Համեստ Աֆրիկյանի հաղթարշավը. Հայաստանը չեմպիոն ունի պատանիների Եվրոպայի առաջնությունում
18:32 20.08.2022 (Թարմացված է: 20:41 20.08.2022)
© Photo : Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of ArmeniaՀամեստ Աֆրիկյան
Համեստ Աֆրիկյան
Բաժանորդագրվել
Հայ մարզուհու դիպուկ հարվածների շնորհիվ հաղթանակը շնորհվեց Հայաստանին։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանը չեմպիոն ունի պատանիների Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Թուրքիայում։ Մեր առաջին ոսկե մեդալակիրը 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանն է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Նա շատ բարդ մենամարտ անցկացրեց Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթեց Աֆրիկյանը, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվեցին անգլիացի մարզուհուն։ 3-րդ վճռորոշ ռաունդը բավական հախուռն ստացվեց, մրցակիցը բարձրահասակ էր և անընդհատ ակտիվություն էր դրսևորում, բայց մրցավարները գտան, որ հայ մարզուհու հարվածները ավելի դիպուկ էին և հաղթանակը շնորհեցին Հայաստանին»,- ասված է հաղորդագրությունում։
Եվրոպայի նորընծա չեմպիոնին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
© Photo : Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of ArmeniaՀովհաննես Հովսեփյանն ու Համեստ Աֆրիկյանը
Հովհաննես Հովսեփյանն ու Համեստ Աֆրիկյանը
Նշենք, որ նա եզրափակիչի ուղեգիրը նվաճել էր օգոստոսի 18-ին` հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-21-ը Թուրքիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ: