Sputnik / Aram NersesyanԵղիշե Խաչատրյան
Եղիշե Խաչատրյան
© Sputnik / Aram Nersesyan
Sputnik Արմենիայի հետ զրույցում 62-ամյա տղամարդը պատմեց, որ երբեք սրտային հիվանդ չի եղել և զարկերակային գերճնշումից չի տառապել։ Սրտի աշխատանքի ընդհատումներ առաջին անգամ զգացել է 2004 թվականին։ Գնացել էր Գյումրի՝ թաղման արարողության, այնտեղ վատ է զգացել։
«Այնպիսի զգացողություն էր, որ գլխիս մի դույլ սառը ջուր են լցրել, լեզվիս տակ նիտրոգլիցերին դրեցի և մի կերպ հասա մոտակա գյուղը, որտեղ պիտի գիշերեի։ Այդ ժամանակ մտքովս էլ չանցավ, որ ինֆարկտ եմ տարել։ Առավոտյան ինձ ջարդված էի զգում, գնացի ծանոթ բժշկի մոտ, ստուգեց, սրտիս աշխատանքը լսեց և խորհուրդ տվեց սրտաբանի դիմել»,-պատմեց Խաչատրյանը։
Երևանում նրան հայտնեցին, որ միկրոինֆարկտ է տարել, դեղեր նշանակեցին և ուղարկեցին տուն։ Մի քանի օր անց սրտի կաթվածը կրկնվեց, այս անգամ՝ աշխատավայրում։ Խաչատրյանը 10 օրով հայտնվեց հիվանդանոցում։ Ինֆարկտը սրտի վրա սպի էր թողել, որը հանգեցրել էր սրտի ռիթմի խաթարման, սրտամկանի դիստրոֆիայի, ինչի պատճառով էլ սրտի անբավարարություն էր զարգացել։
© Sputnik / Aram NersesyanԵղիշե Խաչատրյան
Եղիշե Խաչատրյան
© Sputnik / Aram Nersesyan
Խաչատրյանը հիշում է, որ այդ ժամանակից ի վեր իր վիճակը շարունակ վատթարանում էր, հասել էր այնտեղ, որ երկու քայլ չէր կարողանում անել․ ցավերն ու շնչահեղձությունը տանջում էին։ 2012թ․-ին Հայաստանի բժիշկները ընտրության առաջ կանգնեցրին՝ կա՛մ կարդիոխթանիչ է պետք տեղադրել, կա՛մ փոխպատվաստել սիրտը։ Երկու վիրահատություններն էլ թանկ էին, յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ու բարդություններն ուներ, ընդ որում՝ մեր երկրում սրտի փոխպատվաստում մինչ օրս չի իրականացվում։
Այդ ժամանակ տղամարդը մեկնեց Ռուսաստան՝ եղբոր մոտ։ Նովոսիբրիսկի հիվանդանոցներից մեկում նրան խորհուրդ տվեցին փոխպատվաստում անել՝ ասելով, որ սիրտը վատ վիճակում է և ևս մեկ վիրահատություն «չի ձգի»։
«Ռուսաստանում դժվար էր այդ վիրահատությունն անել, պետք էր հերթ կանգնել, բայց ժամանակ չկար։ Ցանկացած պահի կարող էի մեռնել»,-ասում է Խաչատրյանը։
© Sputnik / Aram NersesyanԵղիշե Խաչատրյանը ցույց է տալիս էպիկրիզը
Եղիշե Խաչատրյանը ցույց է տալիս էպիկրիզը
© Sputnik / Aram Nersesyan
Այդ պատճառով նա մեկնեց Մինսկ, որտեղ օտարերկրացիների համար նման վիրահատություններն ավելի մատչելի էին։ Սրտի կլինիկայում Խաչատրյանը պառկեց 10 օր, մինչև նրան հարմար դոնորական օրգան գտան։
Դոնորը վթարի հետևանքով մահացած 30-ամյա տղամարդ էր։ Նրա սիրտը համապատասխանում էր բոլոր ցուցանիշներով։
Վիրահատությունն ու դրա բարդությունները
