Նոր ցուցադրություն ու ժամանակակից շունչ. Վարպետի հուշատուն-թանգարանը կներկայանա նորովի
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում

Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Բաժանորդագրվել
Ավետիք Իսահակյանի հուշատուն այցելողներն արդեն կտեսնեն Շուշանիկ Մատակյանի գրած՝ մինչ օրս անհայտ նամակը Վարպետին։ Ձեռագիրը թոռան՝ Ավիկ Իսահակյանի նվերն է հարազատ քաղաքին:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի, Sputnik - Արմենուհի Մխոյան. Շուշանիկի՝ մինչ օրս անհայտ համարվող նամակը Վարպետին արդեն ոչ միայն հայտնի է, այլև Գյումրու թանգարանի յուրաքանչյուր այցելու կարող է այն տեսնել, կարդալ, նաև լսել։ Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանն է բացառիկ նամակը նվիրել Գյումրուն։
Այս մասին այսօր նշեց Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ հուշատուն-թանգարանի նոր ցուցադրության և էքսպոզիցիայի փոփոխության ու թարմացման պաշտոնական հանձնմանը նվիրված ասուլիսի ժամանակ:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում

Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Բոլոր դասագրքերում գրված է, որ Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին պահպանվում է, սակայն Շուշանիկ Մատակյանի նամակը չկա։ Այսօրվանից գրականության և իսահակյանագիտության մեջ փոխվում է շատ կարևոր մի շեշտադրում․ Շուշանիկ Մատակյանի նամակը կա և այն Գյումրիում է, Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում»,-նշեց Լիլիթ Թովմասյանը։
Ի դեպ, նամակը ոչ միայն ձեռագիր տարբերակով է, այլ նաև ձայնային՝ Շուշանիկ Մատակյանի նամակն ընթերցել են հանրաճանաչ Բաբկեն Չոբանյանն ու Նարինե Գրիգորյանը՝ անվարձահատույց։
Video Player is loading.
Շուշանիկ Մատակյանի նամակն Իսահակյանին ընթերցել են Բաբկեն Չոբանյանն ու Նարինե Գրիգորյանը
0:38
© Sputnik
Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի նոր ցուցադրությունը միայն նամակով չի սահմանափակվում։ Մյուս ցուցանմուշներից են Վարպետի նամակները Զապել Եսայանին, Արշակ Չոբանյանին, Անդրանիկ Կարապետյանին, Հովհաննես Շիրազին և պատասխան նամակները։
Նոր էքսպոզիցիոն պլանն իրականացվել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրով՝ 2 մլն 300 հազար դրամի շրջանակներում։ Շինաշխատանքների համար պահանջվող 700 հազար դրամը տրամադրվել է համայնքային բյուջեից։
Թանգարանում ցուցանմուշների վերջին փոփոխությունը տեղի էր ունեցել ուղիղ 20 տարի առաջ: Այսօր արդեն փոխվել է Իսահակյանի գրական ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող 4 սրահների ամբողջ ցուցադրությունը, անցկացվել է կետային լուսավորություն, ավելացվել են մեծադիր պաստառներ, կատարվել է հսկայական տպագրական աշխատանք։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում

Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Առաջին սրահում այցելուին դիմավորում է կենսագրության տպագիր պատը, ինչը թանգարանային մշակույթի մեջ նոր ձևաչափ է, նոր խոսք։ Թանգարանը հագեցվել է աուդիո-վիդեո նյութերով՝ Իսահակյանի ու նրա գրական ժառանգության մասին հնարավոր առավելագույն տեղեկատվությամբ։
Թանգարանում կան նաև Հանրային հեռուստաընկերության արխիվից վերցված բացառիկ տեսանյութեր, կադրեր ու ձայնագրություններ, որոնցում երևում ու խոսում է Իսահակյանը։ Դրանք տեսնել-լսելու, ինչպես նաև ինքնուրույն թանգարանային նմուշների ու Իսահակյանի մասին տեղեկություն ստանալուն աջակցել է էլեկտրոտեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկն ու թանգարանին նվիրել է անհրաժեշտ պլանշետները։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում

Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Իսահակյանի տուն-թանգարանում իրենց հարմարավետ կզգան նաև Գյումրի այցելող հազարավոր զբոսաշրջիկների մեծ մասը. այսուհետ օտարերկրյա այցելուները կարող են Իսահակյանի բանաստեղծությունները լսել մայրենի լեզվով (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն)։
Նկարիչ, ծրագրի համադրող-դիզայներ Կարեն Բարսեղյանն ասում է՝ երբ թանգարանը նոր սերնդին չի ներկայանում նորագույն լուծումներով, վանում է: «Այստեղ հնարավորություն չունեինք լսելու կամ կարդալու, քանի որ գիրքը ցուցափեղկի տակ է, դրան դիպչելն էլ՝ արգելված: Այժմ դրանք թվայնացվել են ու հասանելի դարձել բոլորին»:
Թանգարանում, սակայն, դեռ շատ անելիքներ կան. շուտով կգործարկվի կայքը, առցանց ցուցադրություններ կլինեն, կենսագրությունների նոր պատն էլ կհամալրվի QR կոդերով։