Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները թեժ գիծ կբացեն երկու երկրների բիզնեսի համար
18:46 21.10.2022 (Թարմացված է: 18:48 21.10.2022)
© Sputnik / Asatur Yesayants«Ինտելեկտուալ հարթակ» Հայաստանի և Ռուսաստանի Էկոնոմիկայի նախարարներ Վահան Քերոբյանի և Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ
«Ինտելեկտուալ հարթակ» Հայաստանի և Ռուսաստանի Էկոնոմիկայի նախարարներ Վահան Քերոբյանի և Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Առաջիկայում կսկսի լիարժեք գործել Ռազմավարական զարգացման կենտրոնը։ Դրա նպատակը համագործակցության նոր հեռանկարներ գտնելն է, ինչպես նաև առևտրում խոչընդոտների բացահայտումը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը թեժ գիծ կբացեն երկու երկրների բիզնեսի համար։ Այս մասին այսօր Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը «Ինտելեկտուալ հարթակ» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնը։
Գերատեսչությունների մասնագետները օպերատիվ կպատասխանեն հարցերին և կտրամադրեն անհրաժեշտ ողջ տեղեկությունը։ ՌԴ նախարարը հավելեց, որ սա կարևոր է նաև նրանով, որ Ռուսաստանը շարունակում է խոշորագույն շուկա մնալ հայաստանյան արտահանողների համար, իսկ բուն Հայաստանում վերջին ամիսներին ռուսաստանցիները մեծ թվով ընկերություններ են բացել։
Բացի այդ, առաջիկայում լիարժեք կսկսի գործել նշված ռազմավարական զարգացման կենտրոնը։ Այստեղ երկու երկրների տնտեսագետները ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանն առընթեր արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի աջակցմամբ ուսումնասիրելու են` որտեղ և ինչպես հայկական բիզնեսը կարող է բավարարել ռուսաստանյան շուկայի պահանջարկը, ինչպես նաև զարգացնել արտահանման մատակարարումները։ Բացահայտվելու են նաև երկու երկրների առևտրին խոչընդոտող արգելքները։
«Եվրասիական տարածքում սա մեր առաջին նման փորձն է լինելու», – նշեց Ռեշետնիկովը։
Նա հիշեցրեց, որ ռուսաստանյան շուկայից արևմտյան մի շարք ընկերությունների հեռացումից հետո նոր դաշտ է բացվել, և հայկական բիզնեսն այն ցանկանում և պատրաստ է համալրել։ Դրա համար նախևառաջ անհրաժեշտ է լուծել լոգիստիկայի հետ կապված խնդիրները։
Մանրակրկիտ քննարկվել է ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» սահմանային անցակետի աշխատանքը, այդ անցակետով է անցնում Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների հիմնական մասը։ Քննարկվել է նաև օդային բեռնափոխադրումների զարգացման հարցը, որի շրջանակում կողմերը պայմանավորվել են մի շարք հարցեր դիտարկել։
Անդրադարձել է եղել նաև Ռուսաստանի ֆինանսական շուկային հայկական ձեռնարկությունների հասանելիության հարցին, ինչը թույլ կտա լրացուցիչ միջոցներ ստանալ առևտրի համար։ Այս առիթով առարկայական քննարկում է եղել` կապված արտադրական համագործակցության հնարավորությունների հետ, այդ թվում` հաշվի առնելով այդ համագործակցությանը մասնակցող արդյունաբերողների սուբսիդիաները։
Այսօր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել է վարկերի տոկոսների սուբսիդավորման նախագիծը։ Նիստը ևս Երևանում է կայացել։ Մոտ ապագայում նախագիծը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ` պետությունների առաջնորդների քննարկմանը։
2021 թվականի ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 40%–ով, իսկ 2022 թվականի 8 ամիսների ընթացքում ևս 60%–ով` կազմելով 2 մլրդ 642 մլն դոլար։