Փոխպատվաստման վիրահատությունը 10 ժամ տևեց։ Խաչատրյանը հիշում է՝ երբ դուրս եկավ անզգայացումից ու բացեց աչքերը, առաջին բանը, որ զգաց, շնչահեղձությունն էր։ Ուզում էր դուրս քաշել կոկորդում տեղադրված խողովակը։
«Երկրորդ օրը կարողացա վեր կենալ հիվանդանոցի մահճակալից, երրորդ օրը սկսեցի քայլել, ճիշտ է՝ բուժքրոջ օգնությամբ», -պատմում է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ սկզբում իրեն անհանգստացնում էին հալյուցինացիաներն ու պառկելախոցերը։ Որոշ ժամանակ անց բարդություններ հայտնաբերվեցին․ կրծքավանդակի դիաստազ էր ձևավորվել և առաջնային մեդիաստինիտ (միջնորմի՝ կրծքավանդակի խոռոչի միջին հատվածի բորբոքում): 2012-ի մարտին նրան երկրորդ վիրահատությունն արեցին բարդությունները վերացնելու համար, այն տևեց 6 ժամ։
Խաչատրյանը նշեց, որ շատ կուզեր գտնել իր դոնորի հարազատներին և շնորհակալություն հայտնել նրանց, սակայն դա օրենքով արգելված է։
Վիրահատությունից 11 տարի է անցել, տղամարդը լավ է զգում, նույնիսկ աշխատանքի է անցել պաշտպանության նախարարությունում։
Նրան շարունակում են անհանգստացնել նյարդայնությունը, մեջքի ցավերն ու սահմանափակումները, որոնց պետք է հետևի և ըստ որոնց պետք է ապրի։ Դրանց թվում է մի շարք դեղերի ամենօրյա ընդունումը։ Բացի այդ, յուրաքանչյուր 2-3 ամիսը Խաչատրյանը սրտի ուլտրաձայնային հետազոտություն է անցնում, էլեկտրասրտագրություն, սրտի կորոնար անոթների համակարգչային տոմոգրաֆիա՝ կոնտրաստով, ինչպես նաև սրտաբանի խորհրդատվություն է ստանում և արյուն հանձնում կենսաքիմիական հետազոտության համար։
© Sputnik / Aram Nersesyan«Արաբկիր» ԲԿ-ի բժիշկը ստուգում է Եղիշե Խաչատրյանի սրտի աշխատանքը
«Արաբկիր» ԲԿ-ի բժիշկը ստուգում է Եղիշե Խաչատրյանի սրտի աշխատանքը
© Sputnik / Aram Nersesyan
Այս ամենը ստանում է պետպատվերի շրջանակում, բայց քանի որ երկրում սրտի փոխպատվաստման վիրահատություններ չեն անցկացնում, վիրահատությունից հետո առաջին մի քանի ամսվա ընթացում հրաժարվում էին նրան դեղեր տրամադրել, ի տարբերություն նրանց, ովքեր, օրինակ, երիկամի կամ լյարդի փոխպատվաստում են ստացել՝ բացատրելով, որ օրենքում դոնորական սրտով բուժառուների մասին կետ չկա։
Տարբեր ատյաններին ուղղված մի շարք նամակներից և բողոքներից հետո հարցը լուծվել է։
Հիմա նրան սեպտոպլաստիկա (քթի միջնապատ ուղղում) է ցուցված, սակայն բժիշկները վախենում են վիրահատել, քանի որ փոխպատվաստված սրտով բուժառուների վիրահատման փորձ չկա։
«Վիրահատության օրը՝ փետրվարի 23-ը, իմ երկրորդ ծննդյան օրն է», - ասում է Խաչատրյանը։
Ո՞րն է փոխպատվաստված սրտով բուժառուի առանձնահատկությունը
«Արաբկիր» ԲԿ-ի սրտաբան Էվելինա Տեր-Ստեփանյանցը, որը վերջին երեք տարում հետևում է Խաչատրյանի առողջական վիճակին, Sputnik Արմենիային ասաց, որ իր պացիենտը շատ լավ, առողջ սիրտ ունի, որը նաև 20 տարով փոքր է իր ներկայիս տիրոջից։
