Միրզոյանը ՄԱԳԱՏԷ–ի տնօրենի հետ խոսել է ՀԱԷԿ–ի վերաբերյալ հնչած սպառնալիքների մասին
15:42 04.10.2022 (Թարմացված է: 15:45 04.10.2022)

© Photo : official site of MFA of RA
Բաժանորդագրվել
Որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր՝ Հայաստանը կարևորում է միջուկային էներգիայի խաղաղ, անվտանգ և ապահով օգտագործմանն ուղղված համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի գլխավորած պատվիրակությունը
© Photo : official site of MFA of RA
Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ–ի (ՄԱԳԱՏԷ) հետ հաստատված արդյունավետ համագործակցության զարգացումը՝ ուղղված միջուկային էներգիայի խաղաղ, անվտանգ և ապահով օգտագործմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայկական ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ հնչած սպառնալիքներին, ինչպես նաև էլեկտրակայանի շահագործման հետ կապված անհարկի շահարկումների անթույլատրելիությանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին
© Photo : official site of MFA of RA
Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ Հայաստանն ԱԷՄԳ վստահելի գործընկերն է, առանձնահատուկ շեշտել է Հայաստանի թափանցիկ գործելաոճը և ԱԷՄԳ առաքելությունների առաջարկությունների հետևողական հասցեագրումը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին
© Photo : official site of MFA of RA
«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԱԷՄԳ ծավալուն օրակարգն իր մեջ ներառում է ինչպես միջուկային անվտանգության և էներգետիկայի, այնպես էլ շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների և այլ բնագավառներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին
© Photo : official site of MFA of RA
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱԷՄԳ ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք՝ 2020 թվականի արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարային սպառնալիք էր հնչեցրել Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին։ Նշենք, որ Թուրքիայում նույնպես պարբերաբար խոսում են Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» մասին։