Այնուամենայնիվ, Տեր-Ստեփանյանցի խոսքով, Խաչատրյանը շարունակում է ռիսկի խմբում մնալ։
Փոխպատվաստման ժամանակ տեղի է ունենում սրտի մկանային կառուցվածքների դեներվացիա (նյարդային վերջույթները կտրում են), ինչը հանգեցնում է նման հիվանդների մոտ ցավային համախտանիշի բացակայության նախաինֆարկտային վիճակում կամ ստենոկարդիայի ժամանակ։
Բացի այդ, սրտի «մերժման» կանխարգելման համար այդ մարդիկ պարբերաբար իմունոդեպրեսանտներ են ստանում: Դրանք բարձրացնում են խոլեստերինը, ինչը հանգեցնում է նոր սրտի անոթների աթերոսկլերոզի ռիսկի բարձրացման:
«Բուժառուն լիպոդեմիկ թերապիա է անցնում՝ ստանում է խոլեստերին իջեցնող դեղեր։ Եվ չնայած փոխպատվաստումից ութ տարի անց սրտի մերժման ռիսկը նվազում է, բայց աթերոսկլերոզի և սրտամկանի ինֆարկտի հավանականությունը մեծանում է: Դրա համար էլ Խաչատրյանը վերահսկողության տակ է մնում»,- ասաց Տեր-Ստեփանյանցը։
Սրտաբանը նշեց, որ Խաչատրյանը մեծ հաշվով չի տարբերվում սովորական բուժառուներին, սակայն որոշ նրբություններ կան։ Եթե նրա ուլտրաձայնային սրտագրությունը նայի մասնագետը, որը չգիտի վիրահատության մասին, կարող է մտածել, որ Խաչատրյանի մոտ պաթոլոգիա է՝ նախասրտերի լայնացում (ծավալի մեծացում)։
© Sputnik / Aram NersesyanԷվելինա Տեր-Ստեփանյանց
Էվելինա Տեր-Ստեփանյանց
© Sputnik / Aram Nersesyan
Տեր-Ստեփանյանցը պարզաբանեց, որ փոխպատվաստումից հետո կրծքավանդակի մեջ սրտի դիրքը տարբերվում է սովորական բուժառուներից, նրա նախասրտերը սովորականից մեծ են, քանի որ կարվում են երկու մասից։ Բժիշկը համոզված է, որ Հայաստանում նույնպես պետք է նման վիրահատություններ իրականացվեն, չէ՞ որ փոխպատվաստման շնորհիվ կարելի է բազմաթիվ կյանքեր փրկել։
Նա վստահ է, որ Հայաստանում սրտի փոխպատվաստման հետ կապված որևէ դժվարություն չի առաջանա, քանի որ երկրում բարձր որակավորում ունեցող սրտային վիրաբույժներ շատ կան:
Սրտի փոխպատվաստումը Հայաստանում
Սրտի փոխպատվաստումը բավական բարդ և ծախսատար գործընթաց է։ Հայաստանում հնարավոր կլինի նման վիրահատությունների մասին խոսել միայն դոնորների (այդ թվում՝ մահացածների) և ռեցիպիենտների (ստացողների) օրգանների և հյուսվածքների ռեեստրի ներդրումից և համապատասխան իրավական նորմերի ընդունումից հետո։ Ընդ որում՝անհրաժեշտ է լրացումներ կատարել «Փոխպատվաստման օրգանների ցանկը հաստատելու մասին» կառավարության N3 որոշման մեջ (ներկայում դրանում սիրտը ներառված չէ)։
Հաջորդ քայլը կլինի մահացած դոնորից սիրտը վերցնելու, դրա մշակման և հետագա փոխպատվաստման կարգի ստեղծումն ու հաստատումը։ Պետք է աշխատանքային խումբ ստեղծվի, որը կզբաղվի այդ հարցով։ Հարկ կլինի նաև վերապատրաստել այն վիրաբույժներին, որոնք իրականացնելու են սրտի փոխպատվաստման վիրահատությունները։